կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-16 01:53
Հասարակություն

Տնօրենը հայհոյել է, բայց աշակե՞րտն ինչ է արել

Տնօրենը հայհոյել է, բայց աշակե՞րտն ինչ է արել

Չկարծեք, թե մեր դպրոցներում հիմնական կյանքը հենց դա է. տնօրենը ներս է մտնում, աշակերտին հայհոյում, խեղճ աշակերտն էլ ոչինչ չի անում, ուղղակի ստիպված գործերը վերցնում-գնում է ուրիշ դպրոց. անդրադառնալով ԵՐԿԻՐ-ի հարցին, թե որքանո՞վ է հետամուտ ԿԳՆ-ն դպրոցներում առկա բռնության երեւույթներին, ասաց ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:

 

«Մենք էլ ենք շատ ահազանգեր ստանում` մամուլի հրապարակում լինի, թե անձամբ մեզ դիմեն: Անպայման այդ հետքերով գնում ենք: Ունենք համապատասխան մասնագետներ, ունենք հաստատություններ, որոնք հենց նշանակված են դրա համար, որ ուսումնասիրեն տվյալ դեպքերը»,- նշեց փոխնախարարը` հավելելով, որ այս հարցում շահարկումները ճիշտ չեն, եւ խնդիրը պետք է դիտարկել տարբեր կողմերից:

 

«Գիտե՞ք, բավական վատ պահվածքով աշակերտներ ունենք, կան նաեւ ուսուցիչներ, ովքեր երբեմն իրենց թույլ են տալիս այն, ինչ չի կարելի մանկավարժին: Ինձ ուղղակի զարմացնում է, երբ աշակերտները բողոքում են ուսուցիչների կամ տնօրենների կոպտությունից, բայց երբեք չեն ներկայացնում իրենց ընկերների պահվածքը: Դա նշանակում է, որ մենք ցանկացած դպրոցում 400, 500, 1000 աշակերտ ունենք, եւ բոլորն իրենց պահվածքով ու վարքով օրինակելի են, եւ միայն ուսուցիչնե՞րն են կոպիտ: Եթե որեւէ աշակերտ, ծնող, ուսուցիչ իրեն թույլ է տալիս դպրոցի մի դրվագ հանել քննարկման, նա պարտավոր է հարցի բոլոր կողմերը ներկայացնել, եւ դա կլինի արդար»,- ասաց Մ. Մկրտչյանը`չբացառելով, որ որոշ ուսուցիչներ կամ տնօրեններ, իսկապես, երբեմն իրենց անվայել են պահում, բայց երբ աշակերտը բողոքում է, որ տնօրենը կամ ուսուցիչն իրեն հայհոյել է, պետք է նաեւ ասի, թե ինչի համար, ինքը ինչ է արել եւ ինչպես է ստեղծվել այդ իրավիճակը: