կարևոր
1081 դիտում, 5 ժամ առաջ - 2025-08-02 10:42
Իրավական

Հայ գերիներից մեկի փաստաբանը կփոխվի

Հայ գերիներից մեկի փաստաբանը կփոխվի

«Հրապարակ օրաթերթը» գրում է․

«Երեկ Բաքվում կայացել է հայ գերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարության» հերթական նիստը:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դատավորը հայտարարել է, որ Լևոն Բալայանի փաստաբանը պաշտոն է ստացել պետական հիմնարկներից մեկում, ուստի Բալայանը նոր պաշտպան կունենա։

«Եթե մնար, ավելի լավ կլիներ», – ասել է Բալայանը՝ միաժամանակ հավելելով, որ նոր փաստաբանի նշանակման հետ կապված առարկություններ չունի:

Նիստի ընթացքում հարցաքննվել են մի շարք «տուժողներ»։

«Դատավարության» հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 4-ին:

Ադրբեջանում հունվարի 17-ից շինծու դատական գործընթաց է ընթանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների դեմ: Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նրա տեղակալ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը և ԱԺ նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը:

Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։ Չնայած մյուս մեղադրյալների գործերի հետ նյութերը միավորելու նրա միջնորդությանը, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:»։