կարևոր
15313 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-07 19:53
Տարածաշրջան

Վրացական ընդդիմության տեղեկատվական հարձակու՞մը, թե՞ դեպի ԵՄ իրապես կարմիր լույս

Վրացական ընդդիմության տեղեկատվական հարձակու՞մը, թե՞ դեպի ԵՄ իրապես կարմիր լույս

Վրաստանի որոշ ընդդիմադիր լրատվամիջոցներ այսօր տարածել են Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկուն վերագրվող խոսքերը: Ըստ այդ աղբույրների՝ դեսպանը հայտարարել է՝ «….Ներկայումս իշխող կուսակցության օրոք Վրաստանը երբեք չի դառնա ԵՄ անդամ»: Բարձրացված աղմուկից հետո ընդդիմադիր «Ֆորմուլա» լրատվամիջոցն անգամ փոխել է ԵՄ դեսպանի խոսքերով մակագրված լուսանկարը և, եթե նախկին լուսանկարը մակագրված էր դեսպանին վեագրվող՝ «Ներկայումս իշխող կուսակցության օրոք Վրաստանը երբեք չի դառնա ԵՄ անդամ» խոսքերով, ապա այժմ լրատվամիջոցը տվյալ լուսանկարը փոխարինել է բոլորովին այլ դեսպանին վերագրվող բոլորովին այլ արտահայտությամբ՝ «կարծում եմ, որ ընդրություններից հետո մենք կվերսկսենք Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը»: Ընդդիմադիր մեկ այլ՝ https://www.timer.ge/ լրատվական մինչ այժմ թողել է Հերչինսկուն վերագրվող արտահայտությունն իբրև հրապարակման վերնագիր՝ «Հերչինսկի. այս իշխող կուսակցության պայմաններում Վրաստանը երբեք չի դառնա ԵՄ անդամ»:

«Ֆորմուլա» լրատվականն անգամ հատուկ հրապարակումով ուղղում էր մտցրել դեսպանին վերագրվող խոսքերի մեջ` նշելով. «Ուղղում. սկզբում «Ֆորմուլա»-ի էջում լուսանկար էր հրապարակվել «Ներկայիս իշխող կուսակցության օրոք Վրաստանը երբեք չի դառնա Եվրամիության անդամ» մեջբերումով, որը հետագայում փոխվեց դեսպանի ճշգրիտ մեջբերումով։

«Դեռ ժամանակ կա, հույս կա, որ հոկտեմբերի 26-ին ձեր (վրաց ժողովրդի) ցանկացած կառավարություն կվերադառնա եվրոպական արժեքներին և սկզբունքներին։ Որ այս կառավարությունը կվերսկսի անհրաժեշտ բարեփոխումները, որպեսզի Վրաստանը առաջ գնա եվրաինտեգրման ճանապարհով և փոխհատուցի այն ժամանակը, որը, ցավոք, կորցրեց վերջին մի քանի ամիսներին։

Եվրամիությունը անկախության առաջին իսկ օրվանից կանգնեց Վրաստանի կողքին։ Ավելի քան 30 տարի մենք աշխատել ենք ձեր երկրի բոլոր կառավարությունների հետ՝ Վրաստանը առաջ տանելու համար, և մենք կշարունակենք դա անել Վրաստանի ցանկացած ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության հետ։

Այնուամենայնիվ, եթե Վրաստանը ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ, իսկ այստեղ ես խոսում եմ Վրաստանի՝ մեր ընտանիքի անդամ դառնալու մասին, եթե Վրաստանի հաջորդ կառավարությունը չհարգի այն հիմքերը, որոնց վրա կառուցված է Եվրամիությունը, այն է՝ ազատությունը, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, Վրաստանի համար Եվրամիության անդամ դառնալու տարբերակ չկա ո՛չ այսօր, ո՛չ վաղը, ո՛չ հաջորդ օրը»,- Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկի»։

Վրացական հեղինակավոր «Իմեդի» լրատվականը իրար կողք հրապարակել է ընդդիմադիր «Ֆորմուլա» և «NEWS.ON.GE» լրատվականների՝ Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկուն վերագրվող խոսքերով լուսանկարները՝ հետևյալ տողերով՝ «Formula-ն ու NEWS.ON.GE-ն հրապարակել են ԵՄ դեսպանի սկանդալային հայտարարությունը. սպասում ենք Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության պարզաբանմանը, թե հայտարարությունը պատկանում է Պավել Հերչինսկիին, թե ոչ»։

Մի բան ակնհայտ է՝ ընդդիմադիր շրջանակները, որոնք գերազանցապես ուղղորդվում են արևմտաթուրքական շրջանակների և այդ կողմնորոշումն ունեցող նախկին նախագահ Մ. Սահակաշվիլուն հարող ուժերի կողմից, խորհրդարանական ընտրությունների նախօրեին  ձգտում են հեղինակազրկել պետականամետ, բալանսավորված քաղաքականություն վարող և Արևմուտքի խամաճիկը չդարձող ներկայիս իշխանություններին: Տվյալ շրջանակներն ու ուժերն այդ քայքայիչ ու կործանարար նպատակին են ծառայեցնում բոլոր ռեսուրսները, որոնց շարքում առաջնային են քարոզչամիջոցները:

ՀՀ արևմտաթուրքական ազդեցության իշխանության ագիտպրոպի ամենայլանդակ դրսևորումներին ամեն օր ականատես լինող հայ հասարակությանը քաջածանոթ է այն, ինչ այս օրերին կատարվում է հարևան Վրաստանում:

Վահե Սարգսյան