կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-13 15:48
Առանց Կատեգորիա

Հայհոյել պետք չէ

Հայհոյել պետք չէ

Մաշտոցի պուրակում այսօր տեղի ունեցած` ակտիվիստների և ոստիկանության բախման տեսանյութերը դիտելիս առաջին բանը, որ զգում ես, տհաճությունն է, ընդ որում` դժվար է միանշանակ պնդել, թե այդ զգացողությունը հարուցում են ակտիվիստները կամ ոստիկանները` տհաճությունը երկուստեք է և հատկապես այն բանի գիտակցումից, որ ակտիվիստ երևույթը, որքան էլ կարևոր ու անփոխարինելի է քաղաքացիական հասարակության ձևավորման համար, ժամանակի ընթացքում որոշակի կերպափոխություններ է արձանագրում` բացասական առումով:

 

Ակտիվիստն այսօր հանրային ընկալման մեջ ոչ միայն ինչ-որ հանրային նպատակի համար պայքարող երիտասարդ մարդն է կամ քաղաքացին, այլև մեկը, ով ակտիվիստական գործունեությամբ սեփական «ես»-ը հաստատելու բացառիկ հնարավորություններ է ստանում և, ելնելով կրթվածության ու դաստիարակության մակարդակից, իր ուզած ձևով օգտվում դրանից:

 

Իսկ ուզած ձևը կարող է լինել ակցիայի ժամանակ ներկաների գլխավերևով տարածվող` երիտասարդ ակտիվիստուհու ճիչը` ուղղված ոստիկանության ներկայացուցիչներին` «անասուննե~ր», երիտասարդ տղայի հայհոյանքը` նույնպես ոստիկաններին ուղղված` «ձեր մերը»… Դե, իսկ «մլիցան» ու «մենթը» համարյա թե բարեկրթության ոլորտից են:

 

Այո, Մաշտոցի պուրակում ակտիվիստների պահվածքը ոչ միայն քաղաքակիրթ չէր, այլև դուրս էր գալիս սովորական բարեկրթության սահմաններից և վերածվում էր չգիտես ում համար տեսագրվող շոուի...

 

Անշուշտ, այլ խնդիր է պուրակը նորովի անվանակոչելու` իշխանությունների որոշումը: Դա սոսկ օտարահաճո, հզոր մի երկրի ղեկավարի այցը շոուով եզրափակելու մտածված ակցիա էր: Պուրակը հանրությունը վաղուց անվանակոչել է և այնպիսի սուրբ անունով, որ վերանվանակոչումն ուղղակի սրբապղծության պես մի բան է, ինչի դեմ էլ ընդվզում էին ակտիվիստները:

 

Մաշտոցի պուրակը նաև վերջիններիս` հաղթանակով պսակված պայքարի յուրօրինակ մի խորհրդանիշ է, և նրանք հավաքվել էին` իրենց խորհրդանիշը պաշտպանելու: Բայց դրա համար հայհոյել պետք չէ:

 

Լ. Սարգսյան

Լուսանկարը՝ Hetq.am-ի