Փոխարժեքներ
05 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.09 |
EUR | ⚊ | € 421.97 |
RUB | ⚊ | ₽ 3.91 |
GBP | ⚊ | £ 501.63 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
«Դեպի ճամբար» հեռուստասիթքոմը, որը 2019 թվականից հանդիսանում է հեռուստադիտողների սիրելի նախագծերից, մեծ էկրան է բարձրացել «Դեպի ճամբար հատուկ ջոկատ» գեղարվեստական ֆիլմով։ Սիթքոմի հիմնական գաղափարները՝ ընկերասիրությունն ու հավատարմությունը, պահպանվել են նաև ֆիլմում։
Պրեմիերայի մեկնարկից առաջ դերասանական և ստեղծագործական կազմի անդամները Yerkir.am-ի հետ զրուցեցին սիթքոմից դեպի գեղարվեստական ֆիլմ անցման, նկարահանման բարդությունների և այլ թեմաների շուրջ։
Ըստ դերասան-սցենարիստ Գրիգոր Դանիելյանի՝ ֆիլմի գաղափարը վաղուց կար, սակայն երկար ժամանակ որոնում էին ճիշտ սցենարը։
«Գեղարվեստական ֆիլմի գաղափարը վաղուց էր ծնվել, բայց ինչ նկարել՝ չէինք որոշել։ Մտածեցինք, որ 2019-ից սիրված «Դեպի ճամբար» սիթքոմը կարելի է վերածել գեղարվեստական ֆիլմի»,- նշեց դերասանը:
Պրոդյուսեր և դերասան Հռիփսիմե Ելինյանն ընդգծեց ռեժիսորի պրոֆեսիոնալ մոտեցումը նկարահանման գործընթացին:
«Հեռուստանախագծի դեպքում մենք հաճախ կարող էինք մեկ օրվա ընթացքում նկարահանել ամբողջ սերիան կամ մեծ մասը, իսկ ֆիլմի դեպքում ամեն ինչ շատ ավելի մանրակրկիտ էր։ Առավոտյան 8-ից մինչև ուշ երեկո աշխատում էինք, և երբ ռեժիսորը գոհ էր 2 րոպե նկարահանումից, դա մեծ հաջողություն էր»,- պատմեց դերասանուհին:
«Երեխաները հաճախ իրենց էին տեսնում մեր կերպարների մեջ, և դա նպաստեց, որ նախագիծը դառնա սիրված». Էրիկի կերպարը մարմնավորող դերասան Ալբերտո Դանելիյանի միտքն է, ով փաստեց, որ նախագծի սիրված լինելը հասկացել են երեխաների արձագանքներից, որոնք անդրադառնում էին կերպարների վարքին ու փոփոխություններին։
Ռեժիսոր Կարեն Ամյանը խոսել է նկարահանման բարդությունների մասին, որոնք հիմնականում պայմանավորված էին դերակատարների տարիքային տարբերություններով, սակայն դա չի խանգարել հասնել ցանկալի արդյունքի: «Մենք հասկացել ենք, որ երբ սիրով ենք նկարահանում, նախագիծը նույնպես սիրվում է հեռուստադիտողի կողմից»՝ ռեժիսորի կարծիքն է:
Գրիգոր Դանիելյանը հավելում է, որ ներկայիս դժվարին իրականության մեջ զվարճանքի ապահովումը չափազանց կարևոր է, հատկապես, երբ հեռուստադիտողը սիրում է կատակերգություն։ Այդ ժանրի հետ միասին փորձել են պահպանել նաև նախագծի սկզբնական ուղերձը. «Դեպի ճամբար» նախագծի նպատակն էր քարոզել ընկերասիրություն, համախմբվածություն, հայրենասիրություն և անձնական աճի կարևորություն։ Ֆիլմում մենք ընդգծում ենք այն հատկանիշները, որոնք երեխաներին կսովորեցնեն, որ կյանքում ավելի կարևոր են արժեքները, քան մեդալներն ու մրցանակները»,- նշեց դերասանը:
Մարիամ Ալեքսանյանը, ով խաղում է գլխավոր դերերից մեկը, իրեն համարում է «ճամբարական»՝ այս մեծ ընտանիքի անբաժանելի անդամ. «Իմ կերպարի էվոլյուցիան նկատելի է, սիթքոմում ես ավելի թեթևամիտ ու զվարթ էի, իսկ ֆիլմում արդեն երևում է, թե ինչպես է հերոսուհիս մեծանում, ինչու չէ, նաև ես՝ նրա հետ միասին»:
Ռեժիսոր Կարեն Ամյանը շեշտում է՝ ֆիլմի սցենարը նկարահանելը նրանց համար պարզապես պարտավորություն չէր. «Մենք մեծ ուշադրություն ենք դարձրել յուրաքանչյուր կադրին ու տեսարանին։ Քանի որ ֆիլմը մեծապես ուղղված է երեխաներին, հատկապես ուշադիր էինք այն տեսարաններին, որտեղ պետք է պատժեինք բացասական կերպարներին, որպեսզի երեխաները չընդօրինակեն դա»:
Սյուզի Դավթյան