կարևոր
2908 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-31 17:08
Հասարակություն

Վաղը «Մալաթիա» տոնավաճառը կփակվի, այլ տոնավաճառների փակման մասին դեռ խոսք չկա. ՔՀՏԱ

Վաղը «Մալաթիա» տոնավաճառը կփակվի, այլ տոնավաճառների փակման մասին դեռ խոսք չկա. ՔՀՏԱ

ՔՀՏԱ տեսչական մարմինը անդրադարձել է այն տեղեկություններին, թե «Մալաթիա» տոնավաճառից հետո կփակվի «Գնունին»։

Վաղը` փետրվարի 1–ին, «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կդադարեցվի։ Եթե խոչընդոտներ լինեն, ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը կդիմի գործընկեր ուժային կառույցների օժանդակությանը` գործընթացն ապահովելու համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը։

Հիշեցնենք՝ ՔՀՏԱ տեսչական մարմինը որոշել է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կասեցնել, քանի որ տնտեսվարողը արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։ Տոնավաճառում այժմ շուրջ 550 տաղավար կա։

«Հունվարի 18–ին տնտեսվարողին տեղեկացրել ենք այս մասին, որ փետրվարի 1-ից տոնավաճառի գործունեությունը կդադարեցվի և տվել ենք ժամանակ, որպեսզի տոնավաճառում առկա ապրանքի տեղափոխման հարցերով զբաղեն»,–ասաց Զոհրաբյանը։

Անդրադառնալով այն տեղեկություններին, թե «Մալաթիա» տոնավաճառից հետո կփակվի «Գնունի» տոնավաճառը, Զոհրաբյանը պատասխանեց, որ իրենք տեղեկությունը տարածող լրատվամիջոցին որևէ հստակ անուն չեն հայտնել։

««Գնունի» տոնավաճառում 2021 թվականին իրականացվել է ստուգում, տրվել են կարգադրանքներ։ Տեսականորեն չեմ կարող ասել, թե հաջորդը որ շուկայում ստուգում կանցկացվի»,–ասաց նա։

Նշենք, որ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ «Գնունի» տոնավաճառի տնօրինությունը գործունեության կասեցման մասով պաշտոնական ոչ մի փաստաթուղթ չի ստացել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից։ Աշխատակիցների շրջանում էլ խուճապ չկա։