կարևոր
1372 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-05 16:47
Քաղաքական

Թշնամի երկրի արձագանքը՝ ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Թշնամի երկրի արձագանքը՝ ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Ցեղասապան երկրից արձագանքել են Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, թե իբր այդ հայտարարությամբ Երևանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը և որ դրանք մանիպուլյացիաներ են։

«Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի հայտարարությունները տարբեր հարձակողական զինատեսակներով հագեցած այդ երկրի խաղաղասիրական դիրքորոշման վերաբերյալ, որի Սահմանադրությունում և այլ իրավական ակտերում տարածքային նկրտումներ կան Ադրբեջանի նկատմամբ, միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակ հետապնդող մանիպուլյացիաներ են», - նման հայտարարությամբ է հանդես եկել թշնամի երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։

Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել էր վերջին օրերին Բաքվից հնչող սպառնալիքներին ու մեղադրանքներին, մասնավորապես նշելով.

«Պաշտոնական Երևանն արդեն բազմիցս և ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի, ճանաչում է նրանց բոլորի տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունի։ Պետք է ընդգծել, որ ՀՀ Սահմանադրական դատարանի վերջին որոշումը, որով Բարձր դատարանը ստուգեց և հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը և հերքեց բոլոր այն պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում իր որևէ հարևանի նկատմամբ։ Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է նաև, որ չնայած իր որոշակի տարածքներ օկուպացված են, այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունի, որովհետև Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության վերը հիշատակված կանոնակարգը տալիս է այդ խնդիրները խաղաղ, բանակցային ճանապարհով հասցեագրելու և լուծելու բոլոր հնարավորությունները։

Ինչ վերաբերում է սպառազինություններին, ՄԱԿ-ի կանոնադրությունը յուրաքանչյուր պետության ինքնապաշտպանության իրավունք է վերապահում։ Ավելին, միջազգային իրավունքը յուրաքանչյուր պետության իր քաղաքացիներին պաշտպանելու պարտավորությամբ է օժտում։ Հայաստանը սպառազինություն և տեխնիկա ձեռք է բերում միայն ինքնապաշտպանության իրավունքը և սեփական քաղաքացիների պաշտպանության պարտավորությունն իրացնելու նպատակով։ Սրան զուգահեռ՝ Ադրբեջանի հարձակողական զինատեսակներով սպառազինման ծավալներն անգամներով ավելին են, ինչի մասին հաճախ հայտարարում է Ադրբեջանի նախագահը»։