կարևոր
1219 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-05 17:22
Հասարակություն

Դպրությունն Արարատի թագավորությունում․ Միքայել Բադալյան

Դպրությունն Արարատի թագավորությունում․ Միքայել Բադալյան

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը գրում է․

«Արարատի թագավորությունում դպրության վերաբերյալ մեր ունեցած տեղեկությունները խիստ սակավ են: Սակայն, Այանիս և Թոփրաք կալե հնավայրերից հայտնաբերված որոշ սեպագիր կավե սալիկների պարունակությունը թույլ է տալիս որոշակի ենթադրություններ անելու Բիայնայում դպրության և կրթության մասին:

Այսպես, Այանիս հնավայրում 1990 թվականին հայտնաբերված սեպագիր կավե մի սալիկի վրա աղյուսակի տեսքով սյունակներով գրված են մի քանի անգամ կրկնվող տարբեր սեպանշաններ: Օրինակ, երրորդ սյունակում ši սեպանշանը իրար հաջորդելով, կրկնվում է 6 անգամ, չորրորդում՝ ur սեպանշանը՝ 4 անգամ, ne-ն՝ իսկ 8 անգամ, հինգերորդ սյունակում՝ aš սեպանշանը՝ առնվազն 4 անգամ և այլն: Այսինքն, մենք գործ ունենք ուսուցողական կավե սալիկի հետ, որը վրա ապագա դպիրները սովորել են գրել սեպագիր համակարգում առկա տարբեր սեպանշաններ:

Նույն Այանիսում 2007 թվականին փոքր սափորների միջից հայտնաբերվել են չորս կավե սալիկներ, որոնք ևս, ամենայն հավանականությամբ, ունեցել են ուսուցողական բնույթ:

Այս առումով, խիստ հետաքրքիր են Թոփրաք կալեից հայտնաբերված կավե սեպագիր սալիկները, որոնց վրա աղյուսակների տեսքով նշված են իրար հաջորդող կրկնվող թվեր: Իհարկե, այս սալիկները կարող էին ունենալ հաշվարկային նշանակություն, սակայն, չպետք է նաև բացառել, որ դրանք կիրառվել են ուսուցողական նպատակներով: Եթե նույնիսկ, այս աղյուսակները կիրառվել են հաշվարկային նպատակներով, ապա դա ևս կարող է վկայել Արարատի թագավորությունում դպրության և մաթեմատիկան գիտելիքների մասին»: