Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ կրթության հարցերով հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը խոսում էր կրթության ոլորտի ձեռքբերումների մասին, որ դպրոցներում անցկացվել է «Ազգային հպարտություն» թեմայով դաս, որի նպատակն է բարձրացնել երեխաների հայրենասիրությունը, այն գիտակցությունը, որ հայ ենք, որ պետք է ամուր մնանք մեր հողին, քանի որ գլոբալիզացիոն գործընթացներում շատ կարևոր է պահպանել ազգային ինքնությունը:
Yerkir.am-ը հետաքրքրվեց, թե ո՞րն է, երեխաների պատկերացմամբ, ազգային հպարտությունը, որովհետև եթե խոսքը վերաբերում է խորհրդանիշերին, ապա այսօր չունենք երբեմնի խորհրդանիշերը` Երիտասարդական պալատը, կրկեսը, քանդում են Աֆրիկյանների շենքը, Մարզահամերգային համալիրը քաշքշուկների մեջ է, և ո՞վ է, ըստ երեխաների, ներկա ժամանակների ազգային հերոսը:
«Եկեք մեր ազգային արժեքները չխառնենք ժամանակի մարտահրավերների հետ: Այսօր երեխան պետք է հպարտանա, որ հայ է, պետք է հպարտանա, որ ունենք Եռագույն»,- ասաց Ռուզաննա Մուրադյանը` պատմելով, որ երբ մեկնել է ԱՄՆ, տեսել է, որ այդ բազմամշակույթ երկրում բոլորն իրենց միջոցառումները սկսում էին` երդվելով իրենց ազգային դրոշին:
Մեր այն հարցին` ինչո՞ւ ազգային հպարտություն ու արժեք հայոց լեզուն չի պահպանվում իշխանության ներկայացուցիչների կողմից, ովքեր պարբերաբար խախտում են լեզվի մասին օրենքը, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Դե, եկեք` պահպանենք, և այդ կոչը ուղղում եմ բոլորին, եթե լեզու է խախտվում, ապա լեզու խախտողն է մեղավոր: Լեզուն կարող է խախտել այն մայրիկը, ով երեխայի ձեռքը բռնած քայլում է ու ոչ հայեցի է խոսում»:
Երբ հարցրեցին` արդյո՞ք օրենքի խախտում չէր, որ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը Հայաստանում ԱԺ որոշ միջոցառումներ անցկացնում էր ռուսերեն լեզվով, Ռուզաննա Մուրադյանը պատասխանեց. «Ես չեմ գտնում, որ իմ գործընկերը օրենք է խախտել, որովհետև եթե կան իրավիճակներ, երբ մենք տիրապետում ենք տարբեր լեզուների, բոլորս, իրավիճակից ելնելով, կարող ենք խոսել օտար լեզվով: Հիմա դա լա՞վ է, թե՞ վատ է»:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ժամանակակից անձանցից ով է համարվում ազգային հպարտություն ու հերոս` երեխաների պատկերացմամբ, պատգամավորը չկարողացավ հստակ անուններ տալ` ասելով, որ հերոսները երկնքից չեն ընկնում, որ հերոսներին ժողովուրդն է կերտում իր միջից:
«Էսօր հայ մարդն ինքնին հերոս է, եկեք` լավը տեսնենք ու դա սերմանենք մեր երեխաներին, իսկ էսօր այնքան ենք աղավաղել արժեքները, որ լավը վատից չենք կարողանում տարբերել: Էսօր հերոսություն չի՞, որ այնպիսի ծրագրեր ենք ընդունել, որն ապահովում է խոսքի ազատությունը, այլ ոչ թե Ադրբեջանի պես, որտեղ խոսքի ազատություն չկա: Հերոս չենք՞, որ գնում ենք ժամանակի մարտահրավերներին ընդառաջ և կարողանում ենք պայքարել երկու թշնամական պետությունների մեջտեղում ու թեկուզ փոքր քայլերով պետությունը պահպանել ու տանել առաջ»: