Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էվրիմ Քեփենեք
Համշեներեն (հայոց լեզվի Համշենի բարբառը-Ակունքի խմբ․) սովորող Թուղչե Մերիչ Օզքանն նշում է․ «Մենք հարցին պետք է մոտենանք այն գիտակցմամբ, որ այս լեզուն մեր ինքնությունն է, և չմտածենք, թե «Ի՞նչ օգուտ ինձ այս լեզվից»:
Թուրքիայում տասնյակ մայրենի լեզուներ անհետացման վտանգի տակ են։ Այս լեզուներից են համշեներենը, զազայերենը, պոմակերեն։ Այլ օրինակ է ուբխերենը։ Այս լեզվով խոսել կարողացած վերջին հոգու՝ Թևֆիք Էսենչի մահով այն ևս թաղվեց հողի տակ։ Մարդկանց պես՝ լեզուները էլ գաղթում են այս երկրից։ Մայրենի լեզուների անհետացման պատճառները բազմաթիվ են։ Առաջինը, որ գալիս է մտքիս, այն է, որ հաղորդակցվող չի մնում, սերնդեսերունդ չի փոխանցվում, «մոդայիկ չի դառնում», գերիշխող լեզվի կողմից ուծացվում-կլանվում է։ Հանդիպում են նաև մարդիկ, ովքեր դիտորդի դերում չեն մնում գերիշխող լեզվի դեմ իրենց մայրենիի հյուծվելուն և աշխատում են «փոթորկի դեմ» դուրս գալ։ Ճիշտ՝ Թուղչե Մերիչ Օզքանի պես։
Նա Մակեդոնիայից Թուրքիա գաղթած մի ընտանիքի դուստրն է։ Հայրը ուսուցիչ է։ Չկարողանալով իր մայրենի լեզվով խոսել, նա չի ցանկացել դիտորդի կարգավիճակում լինել այլ լեզուների անհետացմանը, և սովորել ու սովորում է համշեներեն: Ընդ որում, համշեներենում նրա օգնականներից մեկը ամուսինն է, մյուսը՝ 5-ամյա դուստր Լուսինը։ Թուղչեի ամուսինը՝ Մահիր Օզքանը, ուսումնասիրություններ է անում համշեներեն լեզվի շուրջ և պայքարում է այս լեզուն հաջորդ սերունդներին փոխանցելու համար։ Թուղչե Մերիչ Օզքանն ասում է. «Որպես մեկը, ով մեծացել է առանց մայրենի լեզուն սովորելու, միշտ ապրել եմ՝ գիտակցելով, թե ինչ է նշանակում կորցնել լեզուն»։ Զրուցել ենք Թուղչեի հետ։
«Առաջին անգամ սկսեցի սովորել համշեներեն ազատ ժամանակ»։ Որտեղի՞ց է գալիս համշեներեն սովորելու ձեր հետաքրքրությունը:
Համշեներենի մասին առաջին անգամ իմացա համալսարանում ուսանելիս, 3-րդ կուրսում «Վովա» երգչախմբի «Gelini» («Հարսը»- Ակունքի խմբ․) երգը լսելիս: Ավելի վաղ թեև Քազիմ Քոյունջուի շնորհիվ բազմիցս լսել էի համշեներեն երգեր, բայց մինչև 2010 թ. չէի հասկանում դրանք։ Երբ համալսարանն ավարտեցի, աշխատանք չգտնելով՝ սկսեցի ազատ ժամանակս անցկացնել լեզուներ սովորելով։ Յըլդըզի տեխնիկական համալսարանում հունարենի և մակեդոներենի անվճար դասընթացների էի հաճախում։ Մի կողմից «Նոր ռադիոյով» ունկնդրում էի Մահիր Օզքանի «Համշենյան պատմություններ» հաղորդաշարը, մյուս կողմից՝ հետևում էի «Լազական ինստիտուտի» ստեղծման լուրերին։ Այսպես լեզուների մեջ լող տալով՝ մի օր մի երազ տեսա։ Երազումս Մահիրն ինձ համշեներեն էր սովորեցնում։ Այսպես սկսվեց ծանոթությունը համշեներենի և Մահիրի հետ։
Ինչո՞ւ է ձեզ համար կարևոր սովորել մի լեզու, որը ձեր մայրենի լեզուն չէ:
Չնայած հայրս և ընտանիքիս տարեցները մեծացել են բազմալեզու միջավայրում, սակայն Թուրքիա ներգաղթելուց հետո չեն կարողացել իրենց լեզուն փոխանցել նոր սերունդներին։ Որպես մեկը, ով մեծացել է առանց իր մայրենի լեզուն սովորելու, միշտ ապրել եմ՝ իմանալով, թե ինչ է նշանակում կորցնել լեզուն։ Կարծում եմ լեզուների նկատմամբ իմ զգայնությունը այստեղից է գալիս:
Թեև համշեներենը ձեր մայրենի լեզուն չէ, այն ձեր դստեր՝ Լուսինի մայրենին է․ հատկապես նրա հետ ձեր երկխոսության ժամանակ ինչպե՞ս է դա դրսևորվում։
Իմ՝ մայրենի լեզվի հետ ունեցած հարաբերություններից ելնելով՝ միշտ աջակցել եմ իր մայրենի լեզվով Լուսինի մեծանալուն։ Դրա համար անգամ գիտական աջակցություն ստացանք: Քանզի բնական միջավայր ստեղծելը շատ դժվար էր, երբ հեռու ես գյուղից ու յայլաներից։ Քանզի մի միջավայրում, որտեղ բոլորի կողմից արդեն խոսվում է մայրենի լեզուն, դա ինքնաբուխ կլիներ, բայց այս միջավայրում, երբ միայն տանը համշեներեն խոսող մի հոգի կա, դա դժվար է ապահովել: Պահպանելով լեզվի աղբյուրները՝ հնարավորություն ենք տվել երկու լեզուների հետ էլ բնական հարաբերություններ հաստատել: Լուսինի հետ հայրը միայն համշեներեն էր խոսում, իսկ ես՝ թուրքերեն։ Իհարկե, այդ ժամանակ ասածս ամեն բառի համշեներենն էի լսում։
Ըստ Ձեզ՝ դժվա՞ր լեզու է: Ի՞նչ եք զգում այն սովորելով:
Լուսինը դեռ չէր ծնվել, երբ «Հատիկում» սկսեցի մասնակցել Մահիրի սկսած համշեներեն լեզվի դասընթացին։ Քերականության հիման վրա ձևավորվեց որոշակի ենթակառուցվածք։ Լուսինի ծնվելուց հետո տանը համշեներեն խոսելու գործն ավելի հեշտացավ։ Քանի որ երեխայի հետ երկխոսությունը բաղկացած է հիմնական բառերից, դանդաղ առաջ գնալն ինձ էլ օգնեց: Որոշ ժամանակ անց ես հասկացա, որ կարող եմ հասկանալ և կառուցել հիմնական նախադասություններ: Հատկապես ինձ համար դժվար էր արտասանել որոշ հնչյուններ, որոնք թուրքերենում չկան, բայց երկարատև բացահայտումն օգնեց ինձ հաղթահարել այդ դժվարությունը։
Ձեր ամուսինը՝ Մահիրը, և աղջիկը՝ Լուսինը, նույնպես խոսում են համշեներեն, ինչպե՞ս է դա ազդում ձեր երկխոսության վրա։
Թեև որոշ համշեներեն բառեր գիտեի, բայց միշտ շարունակում էի նրա հետ թուրքերեն խոսել, որպեսզի չշփոթեմ աղբյուրը։ Երբեմն երբ խոսում են, ձևացնում եմ, թե չեմ հասկանում իմացածս բառերը: Երբ հատուկ խնդրում եմ, որ Լուսինը թարգմանի, իրար մեջ ծիծաղում են։ Շրջվում է ու պատմում հոր հետ ունեցած երկխոսությունների մասին։ Մեր մեջ եղած թուրքերեն խոսակցություններն էլ համշեներեն է թարգմանում հորը։ Երբեմն երկու լեզուներով ընդհանուր բառերի տարբեր արտասանությամբ խաղեր ենք խաղում: Թուրքերեն «börek» և համշեներեն «burax» բառերի պես: Դրանով և զվարճանում ենք և բարելավում ենք լեզվական հմտությունները:
Դուք համշեներենի և այլ մայրենի լեզուների վրա ճնշման ականատես եղե՞լ եք։ Ի՞նչ կցանկանայիք պատմել այս թեմայի շուրջ:
Ես տեղյակ եմ, թե ինչ ճնշումների են ենթարկվում շատ մարդիկ իրենց մայրենի լեզվի հետ կապված, բայց թույլ տվեք պատմել իմ պատմությունը: Թե՛ մորս, թե՛ հորս ծնողները մակեդոնիացի են։ Գաղթելու տարիներին նրանք նույնպես ապրել են հայտնի պատմություններն ու դժվարությունները։ Սակայն այն վայրերում, որտեղ նրանք հաստատվել են, ընտանիքները մտերիմ հարաբերություններ են հաստատել և չեն հրաժարվել մայրենի լեզվից։ Այդ ժամանակ ծնված երեխաներն՝ այսօրվա 50-60 տարեկանները, այդ պատճառով է, որ կարող են խոսել այդ լեզվով։ Բայց այդ ժամանակաշրջանի երեխաներին մայրենի լեզվի պատճառով «գյավուր» էին ասում, և նրանք իրենց մեկուսացված էին զգում։ Ահա այդ պատճառով այդ սերունդը սեփական երեխաների ներկայությամբ չի խոսել մայրենի լեզվով։ Սա այսօր բալկանյան ներգաղթյալների լեզվի կորստի ամենակարեւոր պատճառներից մեկն է:
Եվ վերջում փետրվարի 21-ի՝ Մայրենի լեզվի համաշխարհային օրվա կապակցությամբ ուղերձ ունե՞ք:
Մայրենի լեզուները կենդանի պահելու համար, անշուշտ, շատ կարևոր է իրավական միջոցներ և պաշտպանական միջոցներ ձեռնարկելը, ինչպես նաև՝ կրթության ու վերապատրաստման հնարավորությունների ապահովումը։ Սակայն ընտանիքի ներսում երեխաների հետ մայրենի լեզվով խոսելն առաջին տեղում է: Դրա համար կարծում եմ, որ ընտանիքները պետք է տեր կանգնեն իրենց մայրենի լեզվին։ Մենք պետք է մոտենանք այն գիտակցմամբ, որ այս լեզուն մեր ինքնությունն է, ոչ թե մտածենք, թե «Ի՞նչ օգուտ ինձ այս լեզվից»։
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net