կարևոր
6571 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-07 17:39
Քաղաքական

Արցախի Հանրապետության իրավաքաղաքական փաստաթղթերն անխոցելի են

Արցախի Հանրապետության իրավաքաղաքական փաստաթղթերն անխոցելի են

Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության հոդված 1-ի 2-րդ կետի, Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են:

Հայաստանի ներկայիս իշխանությունը փակում է Արցախի Հանրապետության էջը. ճանաչելով Արցախը Ադրբեջանի կազմում, այս իշխանությունը մերժեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Արցախի Հանրապետության, Արցախի հիմնահարցի գոյությունն ընդհանրապես: «Լեռնային Ղարաբաղի նախագահ», «Արցախի պաշտոնյա», «Արցախի ներկայացուցչություն» հասկացություններն այլևս գոյություն չունեն այս իշխանության համար:

Մյուս կողմից, ՀՀ իշխանությունը հետևողականորեն իրականացնում է «խաղաղության պայմանագրի» նախապայմանները.

ընդունել թուրք-ադրբեջանական շահը սպասարկող ՀՀ նոր Սահմանադրություն, տրամադրել Ադրբեջանին Սյունիքով «ճանապարհ» (միջանցք) դեպի Նախիջևան:

Նշենք, որ ՀՀ իշխանությունը «ճանապարհի» (միջանցք) վերահսկողությունը ՀՀ սահմանապահ ուժերից վերցնելով կարող է, օրինակ, հանձնել «այլ միջազգային կազմակերպությունների», որոնք չի բացառվում որ են լինեն ՀՀ ինքնիշխանությանը սպառնացող ուժեր: Սա Հայաստանի անվտանգային միջավայրի լրջագույն խնդիր է (ճանապարհի քողի ներքո կարող է իրականացվել հարակից տարածքների բռնազավթում, բնակչության արտագաղթ, գյուղերի դատարկում և այլն): Այս առումով բազմիցս իրենց դիրքորոշումն արտահայտել են Իրանը (3-րդ երկրի վերահսկողությունը Հայաստանի ճանապարհներին, ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերափոխումը լիովին անընդունելի են և կարմիր գիծ՝ Իրանի համար), ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունը (համաձայն 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի՝ տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները):

Տարածաշրջանում վտանգավոր են Թուրքիայի դերակատարության մեծացումը, թուրք-ադրբեջանական գործոնի ակտիվությունը:

ԱՐՑԱԽԻ բռնազավթումից, Արցախի ժողովրդի բռնի տեղահանումից, էթնիկ զտումից հետո արագընթաց տեղի է ունենում ՀԱՅԱՍՏԱՆԻ սահմանամերձ տարածքների զավթման գործընթաց Ադրբեջանի կողմից:

Թուրք-ադրբեջանական դաշինքն իրականացնում է Հայոց Պետականությունը մասնատելու, հայ ազգին ոչնչացնելու դավադիր ծրագիրը, որի առանցքում «Մեծ Թուրանի» իրականացման ծրագիրն է:

Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է գոյութենական պայքարի անհրաժեշտության առջև: Ներկայացնենք ռազմավարական, առանցքային փաստաթղթեր, որոնք իրավական առումով փաստում են Արցախի Հանրապետության գոյությունը:

1991-ի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման վերաբերյալ հռչակագիրը:

Համաձայն որոշման, ընդունվում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և սահմանակից Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ/ ԱՀ) հռչակման մասին հռչակագիրը (Նշենք, որ հիմք է ընդունվել 1990-ի ապրիլի 3-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը: Այդ օրենքի առանցքը ԽՍՀՄ կազմից դուրս գալու հանրաքվեի գաղափարն էր):

1991-ի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը համաձայնեց, որ «հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ»:

1992-ի հունվարի 6-ին Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հռչակագիրը.
«Ելնելով ժողովրդի ինքնորոշման անկապտելի իրավունքից, հենվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ազատ կամքի վրա, որ արտահայտվել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ին կայացած հանրապետական հանրաքվեի արդյունքներում՝

– հավատարմություն հայտնելով այն սկզբունքներին, որ բովանդակում է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը Հանրապետություն հայտարարելու մասին Հռչակագիրը
– զարգացնելով Լեռնային Ղարաբաղի 1918-1920 թվականների անկախ, ժողովրդական ինքնակառավարման փորձը և այլն »:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհուրդը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախ հռչակված պետականությունը: Համաձայն այս փաստաթղթի՝

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ պետություն է, ունի իր պետական դրոշը, զինանշանը, օրհներգը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն հայերենն է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, ինչպես նաև միջազգային իրավական այն փաստաթղթերը, որոնք կարգավորում են մարդու իրավունքների և ազատությունների պահպանումը: Իր քաղաքացիների պաշտպանության և բնակչության անվտանգության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծվում են իշխանության բարձրագույն մարմիններին ենթակա զինված ուժեր, հասարակական կարգի պահպանության և պետական անվտանգության մարմիններ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինելով միջազգային իրավունքի սուբյեկտ, իրականացնում է արտաքին անկախ քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը և այլն» :

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին Հռչակագիրը և Մարդու իրավունքների հռչակագիրը հիմք են ծառայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության և օրենսդրության ընդունման համար:

2006-ի դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետությունն ընդունում է իր Սահմանադրությունը:

«Արցախի ժողովուրդը`դրսևորելով անսասան կամք զարգացնելու և պաշտպանելու ինքնորոշման իրավունքի հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծված և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` որպես ազատ, իրավահավասար քաղաքացիների ինքնիշխան պետություն, որտեղ մարդը, նրա կյանքն ու անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեքներ են,

– հաստատելով հավատարմությունը 1992 թվականի հունվարի 6-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին Հռչակագրի սկզբունքներին,
– երախտագիտությամբ հիշելով մեր նախնիների և ներկա սերունդների հերոսական պայքարը ազատության վերականգնման համար, խոնարհվելով մեզ պարտադրված պատերազմում նահատակվածների հիշատակի առջև,
– ոգեշնչված աշխարհասփյուռ հայության դրսևորած միասնության զորությամբ,
-վերակերտելով Արցախում ազգային պետականության պատմական ավանդույթները,
-գիտակցելով պատմական Հայրենիքի ճակատագրի համար սեփական պատասխանատվությունը ներկա և ապագա սերունդների առջև,
-իրականացնելով մեր ինքնիշխան իրավունքը, մեզ համար, սերունդների և բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան ապրել Արցախում, ընդունում և հռչակում ենք սույն Սահմանադրությունը» :

2017-ի փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) հանրաքվեով հաստատում է Սահմանադրության բարեփոխումները. Արցախի ժողովուրդը,

« • դրսևորելով անսասան կամք՝ զարգացնելու և պաշտպանելու ինքնորոշման իրավունքի հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծված և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,
• հաստատելով հավատարմությունը 1992 թվականի հունվարի 6-ին ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին Հռչակագրի սկզբունքներին,
• կարևորելով 2006 թվականին ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության դերն անկախ պետականության կայացման և ամրապնդման գործում,
• զարգացնելով ազգային պետականության պատմական ավանդույթները,
• ոգեշնչված Մայր Հայաստանի և աշխարհասփյուռ հայության՝ Արցախի ժողովրդին զորավիգ լինելու վճռականությամբ,
• հավատարիմ մնալով հայրենիքում ազատ ապրելու և արարելու իր նախնիների երազանքին և վառ պահելով ազատության համար պայքարում նահատակվածների հիշատակը,
• իրականացնելով իր ինքնիշխան և անօտարելի իրավունքը, ընդունում է Արցախի Հանրապետության Սահմանադրությունը» :

Արցախի Հանրապետության Սահմանադրության /2017/ հոդված 1-ի կետ 1-ում նշվում է. Արցախի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է: Վերոնշյալ փաստաթղթերն ապացուցում են, որ Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) գոյությունը իրավական առումով անխոցելի է: Ինչպես նաև՝ առկա մի շարք ռազմավարական փաստաթղթերում ակնհայտ է, որ Արցախն ու Մայր Հայաստանը անբաժանելի են.
1989-ի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի որոշումը Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին ,
1992-ի հուլիսի 8-ին ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին ,
1990 -ի օգոստոսի 23-ի ՀՀ Անկախության հռչակագիրը ,
ՀՀ Սահմանադրություն (ընդունվել է 1995-ի հուլիսի 5-ին, Սահմանադրության փոփոխությունները՝ 2015-ին), 2007-ի ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարություն , 2007-ի ՀՀ ռազմական դոկտրին և այլն:

Արցախի հիմնահարցի կարգավորմանն անդրադարձել են միջազգային կառույցներ, ( ՄԱԿ, ԵԱՀԿ Մինսկի խումբ,… ), կնքվել են մի շարք միջազգային փաստաթղթեր:

Թեև Ադրբեջանը բազմիցս տապալել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեռքբերումները Արցախյան հարցում, սակայն հաջողություններն ակնհայտ են եղել. «Միջազգային հանրությունը և Հայաստանը սկսեցին խոսել գործնականում միևնույն լեզվով, այն է՝ խնդրի բացառապես խաղաղ կարգավորումը, հիմնված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչման և նրա անվտանգության երաշխիքների վրա, այլընտրանք չունի» :

Այս համատեքստում առաջնահերթ է Ազգային իշխանության կայացումը, վերսկսել բանակցությունները միջազգային հարթակներում Արցախյան հիմնախնդրի շուրջ, այս անգամ ներառել 2023-ին Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունը (շրջափակում, բռնազավթում, հայրենազրկում, էթնիկ զտում…): Միջազգային հանրությունը պետք է ճանաչի, ընդունի այս ոճրագործությունը որպես ցեղասպանություն, ճանաչի Թուրքիային որպես մասնակից և հովանավոր: Հետևաբար, պետք է կարևորել Արցախի Հանրապետության ներկայացուցչության ինստիտուտը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդությամբ զորավիգ լինենք Արցախի ժողովրդին, որպեսզի միջազգային հարթակներում նորից բարձրացվի և վերջնականապես լուծվի Արցախյան հիմնահարցը:

 

Արփի Աբրահամյան

Քաղաքագիտության և ազգային անվտանգության հարցերի մասնագետ

«Դրօշակ» թիվ 9, 2024թ.