կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-08 19:02
Առանց Կատեգորիա

Ինչ անել ապրիլի 9-ից հետո

Ինչ անել ապրիլի 9-ից հետո

Վաղը կայանալիք` Սերժ Սարգսյանի երդման արարողությանը խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու: «Ժառանգությունը» և ՀԱԿ-ն այդ մասին հայտարարել էին ավելի վաղ: Այսօր հայտնի դարձավ, որ այդ արարողությանը չեն մասնակցելու նաև ՀՅԴ-ն ու, փաստացի, ԲՀԿ-ն: ՀՅԴ-ն որոշումը հրապարակեց խմբակցության մակարդակով արված հայտարարությամբ: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա առայժմ ընդամենը հայտնի է դարձել, որ այս կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցելու Մարզահամերգային համալիրում կայանալիք միջոցառմանը, ինչը նշանակում է, որ դրան չի մասնակցելու կուսակցությունն` ընդհանրապես: Թե որն է դրա պատճառը, պաշտոնապես առայժմ չի մեկնաբանվում:

 

Ըստ էության Սերժ Սարգսյանը երդվելու է միայն ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի, ինչպես նաև այն քաղաքական ուժերի մասնակցությամբ, որոնք ՀՀԿ-ի քվոտայով իշխանության կերակրատաշտից օգտվելու մանդատ են ստացել: Սա առավել քան սիմվոլիկ ներկայացնում է քաղաքական-հասարակական այն իրավիճակը, որն առկա է Հայաստանում: Փաստացի տեղի է ունենալու սեփական իշխանության առջև և սեփական իշխանության համար Սերժ Սարգսյանի երդման մի արարողություն, որը շատ ավելի նման է սեփական երկրում սեփական ժողովրդից վտարման, մեկուսացման` հաշվի առնելով զուգահեռաբար Ազատության հրաժպարակում տեղի ունենալիք` այդ պաշտոնամուտը փաստացի բոյկոտելու հասարակական ընդվզման ակցիան` ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի երդման այլընտրանքային արարողության:

 

Ինքնին այս երևույթը ոչ միայն չափազանց տգեղ է, այլև ամոթալի: Այն արտացոլում է, մի կողմից, կոմպրոմիսի չգնալու` իշխանության կոտոշային վարքագիծը, մյուս կողմից` պայքարը քաղաքականից շարունակաբար սիմվոլիկայի հարթություն տեղափոխելու և վիրտուալացնելու` Րաֆֆի Հովհաննիսյանի «մարտավարության» տխուր արգասիքը: Սակայն հետաքրքրականը բոլորովին այլ իրողություն է: Ըստ էության, հայտարարելով հանդերձ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը չմասնակցելու մասին` թե' ՀԱԿ-ը, թե' ԲՀԿ-ն և թե' ՀՅԴ-ն չհայտարարեցին, որ մասնակցելու են Ազատության հրապարակում կայանալիք` Րաֆֆի Հովհաննիսյանի կամ նրա բնորոշմամբ, «Նոր Հայաստանի» երդմնակալությանը: Սա նշանակում է, որ այս ուժերը Ազատության հրապարակում, կատարվելիքը նույնքան անհասկանալի, գուցե նաև անընդունելի են համարում, որքան չհիմնավորված են գտնում կայացած ընտրությունների` առնվազն կասկածելի արդյունքների հիման վրա Սերժ Սարգսյանի պաշտոնամուտը: Նրանք փաստացի իրենց մեկուսացնում են այս երկու բևեռներից միաժամանակ` ըստ էության իրենց դուրս դնելով իշխանության և «Ժառանգության» կամա թե ակամա սահմանած քաղաքական սխեմաներից: Հասկանալի է, որ այս ուժերը դնում են բոլորովին նոր քաղաքական օրակարգ սահմանելու անհրաժեշտությունը, որը դուրս է նախագահական ընտրությունների պրիզմայից: Նրանք առանձին-առանձին փորձում են պրոցեսը նախագահական ընտրություններից տեղափոխել դեպի Երևանի ավագանու ընտրությունների համատեքստ`թերևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի ընտրության լեգիտիմությունը վիճարկելու բոլոր իրավական ռեսուրսները համարում են սպառված:

 

Մյուս կողմից` թե' ԲՀԿ-ն և թե' ՀՅԴ-ն ձգտում են ընդգծել երևանայան ընտրությունների քաղաքական նշանակությունը: Դեռ մարտի 5-ին Ազատության հրապարակում ունեցած ելույթում ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուտամյանը նման մոտեցումը պայմանավորել էր հետևյալ մարտավարությամբ. «Ինչ վերաբերում է շարժման վերջնական նպատակին, ապա այն շատ հստակ է և անփոփոխ՝ հասնել ժողովրդի լիակատար իշխանության հաստատմանը երկրում բոլոր մակարդակներով: Դրան տանող ամենավստահելի ճանապարհն է՝ շարժումն ուղղորդել հանգրվանային հաջողություններ արձանագրող տևական պայքարի հունով: Այսինքն` եթե տվյալ պահին չի հաջողվում իշխանությունը վերցնել ամբողջությամբ և միանգամից, դա մեզ չպետք է հիասթափեցնի, այլ մղի մեզ դրան հասնել աստիճանաբար՝ հանգրվան առ հանգրվան»: Արդեն ապրիլի 5-ին դարձյալ Ազատության հրապարակում ունեցած ելույթում ՀՅԴ ներկայացուցիչը որոշակիորեն բացեց փակագծերը` ըստ էության, սեղանին դնելով քաղաքական զարգացումների, պայքարի շարունակման` ՀՅԴ-ական այլընտրանքային սցենարը, որի իմաստն է, երևանյան ընտրություններում հետընտրական դաշինքի ձևավորման հեռանկարը իրատեսական դարձնելով, համախմբել ընդդիմադիր ընտրազանգվածը ընդդեմ ՕԵԿ-ՀՀԿ տանդեմի, այսինքն` այս ճանապարհով հասնել նրան, որ իշխող կուսակցությունը Երևանի ավագանիում մեծամասնություն չկազմի: Ըստ էության, սրանից բացի, առայժմ որևէ մարտավարական ուղղություն ընդդիմադիր դաշտում չի ձևակերպվել: Սակայն որքանով սա հնարավորություն կտա նախագահական ընտրություններով մեկնարկած այս շարժումը հունավորել առավել արդյունավետ հարություն, մեծապես կախված է լինելու նրանից, թե որքանով մյուս ուժերն այն կընդունեն իբրև կոնկրետ առաջարկություն:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ