Փոխարժեքներ
02 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
Ստեղծված իրավիճակը չունի այլ հանգուցալուծում, քան Կարապետյանների իրավունքների վերականգնումը, և ՀՀ կառավարության գործողությունների ապօրինի ճանաչվելը, ինչքան էլ այս իշխանությունները փորձեն շարունակել իրենց ապօրինի քայլերը: Այս մասին իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
«Երբ հայցվորը դիմում է դատարան/արբիտրաժ, և դրան զուգահեռ միջնորդում է կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելելով պատասխանողին (տվյալ դեպքում՝ ՀՀ իշխանություններին) կատարել որոշակի գործողություններ, և դատարանը բավարարում է այդ միջնորդությունը, ապա դա, ՄԻԱՆՇԱՆԱԿ,
ԴՐԱԿԱՆ նորություն է հայցվորի համար, և
ԲԱՑԱՍԱԿԱՆ նորություն պատասխանողի համար:
Հետևաբար, կիրառված հայցի ապահովման միջոցից ակնհայտ է, որ Կառավարությունն արդեն իսկ պետք է հետքայլ աներ և վերադարձներ ՀԷՑ-ի կառավարումը սեփականատերերին և կառավաման այլ մարմիններին:
Մնում է ամենադժվար հարցը, որը ներկայիս աշխարհակարգում և իրավակարգում միջազգային ներդրումային իրավունքի և ընդհանուր միջազգային իրավունքի աքիլեսյան գարշապարն է՝ միջազգային դատարանների և տրիբունալների որոշումների կատարումը
Միջազգային իրավակարգում, ի տարբերություն ներպետական իրավակարգի, չկա ՀԱՐԿԱԴԻՐ կատարման ծառայություն, այսինքն՝ չկա մարմին, որը կապահովի ակտի կատարումը, եթե պատասխանողը հրաժարվում է այն կատարելուց։
Դրանից էլ այսօր օգտվում են ՀՀ իշխանությունները, ԲԱՅՑ, որն է դրա «գինը»
Միջազգային ներդրումային իրավունքում կան նման նախադեպեր, սակայն բոլոր այդ դեպքերի ուսումնասիրությունը հուշում է, որ պետությունները վաղ թե ուշ ստիպված են լինում կատարել արբիտրաժի որոշումները, եթե Հայցվոր կողմը հետամուտ է իր խախտված իրավունքները վերականգնելուն:
Անգամ, եթե դիտարկենք այն վիճահարույց իրավիճակը, երբ Հայաստանի կառավարությունը ՉԿԱՏԱՐԻ Ստոկհոլմյան միջազգային արբիտրաժի որոշումը մինչև այն պահը, երբ նշված որոշումը կճանաչվի ՀՀ դատարանի կողմից (այսինքն՝ կանցնի ներպետական ճանաչման և կատարման գործընթաց), ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և «Առևտրային արբիտրաժի» մասին ՀՀ օրենքի վերլուծությունից ԱԿՆՀԱՅՏ է, որ նման որոշման ճանաչումը կարող է մերժվել շատ սահմանափակ դեպքերում (այդպիսին է աշխարհում ձեւավորված պրակտիկան):
Արդեն հնչեցվել են ազդակներ, որ քաղաքական իշխանությունները փորձելու են օգտագործել «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված «հանրային կարգին հակասելու» դրույթը՝ «պնդելով», որ վերոնշյալ Արբիտրաժի որոշումը հակասում է ՀՀ ինքնիշխանությանը
ՍԱԿԱՅՆ միջազգային ներդրումային իրավունքում «հանրային կարգին հակասելու» դրույթը միշտ մեկնաբանվել և մեկնաբանվելու է ՆԵՂ իմաստով, քանի որ, հակառակ պարագայում, ցանկացած պետություն կարող է հրաժարվել կատարելու արբիրտրաժային ոչ ցանկալի որոշումները՝ հղում անելով «հանրային կարգին հակասելու» լայն, տարածական եւ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ մեկնաբանությանը:
«Ինքինիշխանության սահմանափակումը» ԵՐԲԵՔ ՉԻ կարող վկայակոչվել որպես «հանրային կարգին հակասում», քանի որ Հայաստանի Հանրապետությունը, ստորագրելով համապատասխան համաձայնագիրը Կիպրոսի հետ և պատվիրակելով դրանից ծագող վեճերը միջազգային արբիտրաժին, արդեն իսկ ստանձնել է այդ հարցով իր սուվերենությունը սահմանափակող պարտականություններ։
Արդեն իսկ վավերացնելով «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» կոնվենցիան՝ Հայաստանը ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ է տվել կատարելու միջազգային արբիտրաժի որոշումները կիպրոսական ներդրողների հետ ծագած վեճերում:
Ուստի, ինչպես եւ ողջամտորեն կանխատեսելի էր՝ ստեղծված իրավիճակը չունի այլ հանգուցալուծում, քան Կարապետյանների իրավունքների վերականգնումը, և ՀՀ կառավարության գործողությունների ապօրինի ճանաչվելը, ինչքան էլ այս իշխանությունները փորձեն շարունակել իրենց ապօրինի քայլերը»: