կարևոր
1021 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-02 17:18
Աշխարհ

ԵՄ գազ արտահանելու Բաքվի ծրագրերում միայն Ուկրաինայի տարածքով տարանցումը չէ

ԵՄ գազ արտահանելու Բաքվի ծրագրերում միայն Ուկրաինայի տարածքով տարանցումը չէ
Հուլիսի վերջին SOCAR Energy Ukraine-ի (ադրբեջանկան SOCAR պետական նավթագազային ընկերության «դուստր») հետ «Նավթոգազի» համաձայնագիրը նախատեսում է գազի առաջնային մատակարարում Ուկրաինա՝ Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով Հարավային գազային միջանցքով, յանուհետեւ Տրանսբալկանյան միջանցքով (Բուլղարիա եւ Ռումինիա): Հետագայում եվրոպական գազային ցանցի օգտագործմամբ մատակարարումները պլանավորվում է ընդլայնել նաեւ Արեւելյան Եվրոպայի այլ երկրներում (Սլովակիա եւ Հունգարիա, որոնց Բրյուսելին անհրաժեշտ է այլընտրանք առաջարկել ռուսական հումքին), այդ թվում՝ Ուկրաինայի տարածքով։ Զուգահեռաբար նախատեսվում է ավելացնել դեպի ԵՄ եւ հեղուկացված բնական գազի արտահանումը։

«Նավթոգազը SOCAR Energy Ukraine – ի հետ առաին համաձայնագիրն է կնքել գազի գնման վերաբերյալ», - հայտնել ուկրաինական ընկերության վարչության նախագահ Սերգեյ Կորեցկին: Համաձայնագիրը նախատեսում է «առայժմ փոքր ծավալի» փորձնական մատակարարում։ Գործարքի այլ մանրամասներ պաշտոնապես չեն նշվում, սակայն Կորեցկին այն անվանել է «ռազմավարական կարեւոր քայլ, որը ճանապարհ է բացում Կիեւի եւ Բաքվի միջեւ երկարաժամկետ համագործակցության համար եւ դիվերսիֆիկացնում է Եվրոպա մատակարարումների աղբյուրները»: Ավելի վաղ «Նաֆտոգազ»-ը «Ուկրգասբանկ»-ից եւ «ՊրիվատԲանկ»-ից 4,7 միլիարդ վարկեր էր վերցրել Կասպից ծովի արեւմտյան հատվածի հանքավայրերից գազ գնելու համար։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ դրանք արտոնյալ պայմաններով վարկեր են, որոնք փորձարկվում են Ադրբեջանից հետագա մատակարարումների համար։ Հատկանշական է՝ 2025 թ-ի սկզբին «Նավթոգազը» Նորվեգիայի իշխանությունների եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ պայմանավորվել էր 430 մլն եվրո համատեղ արտոնյալ վարկի մասին՝ 1 մլրդ խմ գազ գնելու համար։ Բացի այդ, նույն ընկերությւոնը երկարաժամկետ համագործակցության հուշագիր է կնքել լեհական նավթագազային Orlen կոնցեռնի հետ, որը նախատեսում է ամերիկյան հեղուկացված բնական գազի մատակարարում Ուկրաինային (Լեհաստանի միջոցով): Այս փաստաթղթերի մանրամասները դեռ պաշտոնապես չեն հաղորդվում:

Այս տարվա հուլիսի սկզբի դրությամբ Ուկրաինայի ստորգետնյա պահեստարաններում բնական գազի պաշարները գերազանցել են 8 միլիարդ խորանարդ մետրը, սակայն այդ պահեստարաններում լցվածությունը կազմել է 25.9%, հղորդում է տեղական «Նյու Վոյս» հրատարակությունը։ Սա 19.6%-ով պակաս է, քան 2024 թ-ին. ներկայիս պաշարները մնում են ամենացածրը առնվազն վերջին 11 տարիների ընթացքում։ Չնայած 2025 թ-ի առաջին հինգ ամիսներին Ուկրաինան ներմուծել է 1.12 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը մոտ 10 անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում (118 միլիոն խորանարդ մետր), հաղորդում է ուկրաինական «Ֆորբս»-ը՝ հղում անելով ExPro խորհրդատվական ընկերությանը։ Դրանք մատակարարումներ էին Հունգարիայից (մոտ 60%), Սլովակիայից (23%) եւ Լեհաստանից (17%)։ Այս ծավալների առնվազն կեսը ոչ այլ ինչ է, քան ռուսական գազի հակադարձ ներմուծում, որը նախկինում մղվել է այդ երկրներ եւ մասամբ տեղափոխվել նրանց պահեստարաններ։

Տարեսկզբին Կիեւի իշխանություններն արդեն պատմել էին ադրբեջանական գազը Եվրոպա տարանցելու հնարավորության մասին՝ օգտագործելով ուկրաինական գազատրանսիտային ցանցը, որն ավելի վաղ արեւմուտք էր մղել ռուսական գազը։ Մատակարարումների ծավալները չեն հստակեցվել, սակայն, ըստ նախնական տեղեկությունների, նկատի է առնվել տարեկան առնվազն 5,5 - 6,3 մլրդ խմ։ Զելենսկին առաջարկել է օգտագործել Ուկրաինայում առկա պահեստարանները՝ ադրբեջանական գազը Եվրոպա մատկարարելու նոր երթուղի կազմակերպելու համար, սակայն Բաքուն հազիվ թե արտահանման համար այդքան շատ լրացուցիչ ծավալներ ունենա, իսկ Ռուսաստանն իր գործունեության մեկնարկից հետո անուշադրության չի մատնում Արեւմտյան Ուկրաինայում ստորգետնյա գազի պահեստարանների ենթակառուցվածքը։ Դեռեւս 2022 թ-ի հուլիսի 18-ին, ալիեւը եւ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բաքվում ստորագրեցին «էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության մասին հուշագիր», որը նախատեսում է ԵՄ 12 երկրներ Տրանսանատոլիական եւ Տրանսբալկանյան խողովակաշարերով («Հարավային գազային միջանցք») մատակարարումներ։ Ադրբեջանական գազի հիմնական եվրոպական գնորդների թվում են Իտալիան, Հունաստանը, Բուլղարիան, Հունգարիան, Ռումինիան, Սերբիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սլովակիան, Սլովենիան եւ Խորվաթիան:

2023 թ-ին Կասպյան երկիրը արտահանել է 23.8 միլիարդ խորանարդ մետր, իսկ 2024 թ-ին՝ արդեն 25.2 միլիարդ խորանարդ մետր։ Եվրոպա արտահանումը 2023 թ-ի 11.8 միլիարդ խորանարդ մետրից աճել է մինչեւ 12.9 միլիարդ խորանարդ մետր 2024 թ-ին։ Թուրքիան 2024 թ-ին ստացել է 9.9 միլիարդ խորանարդ մետր (Վրաստանը՝ 2.4 միլիարդ խորանարդ մետր)։ ԵՄ-ի հետ վերոնշյալ հուշագրի համաձայն՝ մինչեւ 2027 թ-ին Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարումները պետք է աճեն մինչեւ տարեկան 20 միլիարդ խորանարդ մետր՝ նախկին Ուկրաինական ԽՍՀ տարածքում մնացած գազատրանսպորտային ցանցի մասնակի օգտագործմամբ։ Որոշ դիտորդներ ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրման գործոններից մեկը համարում էին Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի Կրեմենչուգի եւ Դրոգոբիչի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները, որոնց միջոցով Բաքուն տարեկան Ուկրաինային մատակարարում էր 1,3 միլիոն տոննա Azeri Light նավթ՝ պետական SOCAR ընկերության վերահսկողության ներքո, որը, քաղաքագետ Իլգար Վելիզադեի խոսքովԱդրբեջանի այսպես կոչված «մեղմ ուժի» կարեւոր տարր է, որը ձեւավորում է Եվրոպայի, մասամբ նաեւ Մերձավոր Արեւելքի, Ասիայի եւ Աֆրիկայի էներգետիկ քարտեզը։

Արդեն հայտնի է՝ Բաքուն խոստանում է մինչեւ 2026 թ-ի հունվարի 1-ը Թուրքիայի միջոցով Եվրոպա մատակարարումները տարեկան մոտ 10 միլիարդից հասցնել 11.2 միլիարդ խորանարդ մետրի: Այս ծավալից Իտալիան կստանա մոտավորապես 1-1.5 միլիարդ, իսկ Ալբանիան՝ եւս 200 միլիոն խորանարդ մետրԱդրբեջանից հեղուկացված բնական գազը ԵՄ է մատակարարվում նաեւ Կուլեւիի (Վրաստան) SOCAR տերմինալով, որը գործում է 2009 թ-ից, ապա՝ Ռումինիայի եւ Բուլղարիայի տերմինալային նավահանգիստներով: Համաձայն լավատեղյակ ինտերնետային պորտալի (այս տարվա մարտի 19-ին)՝ Ռուսաստանի բաժինը ԵՄ հեղուկացված բնական գազի ընդհնուր ներմուծման մեջ կազմել է 23.6%, «ինչը երկիրը տեղափոխել է երկրորդ տեղ այս ցուցանիշով։ ԵՄ հեղուկացված բնական գազի մատակարարումների առաջին տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ն՝ 27.8% բաժնեմասով, որը վաճառել է հեղուկացված բնական գազ 2.25 միլիարդ եվրոյով։ Երրորդ տեղում է Ալժիրը՝ 16.5% բաժնեմսով եւ Եվրոպա մատակարարումների ծավալներով 1.33 միլիարդ եվրոյով։ Չորրորդ տեղում է Նորվեգիան՝ 12.6% բաժնեմասով եւ 1.02 միլիարդ եվրոյով։ Ադրբեջանը (նկատի ունի հեղուկացված նավթային գազի մատակարարումները) եզրափակել է լավագույն հնգյակը՝ 4.5% բաժնեմասով եւ 365 միլիոն եվրո արտահանման ծավալներով։ Այս ապրանքի արտահանման ծավալները Ադրբեջանից ավելացնելու ծրագրերը դեռեւս պաշտոնապես չեն հայտարարվել, չնայած մասնագիտացված արտասահմանյան լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվել, որ մինչեւ 2030 այդ մատակարարումները նախատեսվում է ավելացնել մոտ մեկ քառորդով։

Մի շարք հրապարակային ելույթներում ալիեւը բողոքել է, որ «բնապահպանական օրակարգով» զբաղված բրյուսելյան պաշտոնյաները չեն ցանկանում ներդրումներ կատարել գազատրանսպորտային ցանցերի լրացուցիչ հզորություններում։ Ռուսական տելեգրամյան ալիքները գրում են՝ Բաքվի հետ կապերի ակտիվացմամբ «Ուկրաինան փորձում է ոչ միայն լուծել սեփական էներգետիկ խնդիրները, այլեւ ինտեգրվել Եվրոպայի նոր գազային քարտեզի մեջ՝ զբաղեցնելով տրանզիտերի տեղը», ինչը «Բրյուսելի էներգետիկ քաղաքականության ուղղակի հետեւանքն է, որն Ադրբեջանին հռչակել է «առանցքային գործընկեր» ռուսական վառելիքից հրաժարվելու փորձերի մեջ: Դիվերսիֆիկացիայի հետապնդմամբ ԵՄ-ն պատրաստ է աչք փակել շատ բաների, այդ թվում՝ սեփական «արժեքների» վրա։ Օրինակ՝ մարդու իրավունքներին, որոնց խախտման համար եվրոպացի պաշտոնյաները հաճախ կշտամում են Բաքվին։ Սակայն Եվրամիությունը գրեթե չունի ճնշման լծակներ. առանձին երկրներ, ինչպիսիք են Իտալիան, Հունաստանը եւ Բուլղարիան, արդեն կախված են ադրբեջանական գազից, ինչն անհնար է դարձնում Բրյուսելի միասնական կոշտ դիրքորոշումը»։ Նույնիսկ Բաքվին հաճոյախոսող թուրք փորձագետների գնահատմամբ՝ «Ալիեւը բարդ խաղ է խաղում», մինչդեռ վերջին տարիների անվիճելի ձեռքբերումներն, այնուամենայնիվ, «բավականին փխրուն են», քանի որ «դրանք չեն ուղեկցվել Ադրբեջանում տնտեսության դիվերսիֆիկացման լուրջ ջանքերով, եւ էնրգակիրների գների նույնիսկ փոքր անկումը, որն արդեն սկսվել է այս տարի, կարող է հանգեցնել Բաքվում ֆինանսական անկայունության՝ աճող սոցիալական խզումների եւ տնտսական ու քաղաքական իրավիճակից բնակչության դժգոհության պատճառով»։ Բացի այդ, Անդրկովկասը պարուրած աշխարհաքաղաքական անորոշությունը, այսպես կոչված, «Ադրբեջանի վերելքն» այդքան էլ ոչ խնդրահարույց չի դարձնում։

 

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի