Փոխարժեքներ
02 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
Հուլիսի 23-ին Ստամբուլում անցկացվող IDEF 2025 սպառզինությունների 17-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարներները ստորագրել են համապարփակ հուշագիր` մերձավորարեւելյան երկրին 4,5 սերնդի առաջատար բազմաֆունկցիոնալ մեքենաներ համարվող 40 Eurofighter Typhoon կործանիչներ վաճառելու մասին: Վերլուծաբանների կարծիքով` այս հարթակը կբարձրացնի Թուրքիայի օպերատիվ ճկունությունը եւ կուժեղացնի նրա տարածաշրջանային զսպումը, ինչն արդեն անհանգստություն է առաջացրել Իսրայելում: Լոնդոնի հետ համաձայնագիրը դիտարկվում է որպես զինված ուժերի արդիականացման ուղղությամբ Անկարայի ջանքերի կարեւոր բաղադրիչ, որը ենթադրում է նաեւ անօդաչւո տեխնիկայի, ռազմածովային, հակաօդային համակարգերի զարգացում, բալիստիկ հրթիռների արտադրություն եւ այլն:
Թուրքական ռազմական գերատեսչության հայտարարության համաձայն` կողմերը միասնական են գործարքը «հնարավորինս շուտ կնքելու ձգտման» հարցում: Հայտնի է՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Գերմանիայի Անվտանգության Դաշնային խորհրդի`նշված ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ Անկարայի 2023 թ-ի մարտ ամսվա հարցմանը հավանություն տալու որոշման խորապատկերին:
Փաստաթղթի համաձայն` Թուրքիան «ճանաչվել է այդ ինքնաթիռների ապագա օգտատեր»: Բացի այդ, հուշագիրը նախատեսում է օդաչուների ուսուցում, տեխնիկական սպասարկում եւ զենքի մատակարարում (օրինակ` Meteor հրթիռներ), նըդ որում` «Թուրքիան կարող է ինքնուրույն տեխնոլոգիաներ ստանալ օդանավերի սպասարկման համար»:
Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է 12 մլրդ դոլար: Դրա վերջնականացման համար պահանջվում է պաշտոնական հաստատում նաեւ Eurofighter արտադրության կոնսորցիումի մեջ մտնող Իտալիայից եւ Իսպանիայից, ինչպես նաեւ պայմանագրի մանրամասների լրամշակում՝ ներառյալ գնի համաձայնեցումը։ Eurofighter Jagdflugzeug GmbH-ի գլխավոր տնօրեն Խորխե Թամարիտ – Դեգենհարդտը լավատեսորեն է տրամադրված. «...Փոխըմբռնման հուշագրի ստորգրման մասին հայտարարությունը լավ նորություն է ներգրավված բոլոր կողմերի համար, եւ մենք անհամբեր սպասում ենք առաջիկա ամիսներին Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունների միջեւ հետագա բանակցություններին աջակցելու հնարավորությանը: Ակնհայտ է՝ մենք կրիտիկական պահ ենք ապրում Եվրոպայում եւ նրա սահմաններից դուրս անվտանգության համար, եւ, անկասկած, Typhoon կործանիչը մեր օդային տարածքի անվտանգության ապահովման հիմնական միջոցն է»:
Եզրափակիչ համաձայնագրի ստորագրումը ակնկալվում է 2026ի սկզբին, իսկ մարտական տեխնիկայի մատակարարումները պետք է մեկնարկեն 2028 ից: Պայմանագրի ստորագրման դեպքում ինքնաթիռները կհավաքվեն BAE Systems ընկերության կողմից Անգլիայի հյուսիս-արեւմուտքում, ինչը ներքին պատվերների բացակայության դեպքում կարող է վատ ժամանակներ ապրող բրիտանական պաշտպանական արդյունաբերության համար լավ օգնություն լինել:հայտնի է՝ Worton-ի (Լանկաշիր) BAE Systems գործարանում վերջնական հավաքման գծի աշխատանքները պետք է դադարեցվեին մարտական ինքնաթիռների նոր պատվերների բացակայության պատճառով, ինչը մտհոգություններ առաջացրեց կղզու ավիատիեզերական արդյունաբերության հիմնական հմտություների կորստի վերաբերյալ: Eurofighter-ը բրիտանական BAE Systems-ի, ֆրանսիական Airbus-ի եւ իտալական Leonardo-ի համատեղ նախագիծն է: Ինքնաթիռները կառուցվելու են Մեծ Բրիտանիայում` օգտագործելով Գերմանիայից մատակարարվող մասերը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Բեռլինում արգելվել էր վաճառքը`նկատի ունենալով տարածաշրջանային հայտնի լարվածությունը Միջերկրական ծովում, Կիպրոսի շուրջ, Էգեյան ծովում եւ այլն հունա-թուրքական վեճերի պատճառով: Ըստ Bloomberg գործակալության աղբյուրի՝ Գերմանիայի իշխանոթյունների դիրքորոշման փոփոխության մասին տեղեկացվել էին նաեւ Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի եւ Հունաստանի իշխանությունները։Նրա տվյալներով` թուրքերը բոլոր շահագրգիռ կողմերին երաշխավորել են, որ իբր մտադիր չեն կործանիչներ օգտագործել ՆԱՏՕ-ի դաշինքի շրջանակներից դուրս: Ըստ այդմ, Աթենքը անհանգստանալու պատճառ չունի, փորձում են հարեւաններին հավաստիացնել թուրքական իշխանությունները:
Մինչդեռ Թուրքիան նախկինի պես չի հրաժարվում F-16 եւ F-35 կործանիչներ գնելու Վաշինգտոնի հավանությունը ստանալու փորձերից: Փաստորեն, Թրամփի կողմից Թուրքիային 2021ին հինգերորդ սերնդի F-35 կործանիչի արտդրության միջպետական ծրագրից հանելը Էրդողանի կառավարությանը դրդել է այլընտրանք փնտրել Եվրամիության երկրներից` հենց այդ Eurofighter-ի տեսքով:Վերջերս Սիրիայի հարցով Թրամփի հատուկ բանագնաց եւ Թուրքիայում դեսպան Թոմ Բարաքը ենթադրել է՝ F -35-ների հարցով լուծում կարող է գտնվել արդեն մինչեւ տարեվերջ:
Այդ կապակցությամբ Թուրքիային եվրոպական կործանիչների մատակարարման վերաբերյալ պայմանավորվածությունները պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում` հաշվի առնելով այն դերը, որին վերջին շրջանում հավակնում էր մերձավորարեւելյան երկիրը, ինչպես նաեւ այն հակսությունները, որոնք օբյեկտիվորեն ձեւավորվել են Անկարայի մոտ ինչպես տարածաշրջանի անմիջական հարեւանների, այնպես էլ արտաքին խաղացողների հետ:Բացի այդ, կործանիչների մատակարարման խնդիրը վաղուց դուրս է եկել բացառապես միջազգային կամ Թուրքիայի արտաքին քաղաքականության շրջանակներից`վերածվելով ներքաղաքական գործոնի եւ լծակի: Պատահական չէ, որ մի քանի օր առաջ Թուրքիայի առաջատար ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել էր՝ Eurofighter-ի գործարքի համար «նորմալ պայմաններում Էրդողանը պետք է (ընդդիմությանը) շնորհակալություն հայտներ»: Կուսակցությունում հստակեցրել են՝ հենց Օզելի վերջին այցերի շնորհիվ է, որ հաջողվել է փոխել եվրոպական մի շարք երկրների, այդ թվում` Գերմանիայի դիրքորոշումն ու մոտեցումները: Հիշեցնենք՝ վերջին տարիներին Բեռլինում մտահոգություն էին հայտնում Արեւելյան Միջերկրականում Թուրքիայի պրոակտիվ եւ անկանխատեսելի քաղաքականության կապակցությամբ, այդ թվում` Եվրոպական այնպիսի խոշոր խաղացողի եւ Գերմանիայի գործընկերոջ նկատմամբ, ինչպիսին Ֆրանսիան է:
Քննարկվող իրադարձության միջազգային-քաղաքական իմաստն ու նշանակությունն այն է, որ Eurofighter Typhoon-ի գործարքի մոտեցմամբ Լոնդոնը հերթական անգամ հաստատում է Անկարայի հետ սերտ կապերը: Այս համգործակցության, դրա տեմպերի եւ դինամիկայի պահպանման շրջանակներում բարձր տխնոլոգիական սարքավորումների մատակարարման խնդիրը կարելի է դիտարկել որպես խորհրդանշական կարեւոր սյուժե, որում հաստատ տեղ չկա «բարեգործության» համար: Ընդհակառակը, կարելի է հետեւել կողմերի փոխադարձ երաշխիքներին մի շարք ուղղություններով։
Այսպես, Անկարայի եւ Լոնդոնի միջեւ չհայտարարված պայմանավորվածությունների առարկա կարող են լինել Կիպրոսի հարավում Ակրոտիրի եւ Դիկելիա բազաների անձեռնմխելիության մասին Անկարայի երաշխիքները`արեւելյան Միջերկրական ծովում թուրքական նախաձեռնություններին աջակցելու դիմաց, հատկապես նրանց, որոնք ուղղված են հարավային երթուղուն այլընտրանքային միջանցքների եւ խողովակաշարերի հայտնվելուն թույլ չտալուն, որոնք կոչված են Ասիան կապել Եվրոպայի հետ:
Լոնդոնին հետաքրքրող մեկ այլ թեմա է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» եւ Թուրքիայի դերը դրա իրականացման գործում: Ադրբեջանի հիմնական տարածքի, Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության եւ Թուրքիայի միջեւ Հայաստանի տարածքով 43 կմ հատվածը ենթադրյալ «միջին միջանցքի» մի մասն է, որն ապահովում է Կենտրոնական Ասիայի պետությունների տրանսպորտային կապը Թուրքիայի հետ Կովկասով եւ Կասպից ծովով:
Հայտնի է՝ Սյունիքով արտատարածքային պայմաններով անարգել տրանսպորտային հաղորդակցության վերսկսումն Անկարայի կողմից ակտիվորեն աջակցվող Բաքվի`Երեւանի հետ խաղաղության պայմանագրի առանցքային պահանջն է: Համաշխարհային բանկի կանխատեսումներից մեկի համաձայն`մինչեւ 2027 թ-ին այս միջանցքով առեւտրի տարեկան ծավալը կարող է կազմել 50-100 մլն դոլար: Նման տպավորիչ (եւ, նկատենք, ոչ այնքան ակնհայտ, հաշվի առնելով Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս վաղուց կառուցված երկաթուղով փոխադրումների օբյեկտները) աճի նախատեսվում է հասնել լոգիստիկայի բարելավումների հաշվին. Bloomberg-ի տվյալներով` այդ երթուղին կարող է 12-15 օրով կրճատել Եվրոպայի եւ Ասիայի միջեւ տարանցման ժամանակը:
Կասպյան քաղաքականության կենտրոնը ենթակառուցվածքի ծախսերը գնահատում է 3-5 մլն դոլար՝ 5-10 տարվա ընթացքում, մինչդեռ Oxford Economics-ի մոդելները կանխատեսում են տարեկան 20-30 միլիոն դոլար լոգիստիկայի խնայողություն: Տնտեսական բարեփոխումների եւ հաղորդակցության վերլուծության կենտրոնը կանխատեսում է՝ ադրբեջանի համար այդ միջանցքը կավելացնի արտահանման ընդհանուր ծավալը ավելի քան 700 մլն դոլարով՝ նպաստելով երկրի ՀՆԱ-ի ոչ նավթային բաղադրիչի տարեկան 2 տոկոս աճին:
Քանի որ Մեծ Բրիտանիայի իրավասու գերատեսչություններում սովոր են առաջ շարժվել եւ առաջնորդվել «առաջնորդիր այն, ինչը չես կարող հաղթահարել» տրամաբնությամբ, Թուրքիայի վրա խաղադրույքը կարող է դիտվել որպես ապագայի համար ինչ-որ «ոսկե ներդրում», եւ այս համատեքստում Eurofighter-ի պատվերը կոչված է լրացուցիչ ամրապնդել բրիտանա-թուրքական առանց այդ էլ խիստ վստահելի կապերը:
Յուրի Կուզնեցով
Աղբյուրը՝ fondsk.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի