կարևոր
907 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-07 15:19
Հասարակություն

Տուժածներ չկան, հրդեհի պատճառը պարզ կլինի քննությունից հետո․ Սարգսյանը՝ «Դոմուսի» հրդեհի մասին

«Այս պահի դրությամբ տուժածներ չկան, հրդեհի պատճառները հայտնի կլինեն միայն քննությունից հետո»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳՆ մամուլի քարտուղար նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով Իսակովի պողոտայում «Դոմուս» հիպերմարկետի պահեստում բռնկված հրդեհին։

«Հրդեհը ներկա պահին 2500-3000 մետր քառակուսի տարածքի վրա է, փրկարար ծառայության 17 մարտական հաշվարկ է աշխատում, օպերատիվ 5 մեքենա, 2 ավտոսանդուղք, քաղաքապետարանի 5 ջրատար մեքենա և դեռ օգնություն են գալիս։ Պահեստային հատվածից է սկսվել հրդեհը, հետո տարածվել է նաև խանութի տարածք,այս պահին հրդեհվում է կահույք, տեխնիկա, շինանյութ»,-ասաց Նարեկ Սարգսյանը՝ հավելելով․ «Այս պահի դրությամբ մեր տեղեկությունն այն է, որ ովքեր եղել են ներսում, բոլորը դուրս են եկել»,- ասաց նա։

Նշենք, որ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 12:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում: Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։