կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-02 17:41
Հասարակություն

Հայոց լեզուն պահպանելու խնդիր չունենք, խնդիրը մեր լեզուն կյանքին մոտեցնելն է

Հայոց լեզուն պահպանելու խնդիր չունենք, խնդիրը մեր լեզուն կյանքին մոտեցնելն է

Տեղեկացրել էինք, որ այսօր ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպեց ավագ դպրոցի աշակերտների և բուհերի մի խումբ ուսանողների հետ: Հանդիպումը պաշտոնական չէր. նախարարն աշակերտների և ուսանողների հետ քննարկեց նրանց հուզող հարցերը:

Աշակերտներից մեկը` Վանատուր Շերենցը, հարցրեց նախարարին, թե ճի՞շտ են լուրերը, որ միջնակարգ ուսումնական հաստատություններից պատրաստվում են հանել մի շարք օտար լեզուներ, բացառությամբ ռուսերենի և անգլերենի:

Ի պատասխան, նախարարը նշեց, որ, ընդհակառակը, իրենք ուզում են վերականգնել օտար լեզուների խորացված ուսուցումը: Մկրտչյանը նշեց, որ ինքն ավարտել է Չարենցի դպրոցը` խորացված անգլերենով, և քաջ գիտակցում է օտար լեզվի դերը դպրոցում:

«Ճիշտ կլինի, որ մենք ունենանք խորացված լեզվական դպրոցներ յուրաքանչյուր մարզում: Մենք ինչո՞ւ ենք լեզուներին այսքան կարևորություն տալիս, քանի որ եթե ուզում ենք ապագայում մեր կրթական համակարգը տեսնել բնագիտության վրա հիմնված համակարգ, որը կարողանա դիմագրավել մարտահրավերներին, պետք է կարողանանք երեխաներին ապահովել որևէ օտար լեզվով մասնագիտական գրականություն կարդալու հնարավորություն: Մենք այդքան ռեսուրսներ չունենք, որպեսզի ամբողջ մասնագիտական գրականությունը թարգմանվի, փոքր ժողովուրդները մասնագիտական գրականություն կարողանում են թարգմանել առավելագույնը 10 տոկոս»,- ասաց նախարարը:

Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի աշակերտ Սուսաննա Եղիկյանն էլ նշեց, որ, իր կարծիքով, հայոց լեզուն անտեսված է: Նա նշեց, որ ինքն, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների գծով է ուզում կրթությունը շարունակել և ընդունելության համար միայն «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաներից պետք է քննություն հանձնի: Սուսաննան նշեց` հայոց լեզվի իմացության մակարդակը ցածր է, հատկապես` սոցիալական ցանցերում, և ուսանողները հայոց լեզվին ուշադրություն չեն դարձնում, եթե քննություն չպետք է հանձնեն այդ առարկայից:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ երբ անկախացանք, երկու կարևոր օրենքի դրույթ սահմանվեց` լեզվի մասին, որ ՀՀ պետական լեզուն միայն հայերենն է, և մեր կրոնի մասին, ըստ որի էլ` յուրաքանչյուրն ազատ է իր դավանանքի մեջ, սակայն քարոզչության իրավունք միայն Հայ առաքելական եկեղեցուն է տրվում:

«Քանի անկախ պետությունը կա, և այդ երկու սահմանադրական նորմերը գործում են, մենք անհանգստանալու կարիք չունենք: Մենք այլ կարևոր խնդիր ունենք` չենք կարողանում լեզուն հետաքրքիր դարձնել մեր բնակչության համար, և երբ լեզուն չի քայլում ժողովրդի հետ, սկսում է կենցաղային լեզու դառնալ: Դրա համար էլ մենք հիմա վերականգնում ենք Հայոց լեզվի բարձրագույն խորհուրդը և պետք է խնդրենք մեր մասնագետներին` չստեղծել բառեր, որոնք մենք չենք կիրառում: Նոր ու չգործածվող բառեր են ստեղծում, միջազգային ինչ-որ տերմիններ են թարգմանում, ստիպում աշակերտին սովորել հին քերականությունը` այսպիսով ստիպելով նրան` չսիրել սեփական լեզուն»,- ասաց նախարարը:

Նա ևս մեկ անգամ ընդգծեց` հայոց լեզուն պահպանելու խնդիր չունենք, խնդիրը մեր լեզուն կյանքին մոտեցնելն է: