Փոխարժեքներ
18 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Այս գարնան ամեն օր բույնը նորոգող թռչնակի պես հայերս Բարձրյալից նոր լո՜ւյս զարթոնքի էինք սպասում, երբ հանկարծ լսում ենք եթերից գույժ՝ Ալվարդ Պետրոսյանի վախճանը...
Ալվարդ Պետրոսյանի մահը ցավ ու կորստի մրմոք էր նրան ճանաչողների հոգում... Տիկին Ալվարդը հայոց մշակույթի, գրականության, լրագրային աշխատանքներում, և ինչու ոչ՝ նաև հայ քաղաքական կյանքում երկա՜ր տարիներ շարունակ՝ թողեց հատկապես մտավորական շրջանում արժանապատվելի ճանապարհ։ Նա նվիրյալ ազգային գործիչ էր, ՀՅԴ անդամ, ՀՕԽ-ի նախագահ։ Ալվարդ Պետրոսյան հրապարակախոս գրողն արվեստի բարձր կոչման նկատմամբ մեծագույն համոզվածությամբ, սիրով էր լցված։ Նա իր հավատավոր գործընթացներն առաջ էր մղում ազնիվ, բոլորանվեր գործունեությամբ, խոսքի ու գրչի հակիրճ, լակոնիկ արտահայտումներով։
Ափսո՜ս, նրա գալիքում սպասվող հույս ու երազանքներն այժմ «բացակայող» եղան իր հեռանալու պատճառով։ Տիկին Ալվարդի առ վերջին շրջանի Հայրենիքի հանդեպ հավատի հոգևոր շա՜տ ակնկալիքներ թևաթափող էին թեև, բայց... նա վերջին օրերին հավատով ասում էր. «Երկնքից էլ կտեսնեմ հայոց Շուշին նորից ազատագրված, ոսոխ թափթփուկների ձեռքից ազատված, և ողջ Արցախը՝ անկախացած...»։
Ալվարդ Պետրոսյանն անխոնջ, ազգանվեր մտավորական էր։ Նա իր գաղափարայնության խորքում ուներ սպասումների անսահման ջերմ վերաբերմունք դեպի «Արցախն ու Մայր Հայաստան» երկրի ազատանկախացած գաղափարը, և՝ ողջ հայոց սփյուռքի միասնականացման հիմնախնդիրները... Տիկին Ալվարդ Պետրոսյանը հոգևոր արժեքներով, ազգային զարթոնքով էր հարստացնում իր գրչի, մտքի գրելանյութը, ապրում լուսավոր հավատով, ժողովրդի վաղվա հաղթանակով։
...Տիկին Ալվարդ Պետրոսյանի հետ բախտ եմ ունեցել աշխատելու. նա խմբագրում էր կանանց նվիրված թերթը՝ «Առագաստը»։ Այն շաբաթաթերթ էր, որում ընդգրկված էինք բուհի նորավարտ լրագրողներս։ Տպագրում էինք հայոց անվանի արվեստագետների, գրողների, մշակույթի, քաղաքական հայտնի գործիչների հետ մեր հարցազրույցները։ Տիկին Ալվարդ Պետրոսյանի հետ աշխատելն ու շփվելը հետաքրքիր էր և ուսանելի։ Ի դեպ, մթնոլորտն այնքա՜ն խաղաղ էր բոլորիս համար, բարեկիրթ էին այն բոլոր շփումները, որոնց սկզբնավորողը և հեղինակը դարձյալ մեր սիրելի խմբագիրն էր։
Այդ մակարդակը պատասխանատվությամբ ապահովում էր այո՛, ինքը՝ հայրենապաշտության մեծագույն գաղափարներով այրվող ու ապրող տիկին Ալվարդը։
Ահավասիկ, մտաբերում եմ (սիրելի ընթերցող, Ձեր թույլտվությամբ) հետևյալը։ Այդ տարիներին ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում և Գլենդելում հրատարակվեց հայալեզու «Եղիցի լույս» ամսագիրը։ Ինքս այդ հանդեսի երևանյան խմբագրակազմում էի։ Նույն ընթացքում հանդեսի խմբագիրը խնդրել էր, որ հանդիպեմ հայոց մտավորականների, որոնք բարեմաղթանքի խոսք կգրեին ամսագրի հրատարակման առիթով։ Կազմակերպեցի մի խումբ անվանի մեծերի հետ նյութերի նախագիծ, որն օրեր անց Գլենդելում տպագրվեցին լուսանկարներով։ Այս շարքում նաև Ալվարդ Պետրոսյանն էր (իրենց ողջույնի խոսքը ներկայացրին ՀՀ մշակույթի նախարարը, հայտնի հայ մեծանուններից՝ Սիլվա Կապուտիկյանը, Գևորգ Էմինը, Սոս Սարգսյանը, Օֆելյա Համբարձումյանը, Հայկ Խաչատրյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Նառա Շլեպչյանը, Սվետլանա Խանումրյանը...)։
Արդ ներկայացնում եմ տիկին Ալվարդ Պետրոսյանի ողջույնի խոսքը, որոշ կրճատումներով. «Ողջունում եմ «Եղիցի լույս» ամսագրի մուտքը. հավատացած եմ՝ Սփյուռքը «Եղիցի լույսի» միջոցով կօգնի բարձր պահել հայոց մշակույթը, մեր լեզուն և ազգային ոգեղենը... Աշխարհում թերևս, ոչ մի ժողովուրդ այնպես չի ձգտել լույսի, ինչպես մեր ազգը։ Լո՜ւյս երկրի, բարձրիկ արևին ու երկնքին, որոնց մոտիկ է մեր երկրի ծնունդ, լույսի զինվոր մեր ժողովուրդը, որը ծնվել է լույսի մեջ, երգել է լույս, զոհվել է վասն լուսո։ Ասել է՝ Առավոտ լուսո, ասել է լույս, լույս զվարթ, Ասել է՝ Եղիցի լույս»։
Թող հավերժ լո՜ւյսերով ողողվեն տիկին Ալվարդ Պետրոսյանի հիշատակն ու անունը։ Ամեն։
Լուսինե Թոփուզյան