Փոխարժեքներ
18 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Կորոնավիրուսային համավարակը վաղաժամ ընդհատեց նաև պատմաբան, 20-րդ դարասկզբի ազգային-ազատագրական պայքարի հմուտ տեսաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գևորգյանի երկրային կյանքի ուղին:
Մեզ համար՝ պարզապես մեր ընկեր Համոյի երկրային կյանքի ուղին: Ով մոտից ճանաչել է Հ. Գևորգյանին, կհաստատի, որ նա այն եզակի պատմաբաններից էր, որը ամբողջ էությամբ համակված էր մեր ազգային-ազատագրական պայքարի պատմությամբ, հայոց մեծ Ազատամարտի պատմությունը գիտեր իր բոլոր մանրամասներով, ապրում էր նրա յուրաքանչյուր դրվագով, ուներ այդ պայքարի իր նախընտրած հերոսները, որոնց մեջ առանձնահատուկ տեղ ունեին Նիկոլ Դումանը և Դրոն: Վերջինների նկատմամբ այնքան մեծ էր Համլետի համակրանքը, որ վերաճել էր յուրահատուկ պաշտամունքի: Հ. Գևորգյանն ուներ գիտնականի բեղուն գրիչ: Անցած երեք տասնամյակների ընթացքում նա հեղինակել է մեկ տասնյակից ավելի մենագրություն մեր մեծ Ազատամարտի առանձին նվիրյալների («Նիկոլ Դուման» (2002), «Սեբաստացի Մուրադ» (2003) և այլն) և այդ ազատամարտի առանձին կարևոր դրվագների («Էջեր հայոց ազատամարտի» (2005), «Հայաստանի հանրապետության կառավարության մարտավարությունը Սյունիքում և Արցախում. 1918-1920 թթ.» (2018)) մասին:
Դրանց մեջ յուրահատուկ տեղ ունի Հ. Գևորգյանի «Դրո» մեծարժեք ուսումնասիրությունը, որը եղել է նրա գիտաստեղծագործական կենսագրության ուղեկիցը՝ անցած շուրջ 30 տարիների ընթացքում ունենալով մի քանի համալրված և ճշգրտված վերահրատարակություն: Առաջին հրատարակության համեմատ, որը լույս տեսավ մեր նորանկախ պետականության նախաշեմին՝ 1991-ին, 2014-ին հրատարակված վերջին տարբերակի ծավալն աճել էր մոտ չորս անգամ՝ գերազանցելով 900 էջը: Ուստի ոչ պատահականորեն ընկերների և մտերմների շրջանում Հ. Գևորգյանը հաճախ հիշվում էր ««Դրո» գրքի հեղինակ» մտերմական հորջորջումով: Ճիշտ է, Դրոյի մահվանը հաջորդող տասնամյակների ընթացքում անվանի զորավարի և պետական գործչի մասին շատ է գրվել, որոնց մեջ կան նաև սկզբնաղբյուրի արժեք ունեցող աշխատանքներ, ինչպես Ս. Վրացյանի «Մրրկածին Դրոն», սակայն սխալված չենք լինի, եթե ասենք, որ Հ. Գևորգյանի «Դրո» ուսումնասիրությամբ, ըստ էության, դրվեց դրոյագիտության հիմնաքարը:
Լինելով Արցախյան ազատամարտի ոչ միայն ժամանակակիցը, այլև մասնակիցը՝ Հ. Գևորգյանն իր պատմագիտական ներդրումն ունեցավ նաև այդ ասպարեզում: Նա մի ամբողջ ասքապատում ստեղծեց արցախյան ազատամարտի հերոս Պետրոս Ղևոնդյանի մասին («Պետո»), մի մարդու, որին լավ ճանաչել է ոչ միայն ինքը, այլև ուրիշները: Նման քայլը որոշ իմաստով խիզախում է, որովհետև այդպիսով պատմաբանը մեծ պատասխանատվություն է ստանձնում ինչպես ժամանակակիցների, այնպես էլ հետագա սերունդների առջև՝ լինելով առաջին արժևորողը մի կյանքի պատմության, որին գուցե ուրիշները այլ կերպ են ճանաչել:
Որպես պատմաբան՝ Հ. Գևորգյանն ուներ գրավիչ և ընթերցողի հետաքրքրությունը խթանող, նրան իր զգացումներով համակող գրիչ: Նա, ինչպես ընդունված է ասել, ակադեմիական չոր ոճի գիտնական չէր, հետևաբար, բնական է, որ այդպիսի հեղինակի խոսքը կարող էր պարունակել նաև սուբյեկտիվիզմի տարրեր, ինչը որ իրեն բնորոշ ուղղամտությամբ Համլետը չէր էլ թաքցնում: Հատկապես, եթե խոսքը վերաբերում էր իր նախասիրած և, ընդհակառակն, իր կողմից ոչ այնքան սիրված գործիչներին: Իսկ նշանավոր գործիչների նկատմամբ նրա համակրանքի չափանիշներն էին, մեծ վաստակից բացի, նաև անմնացորդ նվիրումը ազգային գործին, խենթ քաջությունը և կեցվածքի համեստությունը: Հ. Գևորգյանն իր սեփական, վաղուց կայունացած համոզումներն ուներ մեր ազատագրական պայքարի նշանավոր գործիչների մասին և գրեթե անհնարին էր նրան հակառակում համոզելը, որովհետև այդ տեսակետները տևական պրպտումների արդյունք էին: Այդ առումով նրա համար չկային կամ գրեթե չկային հեղինակություններ, որոնց ազդեցությամբ նա կարող էր վերանայել իր կարծիքը:
Նույնքան գրավիչ էր Հ. Գևորգյանի բանավոր խոսքը լսարանի առջև. այն անկեղծ էր և իր անկեղծությամբ վարակիչ:
Ի դեմս Հ. Գևորգյանի՝ հայոց ազատամարտի պատմությունը կորցրեց իր անխոնջ քննախույզին, իսկ հայ պատմագիտական միտքը՝ իր հմուտ ներկայացուցիչներից մեկին:
Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր՝ կորոնավիրուսից մահացել է 1988-90 թթ․ համաժողովրդական շարժման ամենաակտիվ մասնակիցներից մեկը՝ պատմաբան Համլետ Գեւորգյանը:
Համլետ Գևորգյանի կենսագրականը՝ այստեղ։
Վարդան Պետրոսյան
26. 06. 2020 թ.