Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդային տարիներին ռազմահայրենասիրական երգերը գրեթե արգելված էին, սակայն 1988 թվականի շարժումը կարծես կոտրեց բոլոր արգելքները. հայրենասիրական նոր երգեր գրվեցին եւ ոգի տվեցին ազգային պայքարին:
Այդ շրջանում հայերին համախմբող ու հաղթանակի շունչ տվող «Հայեր միացեք», «Գետաշեն», «Պատերազմ ենք գնում» եւ մյուս երգերն արդեն մոտ քսան տարի է` չեն իջնում բեմերից, սակայն ժամանակը փոխվել է...
«Անկախությունից հետո շատ արժեքներ փոխվեցին, օտարամոլությունը մտավ ոչ միայն երգի, այլեւ մյուս ասպարեզներ: Հիմա էլ դեռ պրոպագանդվում է դա, եւ նոր սերունդը ինչ լսում է, այն էլ ընդունում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գ. Հայկազունը:
Հայերին համախմբող եւ հաղթանակի ուժ տվող երգերի հեղինակը մասնագիտությամբ շինարար է եւ երաժշտագիտության հետ որեւէ առնչություն չունի, չգիտի նոտաներ գրել, նվագել: Երգերի երաժշտությունը գրի է առել նրա հորեղբորորդին` Սեյրան Նազարյանը: «Մի բան էլ կա, եթե ես երգն արդեն գրում եմ, էլ երբեք իմ ուղեղից դուրս չի գալիս»,- նշեց Հայկազունը:
Առաջին երգը «Հայեր միացեք»-ն էր: «Երբ շարժումը սկսվեց, ես ոգեշնչվեցի շարժման «Հայեր միացեք» վանկարկումից, եւ ինձ թվում էր, թե դա երգ է: Ես Արտաշատում Ղարաբաղ կոմիտեի ակտիվ մասնակից էի եւ մի օր մեր նիստի ժամանակ տղաներին ասացի, թե էնպիսի մի երգ եմ գրելու, որ ողջ հայությունը երգի, ծիծաղեցին»,- հիշում է գուսանը:
Հետագայում Կոմպոզիտորների միությունը հրավիրել է նրան, որպեսզի ճանաչի թե ով է այդ հայտնի երգի հեղինակը: Երբ իմացել են, թե արտաշատցի է, զարմացել են, ասել, թե այդպիսի երգ կարող էր գրել սասունցին, զանգեզուրցին...
Հետո ծնվում է «Գետաշեն» երգը: Երբ Արցախյան պատերազմի ժամանակ գուսանն ու իր ընկերները մեկնում են Գետաշենը պաշտպանելու, հրամանատարը թույլ չի տալիս նրան ուղղաթիռ նստել ու խնդրում է Գետաշենի մասին երգ գրել. «Երեք օրում գրվեց այդ երգը, եւ մյուս ուղղաթիռով այն հասցրեցի Գետաշեն»:
Սիրված երգերից է նաեւ «Պիտի գնանք»-ը, որի մասին հեղինակն ասաց, թե ուրախ կլինի, եթե մի օր այդ երգը մոռացվի, երբ արդեն «կգնանք մեր էրգիր»:
Այս տարի նշվելու է գուսանի 60-ամյակը, եւ դրա առթիվ Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպվելու են համերգներ: Համերգային շրջագայությունը սկսվելու է մայիսի 15-ից: