կարևոր
1264 դիտում, 4 ժամ առաջ - 2025-08-02 12:46
Քաղաքական

Այսօրվա լռողները պետք է քաջ գիտակցեն․ վաղը Նիկոլը նրանց ետեւից էլ է գալու․ Գեղամ Մանուկյան

Այսօրվա լռողները պետք է քաջ գիտակցեն․ վաղը Նիկոլը նրանց ետեւից էլ է գալու․ Գեղամ Մանուկյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․

«ՍՊԻՆ ԳԵՂԵՑԿԱՑՆՈՒՄ Է ՏՂԱՄԱՐԴՈՒՆ…

«Առավոտի» շուրջ ստեղծված իրավիճակի առիթով

Վերջին օրերին ցավով անդրադառնում էի, որ, զրկված լինելով իմ անձնական տիրույթում հրապակային դիրքորոշում հայտնելուց, չէի կարողանում խոսել այն խայտառակ վիճակի մասին, որը տեղի էր ունենում «Առավոտ» օրաթերթի եւ ընդհանրապես մամուլի շենքի շուրջ։

Սա նախկին բանսարկու խմբագրի իշխանության տարատեսակ թիրախավորումների շարքում նաեւ մամուլի դեմ արդեն տեւական ժամանակ մղված պայքարի նոր բռնկում է։ Իսկ այդ արշավը նոր չէ։

Առաջին իսկ օրերից մամուլին փորձեցին զրկել իր գործառույթից։

Պաշտոնական, պետական գերատեսչությունները հանրային կապերի գործիքները դարձան Նիկոլի սելֆիի ձողիկը:

Փաստական սխալներով ֆեսյբուքյան ստատուսները, լայվերն ու պարբերաբար ջնջվող տեքստերը դարձան պաշտոնական լրատվություն:

Հետո արդեն առավել համակարգված թիրախավորումներ սկսվեցին իշխանությանը ոչ հաճո լրագրողների, լրատվամիջոցների նկատմամբ, երբ գործի դրվեց նաեւ պետական բյուջեի հաշվին ստի, ապատեղեկատվության մի հսկայական ֆեյքերի ֆաբրիկան։

Ապա ԱԺ, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից լրատվամիջոցների դեմ աննախադեպ քանակի դատական հայցերը, հավատարմագրումներից զրկելը, իրավապահների կողմից պարբերաբար բռնի ուժի կիրառումն ու լրագրողների աշխատանքի խաթարումը։

Հիմա արդեն իշխանական ախորժակը մեծացել է։ Հարձակման թիրախը Հայաստանի մամուլի հնաբնակներից մեկն է՝ միշտ հավասարակշիռ, հսկայական լրագրողական պրոֆեսիոնալ թիմ ունեցող «Առավոտ»-ը:

Այսօրվա լռողները պետք է քաջ գիտակցեն։ Վաղը Նիկոլը նրանց ետեւից էլ է գալու։ Թող չկասկածեն։ Մեկ աննշան թթու խոսքը դրա առիթ կդառնա։

Իսկ երբեմնի բանսարկու խմբագիրը սիմվոլիզմ շատ է սիրում.

«Առավոտ» օրաթերթի խմբագակազմին մշտական բնակության վայրից՝ Մամուլի շենքից վտարում են ծննդյան օրը։

Սիրելի առավոտցիներ։ Շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը, մնաք պրոֆեսիոնալ եւ ամուր։ Սա էլ կանցնի։ Ինձնից լավ գիտեք՝ չկայացածները ժամանակավոր են։ Գործն է մնայուն։

Ու վերջում, 1994 թվականին դաշնակցական մամուլի միջոցների փակումի եւ թալանի օրերին փակվեց նաեւ ՀՀ Գրողների միության պաշտոնական ամսագիր «Նորքը»։ Խմբագիրը մեր դաշնակցական վաստակաշատ ընկեր հանգուցյալ Ռուբեն Հովսեփյանն էր։ Երբ տեւական դադարից հետո լույս տեսավ ամսագրի նոր համարը, Ռուբեն Հովսեփյանը իր խմբագրականը վերնագրել էր՝ «ՍՊԻՆ ԳԵՂԵՑԿԱՑՆՈՒՄ Է ՏՂԱՄԱՐԴՈՒՆ…»։

Հ.Գ. երկուշաբթի պետքույքի կոմիտե ուղարկելու եմ բազմաթիվ կետեր պարունակող պատգամավորական հարցում...»։