կարևոր
928 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-07 17:15
Քաղաքական

Արցախ. մեկ տարի առանց հայերի

Արցախ. մեկ տարի առանց հայերի

Արցախի հայաթափումից անցել է մեկ տարի։ Մի տարի է, ինչ ամբողջ Արցախում չեն գործում հայկական դպրոցները, եկեղեցիներում չեն հնչում հայկական աղոթքի ձայները, անտեր ու անխնամ մնացած գերեզմաններին այցելող չկա, իսկ Արցախի նախագահականում ծածանվում է ադրբեջանական դրոշը։ Երբեմնի աշխույժ ու հայաշունչ Արցախում այժմ մեծ ծավալով ու արագությամբ ընթանում է ադրբեջանականացման և հայկական հետքի ոչնչացման, որոշ դեպքերում՝ յուրացման քաղաքականություն։ Անհավատալի է թվում, բայց օրը ցերեկով եկեղեցի, գերեզմանոց, հասարակական ու մասնավոր կառույցներ քանդող Ադրբեջանի իշխանությունների ձեռքը բռնող չկա, բացակայում են նույնիսկ դատապարտող, թեկուզ անատամ հայտարարությունները, որոնք էլ ավելի են «ոգևորում» փաստացի առանց հայերի մնացած Արցախում (չհաշված մինչև երկու տասնյակ հայերի, որոնց ադրբեջանցիները կալանավորի նման պահում են Ստեփանակերտում) շարունակել իր քաղաքականությունը։ Մենք՝ արցախցիներս էլ վախով ու անզորությունից ծնված ցավով հեռվից հետևում ենք մեր հայրենի օջախների ավերմանը, հարազատ վայրերի ձևախեղմանը։

Վերջերս էլ ադրբեջանական մեդիայում «Մենք ենք մեր սարերը» (Տատիկ-պապիկ) հուշակոթողի մասին եղան հրապարակումներ, որից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը փորձում է յուրացնել Արցախի խորհրդանիշ համարվող կոթողը՝ այն ներկայացնելով որպես «Ադրբեջանի բազմամշակութային և ազգային-կրոնական հանդուրժողականության բազմաթիվ օրինակներից մեկը»։ Ցավալի է, բայց ստիպված ենք սփոփվել այն մտքով, որ, յուրացվելով, Արցախի խորհրդանիշ կոթողը չի արժանանա Արցախի Ազգային Ժողովի շենքի, Բերձորի Սուրբ Համբարձման կամ Շուշիի Կանաչ ժամ եկեղեցիների ճակատագրին, այդպես գոնե կանգուն կմնա «Դեդոն ու բաբոն»՝ մինչև իրական տերերի վերադարձը։

Ի՞նչ են անում ՀՀ իշխանություններն արցախցիների վերադարձի, սեփականության իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։ Կարելի է ասել, որ պաշտոնական մակարդակով ոչինչ չի արվում։ ՀՀ իշխանություններն որդեգրել են Արցախի հարցը «թաղելու» քաղաքականություն, չեն բարձրաձայնում նույնիսկ հայկական դարավոր պատմամշակութային ժառանգության ոչնչացման մասին, ի՞նչ խոսք կարող է լինել արցախցիների մյուս հիմնարար իրավունքների պաշտպանության մասին։

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, արձագանքելով Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների մասին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, ասել է, որ այդ ֆորմատը պետք է լուծարել։ «Քանի որ երկրորդ կողմն այլևս իրավազոր չէ և չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր, մենք պետք է շատ լրջորեն քննարկենք այդ ֆորմատը չեղարկելը, որովհետև Լեռնային Ղարաբաղի, Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի և նման կարգավիճակ ՀՀ-ում որևիցե մեկն այլևս չունի, այդ ֆորմատը գոյություն չունի»,- ասել է Ալեն Սիմոնյանը, ով նաև ՀՀ-ի կողմից տվյալ հանձնաժողովի նախագահն է։

Արծվիկ Մինասյանը հիշեցրել է, որ Սահմանադրությամբ և օրենքներով Լեռնային Ղարաբաղ և Արցախի Հանրապետություն արտահայտությունը՝ որպես իրավական արտահայտություն, առայսօր առկա է ՀՀ օրենքներում և միջազգային պայմանագրերում, և անձը չի կարող որոշել վերացնել այն։

Օգոստոսի 31-ին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «այն ընկալումներով և ձևակերպումներով, որոնցով Լեռնային Ղարաբաղի մի խումբ հայրենակիցներ փորձում են ձևակերպել վերադարձի հարցը», ինքն իրատեսական չի համարում։ Փաշինյանի կարծիքով՝ ներկայացված բովանդակությունը հակասում է ՀՀ պետական շահերին։

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը, արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, նշել է, որ վերադարձն արցախցիների իրավունքն է, և այն չի կարող խոչընդոտել և հակասել Հայաստանի պետական շահերին։ «Վերադարձի հարցը մշտապես մեր օրակարգում է, որի լուծման համար Արցախի Ազգային ժողովի կողմից ստեղծվել է հանձնախումբ, որի ղեկավարն է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Մենք պարբերաբար հանդիպում և քննարկում ենք հնարավոր վերադարձի հետ կապված հարցերը։ Արցախցիները մեծ ցանկություն ունեն վերադառնալու, շենացնելու իրենց հայրենիքը, կրկին հայկական դարձնելու Արցախը, սակայն մենք պետք է պատրաստ լինենք, և մեր վերադարձը հնարավոր կլինի միջազգային երաշխիքներով, արժանապատիվ, արդարացի և ամենակարևորը՝ մենք պետք է ապահով զգանք մեր հայրենիքում։ Եթե այդ չափանիշներն ապահովվեն, մենք պատրաստ ենք բանակցել այդ հարցերի շուտափույթ լուծման համար»,- ընդգծել է Արցախի նախագահը։

Սակայն վերադարձի կարևոր պայմաններից է արցախցիների՝ համախումբ բնակեցումը և վերադարձի միասնական տեսլականի պահպանումը։ Իսկ ամբողջ ՀՀ-ով և աշխարհով մեկ ցրված արցախցիների պարագայում դա իրատեսական չէ։ Իշխանություններն էլ արցախցիների համայնքային կազմակերպությունները պահելու մտադրություն չունեն։ Դրա մասին է վկայում նաև տեղահանված արցախցիների բնակապահովման պետական ծրագիրը։

Արցախցիների համար բնակարան ձեռք բերելու աջակցության ծրագիրը հավանության է արժանացել ՀՀ կառավարության մայիսի 16-ի նիստում։ Ըստ հիմնավորման՝ նպատակն է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմից, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Արցախից բռնի տեղահանված շուրջ 25 000 ընտանիքներին Հայաստանում բնակարանով ապահովելը։ Ծրագրի մասնակիցներին կառավարությունը կտրամադրի բնակարանի ձեռքբերման կամ տան կառուցման հավաստագրեր: Ծրագիրն իրականացվելու է հինգ տարիների ընթացքում (2024-2029 թթ.)՝ երեք փուլերով։ Հունիսի 14-ին «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում ՀՀ կառավարությունը հաստատել էր արցախցիներին բնակարանի գնման հավաստագրեր տրամադրելու կարգը։ Հավաստագրերը տրամադրվում են ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար՝ 3 մլն-ից մինչև 5 մլն դրամ անվանական արժեքով։ Աջակցության չափը կախված է նրանից, թե ծրագրի մասնակիցը Հայաստանի ո՞ր բնակավայրում է մտադիր բնակարան գնել կամ տուն կառուցել: 5 մլն դրամը սահմանված է սահմանամերձ 242 բնակավայրերի համար, 4 մլն-ը՝ 148 քաղաքային և գյուղական բնակավայրերում իրացնելու դեպքում։
Մյուս 3 մլն դրամի հատկացումը գործում է մնացած բոլոր բնակավայրերում՝ բացի Երևանի առաջին և երկրորդ գոտիներից։ Իսկ եթե ընտանիքն ունի գործող հիփոթեք, ընտանիքի յուրաքանչյուր անդամի 2 մլն դրամ է հատկացվելու։
Ծրագրով բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու համար նախընտրելի բնակավայրերը ՀՀ սահմանամերձ տարածքներում են։ Ստացվում է, որ արցախցիները կշարունակեն բնակվել ցրված վիճակում՝ կենտրոնից հեռու։ Բնական է, որ երկու-երեք տասնամյակ հետո նրանք կկորցնեն իրենց ինքնությունը, համախմբված չեն լինի, և ընդմիշտ կթաղվի արցախյան հարցը, ինչպես դա եղավ նախիջևանցիների դեպքում։

Բնակարանային քաղաքականության հետևանքը կլինի այն, որ սահմանամերձ շրջաններում կբարձրանան վաճառվող տների գները, և տունը վաճառած տանտերերի հնարավորությունները կմեծանան Երևանում կամ այլ քաղաքներում գնելու նոր բնակարաններ: Իսկ դրանով նախ՝ փոփոխության կենթարկվի ժողովրդագրական պատկերը սահմանամերձ շրջաններում, նաև սահմանամերձ շրջաններից դեպի քաղաքներ կամ կենտրոն տեղափոխված բնակիչները կհանդիսանան իշխանությունների պոտենցիալ ընտրողներն ու աջակիցները։

Այսպիսով, արցախցիներին բնակարանների տրամադրման իշխանությունների քաղաքականության հիմնական նպատակն արցախցիներին կենտրոնից հեռու, ցրված վիճակում պահելն է, արտագաղթի հնարավորության մեծացումն ու աստիճանաբար բռնագաղթածի կարգավիճակից զրկելը, ինչպես նաև Արցախ վերադարձի մասին մտքերի ու ծրագրերի փոշիացումը։

Իսկ արցախցիների արտագաղթի տեմպերը չափազանց մեծ են։ Ըստ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տվյալների՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը Լեռնային Ղարաբաղում հաշվառված 49 975 մարդ է մեկնել Հայաստանից, որից 23 404-ը վերադարձել է, իսկ 26 571-ը՝ ոչ։ Այսինքն՝ հուլիսի մեկի դրությամբ ՀՀ-ից անվերադարձ հեռացել է մոտ 27 000 արցախցի։ Ենթադրվում է, որ այդ թիվն ավելի կմեծանա 2024 թ. դեկտեմբերից հետո, երբ կդադարի ՀՀ կառավարության կողմից տրվող բնակվարձի փոխհատուցման ծրագիրը (ընտանիքի յուրաքանչյուր անդամին ամսական 40+10 հազար դրամ է հատկացվում)։

Բնակապահովման ծրագրից օգտվելու պարտադիր պայման է սահմանվել ՀՀ քաղաքացիություն ընդունելու պահանջը։ Իրականում ՀՀ իշխանությունները կարող էին մեկ որոշմամբ «070»-ի կողմից արցախցիներին տրված անձնագիրը հավասարեցնել ՀՀ լիիրավ քաղաքացու անձնագրին, որովհետև այդ անձնագիրը ՀՀ քաղաքացու անձնագիր է, և դրանով իսկ միաժամանակ կպահպանվի նաև բռնագաղթածի կարգավիճակը։ Վերոհիշյալ քայլի դեպքում՝ արցախցիները կհանդիսանան և՛ ՀՀ քաղաքացի, և բռնագաղթած՝ տարբերվելով անձնագրի կոդով։ Իսկ այժմ իշխանությունն այս քայլով փորձում է խորացնել հայաստանցի-ղարաբաղցի տարբերակումը՝ հայտարարելով, որ «ՀՀ քաղաքացին բողոքում է արցախցիներից, որ նրանք բռնագաղթածի կարգավիճակով չեն ծառայում ՀՀ զինված ուժերում»:

Իրականում որպես ճամփորդական որակված անձնագրերով արցախցիները չեն կարող նույնիսկ ազատ տեղաշարժվել։ ՀՀ-ից ելքի համար պարտադիր է փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայությունը, իսկ որոշ եվրոպական երկրներ էլ 070 կոդով անձնագրով շենգեն վիզա չեն տրամադրում։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ մինչև 2024 թ, սկիզբն այդ խնդիրը չկար, համենայն դեպս, ինքն այդ մասին ահազանգեր չի ստացել։ «2024 թ. մարտ-ապրիլ ամիսներին առաջին դեպքերն արձանագրվեցին։ Դեսպանատներ կան, որոնք առանց որևէ խոչընդոտի տրամադրում են շենգեն վիզա։ Նույն Ֆրանսիայի դեսպանատունը, չի եղել մի դեպք, որ մերժի ընթացք տալ գործին՝ պատճառաբանելով, թե 070 կոդով է։ Դեսպանատներ կան, որոնք երբեմն տարբերակված մոտեցում են ցուցաբերում։ Անձին Գերմանիայի դեսպանատունը մերժել է, հետո հրավիրող կողմը առանձին նամակով դիմել է Գերմանիայի դեսպանատուն, և տվյալ անձին նորից կանչել են հարցազրույցի ու տրամադրել վիզա։ Դեսպանատներ էլ կան, որ ընդհանրապես որևէ ձևով չեն տրամադրում վիզա, ընթացք էլ չեն տալիս դիմումներին։ Դրանց շարքում հատուկ կընդգծեմ Լեհաստանի, Լիտվայի, Չեխիայի դեսպանատները։ Իսպանիայի դեսպանատան Վիզաների կենտրոնից պարզաբանել են, որ հյուպատոսի հրահանգով չեն կարող վերցնել փաստաթղթերը»,- ասել է Գեղամ Ստեփանյանը։

Արցախի ՄԻՊ-ը հիշեցրել է, որ այդ բոլոր պետությունները Փախստականի կարգավիճակի մասին կոնվենցիայի անդամներ են, և 28-րդ հոդվածով փախստականներն ունեն ազատ տեղաշարժի իրավունք, իսկ Կոնվենցիայի անդամ կողմերը պարտավորվում են նրանց անձը հաստատող փաստաթուղթն ընդունել՝ որպես ճամփորդական և առնվազն՝ որպես այդպիսին հիմք պիտի ընդունվի այդ երկրների կողմից։ «Եթե ասում եք՝ 070 կոդով անձնագիրը չի հավաստում կամ իշխանությունների ասածից բխում է, որ չի հավաստում ՀՀ քաղաքացիության մասին, ապա ասեք՝ ինչո՞ւ դրանք չեք դիտարկում նորմալ ճամփորդական փաստաթուղթ։ Գոնե որպես ճամփորդական փաստաթուղթ ընդունելով՝ պետք է ընթացքավորեն վիզայի գործընթացը»,- հարցրել է Գեղամ Ստեփանյանը։

Այսպիսի անպատասխան հարցեր արցախցիները շատ ունեն, որոնց շրջանակն ու թիվն օրեցօր ավելանում է։ Իսկ ո՞վ պիտի պատասխանի այս հարցերին, ո՞վ կարող է լուծում տալ դրանց։ Միայն պետականամետ, ազգային մտածողություն ունեցող իշխանությունը։ Մինչ այդ արցախցիներին մնում է ինքնակազմակերպվել, հնարավորինս կոմպակտ ապրել, ամեն գնով պահպանել Արցախի պետականության մնացորդները, բարբառն ու սովորույթները, համախմբվել ազգային ուժերի շուրջ։ Այդպիսի ուժ, բացի պետական մարմիններից, կարող է լինել ՀՀ-ում իր գործունեությունը շարունակող Արցախի թեմը, կամ Արցախի ՀՅԴ և մյուս կառույցները։

 

Տաթևիկ Աղաջանյան

Լրագրող, Արցախ

«Դրօշակ» թիվ 9, 2024թ.