կարևոր
2080 դիտում, 16 ժամ առաջ - 2025-08-01 11:27
Աշխարհ

Իրանը վերահաստատում է իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթն ու ակնկալում է փոխշահավետ բանակցություններ

Իրանը վերահաստատում է իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթն ու ակնկալում է փոխշահավետ բանակցություններ

Թեհրանը երբեք չի լքել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների սեղանը և երբեք չի վախեցել բանակցություններից, բայց պետք է նաև համոզված լինի, որ դրանք ժամանակի կորուստ չեն։ Իրանական կողմը կարծում է, որ այդ բանակցությունները պետք է լինեն նպատակային, արդյունքի միտված և հիմնված լինեն «հաղթանակ-հաղթանակ» սկզբունքի վրա, երբ բանակցությունների բոլոր կողմերը կշահեն ու բավարարված կլինեն արդյունքներից։

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային՝ անդրադառնալով Միացյալ Նահանգների հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները  վերսկսելու հավանականությանը, եվրաեռյակի երկրների հետ շարունակվող բանակցություններին։

Հարցազրույցի ընթացքում Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է նաև Իրանի դեմ Իսրայելի վերջին ագրեսիային՝ շեշտելով, որ այդ հարձակումն ագրեսիայի ակտ էր միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Կանոնադրության բոլոր սահմանումներով։

Հարցազրույցն անցկացվել է Թեհրանում, հուլիսի 29-ին։

Բարի երեկո, պարոն Բաղայի։ Շնորհակալ ենք, որ ընդունեցիք հարցազրույցի մեր հրավերը։ Խնդրում եմ ներկայացրեք տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակը Իրանի դեմ Իսրայելի ագրեսիայից հետո։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկել Իրանի կառավարությունը՝ հաղթահարելու այդ հարձակման հետևանքները։

Շնորհակալություն։ Սա ագրեսիայի ակտ էր միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Կանոնադրության բոլոր սահմանումներով։ Սա ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի կոպիտ խախտում էր, որն արգելում է ուժի կիրառումը։

Այսպիսով, այդ զինված հարձակումը Իրանի դեմ բոլոր առումներով անօրինական և հանցավոր էր։ Կարևորն այն է, որ բացի միջազգային իրավունքի տեսանկյունից անօրինական լինելուց, Իսրայելի ռեժիմն այս ագրեսիան իրականացրեց դիվանագիտական գործընթացի ընթացքում։ Մենք բանակցություններ էինք վարում Միացյալ Նահանգների հետ։ Պետք է հանդիպեինք հունիսի 15-ին, սակայն դրանից երկու օր առաջ սկսվեց այդ հարձակումը։ Այդ պատճառով մենք այն անվանում ենք դավաճանություն դիվանագիտությանը, և ոչ ոք չի կարող պատկերացնել, որ այդ ագրեսիան իրականացվել է առանց Միացյալ Նահանգների համակարգման և նրա հետ համագործակցության։ Այժմ մենք փորձում ենք օգտագործել այս անօրինական արարքի հետևանքով ստեղծված պահը՝ մեր ժողովրդին ավելի միասնական դարձնելու համար։

Սա աղետ էր։ Ոչ ոք չի սիրում պատերազմ կամ բախումներ։

Բայց, միևնույն ժամանակ, այս ագրեսիան պատճառ դարձավ, որ Իրանի ժողովուրդը միավորվի և հասկանա, որ Իսրայելը իրենց իրական թշնամին է։ Դա մեզ դարձնում է ավելի ուժեղ, պատրաստ և միավորված՝ պայքարելու ցանկացած ապագա հարձակման դեմ։

Պարոն Բաղայի, կա՞ մի իրավիճակ, որում Թեհրանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։

Մենք բանակցում էինք։ Ինչպես ասացի, մենք դիվանագիտական գործընթացի մեջ էինք։ Նրանք արեցին այն, ինչով արդեն զրոյական վստահությունը վերածեցին բացասական վստահության։ Այս պահին բառացիորեն վստահություն գոյություն չունի, որովհետև նրանք չարաշահեցին այդ դիվանագիտական գործընթացը։

Բայց ինչպես միշտ ասել ենք՝ Իրանը երբեք չի լքել բանակցությունների սեղանը, որովհետև մենք լիարժեք վստահություն ունենք մեր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի նկատմամբ։ Մենք վստահ ենք, որ մեր միջուկային ծրագիրը օրինական է, իրավաչափ է և գտնվում է ԱԷՄԳ-ի ուժեղ վերահսկողության ներքո։ Խնդրում եմ նկատի ունեցեք, որ այս պահին մենք բանակցում Եվրոպական եռյակի հետ (խմբ. Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա)։ 

Անցյալ ուրբաթ Ստամբուլում մենք անցկացրեցինք ևս մեկ բանակցային փուլ եվրաեռյակի հետ։ Այսպիսով, մենք չենք վախենում բանակցություններից, սակայն միևնույն ժամանակ, պետք է վստահ լինենք, որ այդ բանակցությունները ուղղակի ժամանակի կորուստ չեն։ Դրանք պետք է լինեն նպատակային, արդյունքի միտված և հիմնվեն «հաղթանակ-հաղթանակ» սկզբունքի վրա (խմբ. իրավիճակ, երբ կոնֆլիկտի կամ բանակցությունների մասնակից երկու կողմերն էլ օգուտներ են ստանում և բավարարված են լինում)։

Ինչպե՞ս եք գնահատում Ստամբուլում եվրաեռյակի երկրների հետ բանակցությունները։

Ես այնտեղ չէի, բայց իմ գործընկերները ինձ տեղեկացրել են։ Նրանք ասացին, որ դրանք անկեղծ էին և ուղիղ, որովհետև մենք օգտագործեցինք այդ պահը՝ եվրոպացիներին հիշեցնելու համար, որ նրանք շատ վատ վարք դրսևորեցին Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ագրեսիայի ժամանակ, քանի որ ՄԱԿ-ի անդամ յուրաքանչյուր պետության պարտականությունն է ուժեղ դիրք զբաղեցնել մեկ այլ անդամ պետության դեմ անօրինական հարձակման պարագայում։ Սա կոլեկտիվ անվտանգության հիմքն է, որը ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ։ Նրանք չկատարեցին դա։ Մեր նվազագույն ակնկալիքն այն էր, որ երբ նրանք ականատես եղան Իսրայելի ռեժիմի կողմից մեր խաղաղ միջուկային ծրագրի դեմ իրականացված անօրինական հարձակումներին, պետք է արձագանքեին։

Սա նրանց ընդհանուր պարտավորությունն էր ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, ինչպես նաև իրենց կոնկրետ պարտավորությունը՝ որպես JCPOA-ի (խմբ. Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիր, որը ստորագրվել է 2015 թվականին Իրանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի,. Գերմանիայի, Ռուսաստանի, Չինաստանի։ Համաձայնագրին միացել են նաև ԵՄ-ն ու ՄԱԿ-ը) մասնակիցներ։ Նրանք պետք է արձագանքեին։ Նրանք պետք է դատապարտեին այդ հարձակումները։ Նրանք մաս են կազմում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի, որն ընդունվել է կոնսենսուսով 2015 թվականին՝ եվրաեռյակի  մասնակցությամբ։ Նրանք պարտավոր էին արձագանքել Իսրայելի և ԱՄՆ-ի այդ անօրինական գործողություններին։ Բայց նրանք չարեցին դա։ Ավելի վատ՝ որոշ եվրոպական երկրներ՝ ներառյալ Գերմանիան, փորձեցին արդարացնել այս ագրեսիան։ Դա ամբողջովին անընդունելի է։ Իմ գործընկերները օգտվեցին այդ հնարավորությունից՝ նրանց հիշեցնելու, որ չհետևեցին ՄԱԿ-ի Կանոնադրությամբ իրենց ունեցած իրավական պարտականություններին՝ դատապարտելու ագրեսիայի ակտը։

Ինչ վերաբերում է միջուկային խնդրին, կողմերը փոխանակել են գաղափարներ՝ ինչպես վերսկսել բանակցությունները, ինչպես վերսկսել երկխոսությունը երկու կոնկրետ ասպեկտների շուրջ՝ նախ՝ պատժամիջոցների վերացում, և երկրորդ՝ թափանցիկության միջոցառումներ Իրանի կողմից՝ ապահովելու համար, որ մեր միջուկային ծրագիրը շարունակի կրել խաղաղ բնույթ։ Ըստ էության, նրանք քննարկել են տարբեր գաղափարներ և համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում։

Ե՞րբ է կայանալու այդ հանդիպումը։

Չգիտեմ։ Նրանք կապի մեջ են։ Դեռևս որևէ կոնկրետ ամսաթիվ չի որոշվել, բայց վստահ եմ՝ այն շատ չի ուշանա։

Տեսնո՞ւմ եք վտանգ, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել։

Տեսեք, մենք պետք է պատրաստ լինենք։ Մենք հասկանում ենք, որ Իսրայելի ռեժիմի հիմքը եղել է ահաբեկչությունը և պատերազմը։ Եթե ուսումնասիրեք Իսրայելի ռեժիմի պատմությունը վերջին ութ տասնամյակների ընթացքում, կտեսնեք, որ նրանք երբեք չեն վարանել պատերազմ և ագրեսիա սկսել տարածաշրջանի պետությունների դեմ։

Ուստի, մենք մեր փորձից սովորել ենք, որ մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։