Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հետք»-ը գրում է․ «Իսրայելի կողմից Լիբանանի տարածքի ռմբակոծության ձայներն ամենուր են: Լիբանանում պատերազմական իրավիճակ է։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում նշել է ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, այդ երկրի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին։
Այն բանից հետո, երբ 2023 թ․ աշնանը Իսրայելը, ի պատասխան «ՀԱՄԱՍ» խմբավորման հարձակման, ռազմական գործողություն սկսեց Գազայի հատվածում, իրավիճակը լարվեց նաեւ Իսրայել-Լիբանան սահմանին: Հրթիռակոծության եւ ռմբակոծության թիրախում սկսեցին հայտնվել ոչ միայն Լիբանանի սահմանային գյուղերը, այլեւ սահմանից հեռու գտնվող շրջանները։
Երեկ՝ մեր հարցազրույցից կես ժամ առաջ, Իսրայելը ռմբակոծել էր Բեյրութի հարավային ու արեւելյան արվարձանները։ Մարդիկ մշտական անհանգստության մեջ են:
Հակոբ Բագրատունու փոխանցմամբ՝ Իսրայելը ռմբակոծում է Լիբանանի հետ սահմանից մինչեւ Բեյրութի հարավային արվարձաններ ընկած տարածքները, անգամ՝ մայրաքաղաքի սիրտը համարվող շրջանները, Բեքաայի եւ Բաալբեկի նահանգները։ Դրա հետեւանքով շուրջ 1 միլիոն մարդ թիրախավորված բնակավայրերից տեղափոխվել է քիչ վտանգավոր շրջաններ։ Ըստ հայ պատգամավորի՝ այսօր Լիբանանում չկա լիովին ապահով տարածք։
Բագրատունին նշում է, որ չնայած Իսրայելը հայտարարում է, թե իբր իր թիրախում ռազմական օբյեկտներն են, իրականությունն այլ է։ «Իրականությունն այն է, որ ամբողջական պատերազմ է՝ քանդել այն, ինչը որ կանգուն է, ու առավելուգույն չափով ներքին անհավասարակշռություն ստեղծել Լիբանանում»,- նկատում է հայ պատգամավորը։
«Հետքի» զրուցակիցն ասում է, որ Իսրայելը կիրառում է ամենատարբեր տեսակի զենքեր՝ ԱԹՍ-ներ, F-35 օդանավեր, ռազմանավեր եւ հրթիռներ: Հոկտեմբերի 2-ին, օրինակ, իսրայելական բանակը սահմանային ներթափանցման փորձ է կատարել, բայց, ըստ Բագրատունու, մեծ վնասներով հետ է քաշվել՝ տալով մարդկային ու զինտեխնիկայի կորուստներ։ Իսկ կեսգիշերից սկսած ռազմանավերից հարվածներ են հասցվել Բեյրութի հարավային արվարձաններին։
«Իսրայելի համար պատրվակը կարեւոր չէ, որեւէ ձեւով կարող է պատրվակ գտնել։ Նույնիսկ թիրախավորել էին Բեյրութից հեռու ընկած քրիստոնյա գյուղեր, որտեղ իբր գտնվում էր «Հեզբոլլահի» ղեկավարներից մեկի ընտանիքը»,- ասում է Հակոբ Բագրատունին ու հավելում, որ միջազգային հանրության կողմից չկան նշանակալից նախաձեռնություններ, միայն քաղաքական հայտարարություններ են։ «Իսրայելն ամենաթողության վիճակի մեջ է։ Իսրայելի կատարածին թե՛ ԱՄՆ-ն, թե՛ արեւմտյան աշխարհը ոչ միայն ըմբռնումով են մոտենում, այլեւ իրավունք են տալիս՝ ասելով, թե նրա արածն ինքնապաշպանություն է,- նկատում է հայ պատգամավորը, ապա ավելացնում,- մեր մտավախությունն այն է, որ այս պատերազմը կտարածվի ամբողջ տարածաշրջանում»։
Հակոբ Բագրատունու փոխանցմամբ՝ Լիբանանի հայկական շրջաններն առանձնապես թիրախավորված չեն, մարդկային կորուստներ չկան: «Բայց, ի վերջ, մենք էլ ենք Լիբանանի մեջ, ու երբ ռմբակոծում են Բեյրութի հարավային կամ այլ շրջանները, հայաբնակ շրջանները դղրդում են»,- ասում է նա։ Ներքին տեղահանվածների հոսք կա նաեւ դեպի Անջար հայաբնակ քաղաք, որտեղ հայերը անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել մարդկանց։
Ըստ մեր զրուցակցի՝ բարեգործական օգնություն տրամադրելու վերաբերյալ ժողով է եղել հոկտեմբերի 2-ին, եւ դեղատներին կոչ են արել օգնել Բուրջ Համուդում ապաստանած մարդկանց։ Ամսի 2-ին ժողով են արել նաեւ Լիբանանում գործող քաղաքական կուսակցությունները. օրակարգային հարցն էր, թե ինչ կարող են անել իրենք նման արտակարգ իրավիճակներում։
«Սա առաջին հերթին մարդասիրական խնդիր է. այն, ինչ տեսնում եք Գազայում, դրա մի տարբերակն էլ Լիբանանի մեջ է այսօր»,- ասում է հայ քաղաքական գործիչը:
Տնտեսապես առանց այդ էլ վատ վիճակում գտնվող և թուլացած Լիբանանում պատերազմի ներկա ալիքը տնտեսական նոր մարտահրավերներ է բերում։ «Անցնող տարիներին տնտեսապես շատ վատ կացության մեջ էինք։ Այսօր, երբ 1 միլիոն գաղթական է տեղափոխվել, Լիբանանի ենթակառուցվածքները պատրատ չեն նման իրավիճակին դիմակայելու: Մարդկանց բիզնեսներն են քանդվել, առօրյա առեւտուրն է նվազել, գներն են բարձրացել։ Չմոռանանք, որ չարաշահումներն ու կոռուպցիան իրենց դերն են խաղում այս կացության սաստկացման մեջ»,- ասում է մեր զրուցակիցը։
Նրա փոխանցմամբ՝ գրեթե ամեն օր կապի մեջ են Լիբանանում ՀՀ դեսպանատան հետ։ Խոսակցություններ կային ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տարհանման մասին, բայց նման որոշում առայժմ չկա։ «Անհանգստություն կա, թե վերջն ինչ է լինելու, սակայն երկրից դուրս գալու տրամադրությունները զգալի չեն»,- նշում է պատգամավորը։
Բագրատունու խոսքով՝ Լիբանանից հայերի դուրս գալու դեպքում միակ ուղղությունը պետք է լինի Հայաստանը, իսկ ՀՀ իշխանություններից էլ ակնկալիքն այն է, որ համապատասխան ձեւով ընդունեն հայրենակիցներին ու նրանց համար ստեղծեն արժանապատիվ պայմաններ, որպեսզի այդ մարդիկ հայրենիքի մեջ իրենց գաղթական չզգան»։