կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-06 16:25
Առանց Կատեգորիա

Երգի ու այն հրապարակայնացնելու երեսատեղի մասին

Երգի ու այն հրապարակայնացնելու երեսատեղի մասին

Արև ելավ նորեն – կշաղի սեր,

Քամին բերավ ամպեր – կլացի սեր…

 

Խոստովանեմ՝ սոցցանցերում կամ լրատվակայքերում հայկական շոուբիզնեսի մասին պատմող բոլոր լուրերը, թերևս ինքնապահպանման բնազդից դրդված, ես անվարան բաց եմ թողնում` միանգամայն բավարարվելով վերնագրերով, որովհետև դրանք արդեն իսկ բավական են` պատկերացնելու, թե ինչ հերթական անհեթեթություն է հրապարակ եկել: Խոսքը մասնավորապես շոուբիզնեսի այն հատվածի մասին է, որ կոչվում է երգարվեստ:

 

Իմ բոլոր մտահոգությունները (արտահայտված բազմիցս և տարիների ընթացքում) հայ երգարվեստի թշվառ վիճակի մասին շարունակում են ոչ թե մեղմվել կամ վերանալ, այլ խորանալ ավելի: Եվ, ինչ մեղքս թաքցնեմ, այն տպավորությունն ունեմ, թե ինչ-որ դավադիր ուժեր միասնաբար պայքարում են` հայ երգը սպանելու համար: Եվ այդ նպատակով սպանում են, նախ, երգի ատաղձը՝ խոսքը՝ այն դարձնելով ջրիկ-անալի մի բան, հաճախ այնքան պարզունակ, այնքան անմիտ-անիմաստ, որ նողկում ես հորինողից էլ, մատուցողից էլ: (Այս պարագայում «մատուցող» բառը «երգիչ» բառին հիանալի փոխարինում է՝ առաջինի ռեստորանային ողջ «բովանդակությունը» նկատի ունեցած):

 

Ահավասիկ, մեր աստղերից Սիրուշոյի «Պռեգոմեշ» երգը, որ վերջին ամիսներին հնչում է բոլոր պատեհ, մինչդեռ տողերիս հեղինակի համոզմամբ՝ միշտ անպատեհ առիթներով, քանզի անբովանդակ, անմիտ, անասելիք խոսքն իբրև երգ հնչեցնելը ոչ միայն միշտ անպատեհ է, այլ նաև միշտ՝ մերժելի:

 

Այդ երգի խոսքերը հեղինակել է Ավետ Բարսեղյանը՝ իբրև պոետ կամ երգերի խոսքերի հեղինակ ապաշնորհ մեկը, ով վերջին տարիներին, «Պռեգոմեշ»-ի «հերոսի» հանգույն, աջ ու ձախ վարում է հայ երգի դաշտը՝ այնտեղ ցանելով անմիտ բառակույտերի ու բարբաջանքների հունդեր՝ դրանով ոչ միայն ապականելով դաշտը, նաև «էլիտար» պոետի իր փուչ համարումով օրինակ ու չափանմուշ դառնալով այլոց համար: Եվ ահա, պոետական խոսքի համատարած արժեզրկման մեր ժամանակներում, երբ թվում է՝ ամեն ինչ անվերադարձ կորած է, հանկարծ հայտնվում է իսկական մի նվիրյալ, ով հեղինակում է երգի խոսքեր՝ շնորհաշատ ներշնչանքով և այն էլ՝ արևմտահայերեն:

 

Խոսքը նույն Սիրուշոյի նոր երգի մասին է, որի առաջին կատարումը կհնչի մարտի 8-ին, ինչպես թվիթերյան իր էջում գրում է երգչուհին, և որի տեքստը հեղինակել է Սրբուհի Ստամբոլցյանը՝ հանրահայտ «Տիրամոր գովք» երգի հեղինակը: Մինչ հրապարակային ներկայացումը երգչուհին երգի տեքստն էլ է դրել համացանցում և լավ է արել: Լավ է արել, նախ՝ որ դնելու երեսատեղ կա, ապա նաև՝ որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում արևմտահայերենը մեռնող լեզուների շարքում հայտնվելու կապակցությամբ արթնացած մեր տագնապն ու մտահոգությունն այսպես, այս եղանակով բառնալու հնարավորություն նույնպես կա:

 

Այո, Սրբուհին գիտակցաբար, թե ակամա մի ուղի է բացում, որով արևմտահայերենը կարող է շարունակել իր ընթացքը: Եվ պարզապես հիացնում է արվեստագետի որոշումը՝ երգի խոսքերը ներկայացնել արևմտահայերենով` այդպես ակամա փորձելով թերևս նաև ձերբազատվել արևելահայերենի խոսակցական ու կեղծ գեղջկական մակարդակներում դեգերող հայ ժամանակակից երգի գետնաքարշ վիճակից:

 

Եվ ոչինչ, որ տեքստի հեղինակի արևմտահայերենը երբեմն կաղում է կամ պարզապես արևմտահայերեն չէ, ոչինչ, որ հասարակ է հանգաբանությունը, անսահուն՝ տողի ընթացքը: Կարևորն այն է, որ կա ասելիք և այն ինքնատիպորեն արտահայտելու ջանադրություն: Սրբուհին այսկերպ, փաստորեն, ոչ միայն երգն է փորձում սրբագործել, այլև կորստյան վտանգի առջև հայտնված չքնաղ մի լեզու:

 

Լևոն Սարգսյան