Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հայրս՝ աշուղ Դվալի Մկրտիչը, 1937 թ. ստալինյան բռնապետության տարիներին 10 տարով, ապա 1949-ին ընտանիքով աքսորվելուց, անմարդկային պայմաններում մահվան դեմ կռիվ տալուց ու հաղթելուց հետո, Հայաստան վերադարձավ։ Ես ընդամենը 4 տարեկան էի. գիրկն առավ ու գնացքի աստիճաններից նետեց աքսորյալներին դիմավորելու եկած ծովածավալ բազմության գիրկը և ասաց՝ «Ինձ տարաք, որ ոչնչացնեի՞ք, մի հատ էլ ինձ նման տղա՛ եմ բերել, է՛ս էլ իմ ազգին ընծա»։
Երբ փոքր էի՝ այս բառերը շատ չէի հասկանում, բայց ինչքան մեծացա, այդ նախադասությունը դարձավ ինձ համար կյանքի ուղենիշ, հայրական պարտադրանք»։
Այսպես գրել և իր մանկության, հոր և ընտանիքի ապրած դառն օրերի մասին հարազատների, ընկերների ու մտերիմների հետ զրույցների ժամանակ, քողարկված հուզմունքով, հիշում էր Սահակ Սահակյանը: Ծագումով Ալաշկերտցի, 20-րդ դարի հայ նշանավոր աշուղներից մեկի̀ Դվալի Մկրտիչի ընտանիքի արու զավակը 1951 թ. ծնվել է հեռավոր ալթայան աքսորավայրում: 1955 թ. ընտանիքի հետ վերադառնալով աքսորավայրից Դվալի Մկրտիչը չի ցանկանում կյանքը շարունակել Աշոցքի նախկին բնակավայրում, որտեղից մատնությամբ արտաքսվել էր երկու անգամ և վերաբնակություն է հաստատում Լենինականում: Գերազանց առաջադիմությամբ ավարտելով դպրոցը Սահակը 1968 թ. ընդունվում է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, իսկ 3-րդ կուրսից ընտրում է կենսաֆիզիկայի ճյուղը։ Համալսարանն ավարտելուց հետո, սպայի կոչմամբ ծառայում է խորհրդային բանակում։ Զինվորական ծառայությունից վերադառնալով զբաղվում է մասնագիտական գործունեությամբ և ունենալով գիտական ձիրք 1985 թ. Մոսկվայում հաջողությամբ պաշտպանում է թեզը ̀ ստանալով Քիմիական գիտությունների թեկնածուի կոչում։
Նույն թվականից աշխատել է քիմռեակտիվների համամիութենական ինստիտուտում, որպես ավագ գիտաշխատող։ Համոզվածությամբ կարելի է ասել, որ շարունակելով մասնագիտական-գիտական գործունեությունը Սահակ Սահակյանը կարող էր իր ասպարեզում հասնել նոր հաջողությունների, հավանաբար, սակայն, ժառանգականության թելադրանքը այլ տեղ էր ուղղորդում հոգուն ու մտքին: Դեռևս համալսարանական տարիներին նա երգել է Հովհաննես Չեքիջյանի ուսանողական երգչախմբում։ 1983 թթ. Մկրտիչ Սարգսյանը (Մգրո) հիմնում է «Մարաթուկ», երգի-պարի ազգագրական համույթը, որին և միանում է Սահակը: Ազգային վերազարթոնքի, արևմտահայ երաժշտարվեստի քարոզչության մեկ դրսևորում լինելով «Մարաթուկը» հյուրախաղերով շրջագայում է սփյուռքի բազմաթիվ համայնքներով:
1987 թվականին Սահակը դարձել է «Գանձասար» ավանդական երգի-պարի համույթի ղեկավարը։ 1989 թ. Հենրի Մանգասարյանը, որպես մեներգչի Սահակ Սահակյանին հրավիրում է Հայաստանի ժողովրդական գործիքների համույթ։ Մեծ ճանաչում ունեցող այս համույթը ելույթներ է ունեցել շուրջ 30 երկրների բեմերում։
Գրեթե ողջ գիտակցական կյանքը նվիրելով հայ երգին Սահակ Սահակյանը ոչ միայն դրսևորում էր դրանում իր հոգու սերն ունվիրումը, այլև սեփական կռիվն էր տանում հանուն հայ մշակույթի, հանուն ազգի ինքնաճանաչողության և հոգևոր զարթոնքի, հանուն ազգային իրավունքների: Ոչ պատահականորեն նա առաջինների թվում ակտիվորեն մաս կազմեց արցախյան ազատագրական շարժմանը: 1988 թվականից նա ազգային խրոխտ երգերով ժողովրդին ոգեշնչում էր Ազատության հրապարակում, շատ չանցած ընկերների հետ քիմիական գործարանում ձեռնարկում են զինամթերքի պատրաստում, որը հաճախ Սահակն ինքն էր հասցնում Արցախ: Շատ անգամներ էլ երգել է խրամատներում ̀ երգել է այնպես ոգեշնչված ու խրոխտ, որ ոչ միայն մարտական ընկերներին է խրախուսել այլև դիմացի խրամատներում դարանակալած հակառակորդին ստիպել է անհանգստության նշաններ ցույց տալ: Այս օրերից սկսած գրել է ազգային կյանքին ու պայքարին նվիրված բազմաթիվ հոդվածներ:
Հայ երգի, հայ հանրությանը քիչ ծանոթ հեղափոխական-ազատագրական պայքարի երգի ծանոթացման ու քարոզչության առաքելությունը ստանձնելով, իրական պայքարի սկսվելու հետ Սահակն իրեն տեսավ այդ պայքարի բովում, որտեղ նա կռվի մասնակից էր իր երգով: Աստվածային նախախնամությամբ, թե աշուղ հոր պատգամի ու «պարտադրանքի» համաձայն նա «ազգին ընծա» դառավ օժտված լինելով խրոխտ ձայնի այնպիսի որակով ու հնչերանգներով կարծես իր կատարած խրոխտ դյուցազնական կամ պատմության խոր ակունքներից բխող ազգային զուլալ երգերը գրված էին հենց իր համար: Շուրջ քառասուն տարվա բեմական-ստեղծագործական գործունեություն ընթացքում բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում, Արցախում և արտերկրի տարբեր համայնքներում: Հեղինակել է բազմաթիվ երգեր, դառնալով դրանց և բառերի և երաժշտության հեղինակը։ Գրել է նաև առանձին բանաստեղծություններ, որոնք իրենց գեղարվեստական որակով և ասելիքով արժանի են որպեսզի նույնպես ներկայացվեն հանրությանը: Երաժշտությունը, հայ երգը Սահակ Սահակյանի կյանքն էր ու առօրյա ապրումը իր խոսակցությունների մշտական թեմաներից մեկը: Երգն իրեն այնպես էր ձուլված ինչպես միսը ձուլվում է ոսկորին: Սահակը, սակայն միայն երգիչ չէր, այլև երգի մեկնաբան, երգի գիտակ: Որպես պատգամ է հնչում իր իսկ կազմած «ՀԱՅՈՑ ԱԶԱՏԱՄԱՐՏԸ ԵՐԳԵՐՈՒՄ» երգարանում «Գալիքի մարտնչող երգիչներին» ուղղված խոսքը.
«Ազգային-ազատագրական պայքարի երգերի մեծ մասը նվիրված է այդ պայքարի երկունքից ծնված այն պաշտելի վահագնածին երիտասարդներին, որոնք տոգորված մաքուր ազգային գաղափարաբանությամբ̀ Հայաստանի ու հայ ժողովրդի համար նահատակվելու պատրաստակամություն ցուցաբերեցին: Այդ երգերը հայ մարդուն մաքրագործող, վեհացնող դաստիարակող են և միևնույն ժամանակ, խիստ պարտավորեցնող: Դրանք պետք է կատարել շատ մեծ պատասխանատվությամբ, արժանապատվության ու հպարտության զգացումով, անմնացորդ նվիրումով:
Այդ իսկ պատճառով ̀ հնարավորինս ուսումնասիրե՛ք հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի պատմությունը և նոր միայն ձեռնամուխ եղեք երգերի կատարմանը»:
Թերևս նաև այս ճշմարտության գիտակցման մեջ էր Սահակ Սահակյանի երգարվեստի անզուգականությունը, երբ երգերը ոչ միայն հնչում էին որպես երաշտություն այլև ՀԱՂՈՐԴՎՈՒՄ էին ունկնդրին որպես պատմություն, գաղափար, հերոսականության դաս, որպես հայ մշակույթի օրինակ, որպես ոգի ու մարտակոչ: Տասնամյակներով արգելված կամ սխալ մեկնաբանված հայ երգը, դրա պատմությունն ու ասելիքը գիտակցելը ճանաչելն ու ճիշտ մեկնաբանելը համարելով խիստ կարևոր̀ ազգային մշակույթի ու պատմության առումով, Սահակն ինքը նաև այդ գործն էր համարում իր առաքելությունը: Նույն նպատակով էլ 2014 թվականին կազմած և լույս ընծայած «Հայոց ազատամարտը երգերում» արժեքավոր գրքում Սահակ Սահակյանը ներկայացնում է Ավարայրից մինչև Արցախյան ազատամարտ ժամանակահատվածն ընգրկող 100 երգեր̀ իրենց մեկնաբանությամբ: Ինչպես գրքի առաջաբանում գրում է ՀՀ ԳԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը. «Հատկանշական է, որ Սահակ Սահակյանը շատ դեմքերի գործունեության ու պատմական անցքերի և դրանց նվիրված երգերի պատմության մեջ մտցնում է կարևոր ճշգրտումներ, վերանայում տասնամյակներ շարունակ հանրության կողմից ընդունված մոտեցումներ, սրբագրում թույլ տրված վրիպումներ, ինչ-ինչ պատճառներով սխալմամբ այս կամ այն անձին նվիրված երգը «վերադարձնում» իր իրական հասցեատիրոջը»: Հայ երգի ու, առհասարակ, հայ մշակույթի նկատմամբ ունեցած սիրով, դրանց քարոզչության ու մեկնաբանման անհրաժեշտությամբ առաջնորդվելով նա 2008 թվականին հիմնում և, որպես խմբագիր, մի քանի տարի հրատարակում է «Լուսակն» ամսագիրը: Իրականացնելով հոգու պարտքը նա նաև խմբագրում և հրատարակում է հոր̀ աշուղ Դվալի Մկրտիչի «1937 թ. Կյա՞նք թե տառապանք» հուշերի գիրքը:
Սահակ Սահակյանը, բառի բուն իմաստով, հայ երգիչ էր և հայ երգի մեկնաբան: Ընդ որում նրա հետաքրքրությունների ու հնարավորությունների սահմաններում էին ոչ միայն ազգային- հեղափոխական երգերը, այլև ժողովրդական, քնարական երգն ու ռոմանսը: Կարծում եմ սխալված չեմ լինի եթե ասեմ, որ հայ երաժշտական մշակույթին նվիրվածությունն էլ բխում էր էությամբ ու մտածողությամբ գաղափարական հայի, և ազգային շահերի ու արժեքների պաշտպանի իր էությունից: Հետևաբար օրինաչափ է, որ հայ ժողովրդի պայքարի և գաղափարի կուսակցության̀ ՀՅ Դաշնակցության հայրենիք վերադարձի շրջանից Սահակը անդամագրվեց կուսակցությանը և մնաց նրա հավատավոր զինվորը մինչև իր վերջին շունչը: Մինչև վերջին շունչը ապրեց հայրենիքի ցավով:
2014 թվականին Ռուզան Սահակյանի խմբագրմամբ լույս է տեսել Սահակ Սահակյանի կյանքին ու գործունեությանը նվիրված. «Ազգային զարթօնքի շեփորահարը» գիրքը: Հայ երգարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար երգահան Սահակ Սահակյանը 2020 թ. մայիսի 20-ին, ՀՀ նախագահի կողմից, պարգևատրվել է «երախտագիտության» մեդալով:
Սահակ Սահակյանն իր կռիվն ավարտելով հավերժի ճամփան բռնեց 2024 թվականի ապրիլի 27-ին։
Փոխանցելով Դաշնակցության մարմինների ինչպես և հազարավոր ընկերների խորին ցավն ու ցավակցությունը̀ բոլորի անունից սիրելի ընկերոջը ասում եմ ̀ «Բարով գնաս ընկեր ջան. մենք քեզ երբեք չենք մոռանա ու միշտ կհիշենք»:
Արտաշես Շահբազյան