կարևոր
472 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-29 17:15
Հասարակություն

Եվրոպական արժեքները չեն կարող զոհաբերվել նավթով հարստացած ավտոկրատիաների հետ տնտեսական շահերի համար. ՀՅԴ ՆԱՈւՄ վարչության ատենապետ Միրո Սարգսյան

Եվրոպական արժեքները չեն կարող զոհաբերվել նավթով հարստացած ավտոկրատիաների հետ տնտեսական շահերի համար. ՀՅԴ ՆԱՈւՄ վարչության ատենապետ Միրո Սարգսյան

Մինչ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի մասնակիցները ժամանում էին ՀՀ Ազգային Ժողովի շենք, ԱԺ դարպասների մոտ բողոքի ակցիա էին անցկացնում ՀՀԿ, ՀՅԴ  երիտասարդական և ուսանողական կառույցների, այլ քաղաքական ուժերի,  հասարակական միավորումների երիտասարդները։

Ներկայացնում ենք  ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ատենապետ Միրո Սարգսյանի ելույթը․

«Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հարգարժան պատվիրակներ,

Այսօր դուք հավաքվել եք այստեղ՝ քննարկելու Արևելյան գործընկերության տարածաշրջանին և դրանից դուրս վերաբերող կարևորագույն հարցեր։ Այս բողոքի ակցիայի միջոցով մենք ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել մի քանի հրատապ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին հարցերի վրա։ 

Եվրամիությունը չի կարող հանդուրժել էթնիկ զտումները, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, պատանդների խոշտանգումները, արցախցների վերադարձի իրավունքի մերժումը, ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան, մարդու իրավունքների զանգվածային խախտումները և այլ հանցագործություններ, որոնք կատարվել են Ադրբեջանի՝ որպես տարածաշրջանում Արևելյան գործընկերության անդամ  երկրի կողմից։

Եվրամիության գործադիր մարմինները՝ հիմնականում Եվրոպական Հանձնաժողովը և Եվրոպական Խորհուրդը, պետք է ձեռնարկեն անհրաժեշտ քայլեր՝ իրենց գործողություններն ու քաղաքականությունը համապատասխանեցնելու Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևերին։ Եվրոպական արժեքները չեն կարող տեղի տալ նավթով հարուստ ավտոկրատիաների տնտեսական շահերին։ 

Պատմությունը, հատկապես վերջին շրջանում, ապացուցել է, որ անպատժելիությունը հանգեցնում է, հատկապես մարդկության դեմ, նոր հանցագործությունների։

Հարգելի՛ պատվիրակներ, մենք նաև կոչ ենք անում  ուշադրություն դարձնել Հայաստանի ներքին զարգացումներին, մասնավորապես՝ օրենքի գերակայության խնդրին, քաղաքական ազատ կամարտահայտման նկատմամբ հարգանքին ու  դատական համակարգի անկախությանը։ Քաղաքական հետապնդումները, քաղբանտարկյալների գոյությունը, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակումները չեն կարող ընդունելի լինել ձեր կողմից։ 

Այսօր Հայաստանում ժողովրդավարության իմիտացիա է։ Քաղբանտարկյալների այս պաստառները, որ տեսնում եք, այդ իմիտացիայի կենդանի ապացույցն են»։