Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տևական ժամանակ ռուսական հարթակները բոյկոտելուց և բարձր մակարդակի հանդիպումների չմասնակցելուց հետո ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։
Միրզոյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին։
Նշենք, որ Մոսկվայում է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, բայց, ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, Մոսկվայում Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա պայմանավորեց Արևմուտքից չստացած երաշխիքներով, ինչը, ըստ պատգամավորի, ՔՊ-ական իշխանությանը դրդել է երաշխիքներ փնտրել ավելի մոտ տարածքում։«Իրենք հասկանում են, որ Հայաստանի գլխին սև ամպեր են կուտակված, և որքան էլ Հայաստանի այս իշխանությունը խոսում է է՛լ ավելի զիջումներ անելու պատրաստակամության մասին, միևնույն է՝ Ալիևի պահանջները դրանից չեն պակասում։ Պատահական չէ, որ միայն վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարը խոսել է հերթական երկու նոր պահանջի մասին։ Այս պարագայում է, որ այս իշխանությունները հասկանում են՝ Արևմուտքը հեռու է, մոտ են ԱՊՀ-ն, Իրանը։ Հիմա փորձում են խնդրագրով դիմել ԱՊՀ-ին… Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի ոչնչացման պահանջ են ներկայացրել, և դա՝ անկախ այս իշխանության բղավոցներից, թե, իբր, երբեք Հայաստանն այսքան ինքնիշխան չի եղել»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանի վարած քաղաքականությունը Հայաստանն անդունդի եզրին է հասցրել, որովհետև, ըստ այս իշխանության, Արցախի հանձնումից հետո պետք է ավարտվեր Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմի սպառնալիքը, սակայն դա տեղի չունեցավ։
«Հետևապես, ես ասեմ՝ այս իշխանությունը Հայաստանը կանգնեցրել է կրակի մեջ, դուք ավելի վատ բան հասկացեք»,- ասաց Խաչատրյանը՝ ընդգծելով՝ Ալիևին հաճոյանալու համար Փաշինյանը հայ ժողովրդի թիկունքում դավեր է նյութում՝ ունենալով նաև նորից իր իշխանությունը վերարտադրելու նպատակ։
«Ինքը դավեր է նյութում. իրեն պետք է մի թղթի կտոր, որ վերարտադրվի, գնա քարոզարշավի և ասի՝ ժողովո՛ւրդ, թղթի կտոր եմ բերել։ Մի մոռացեք, որ այն տարածաշրջանում, որը Փաշինյանը փոքրացրել էր՝ տարածքներ հանձնելով Ալիևին, այդ նույն Փաշինյանն ընտրություններին ձայներ է ստացել»,- խոսքը եզրափակեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։