«Կրոնները ազգերի խաղաղ համագոյակցության երաշխիք» խորագրով համաժողովի մասնակիցները (Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 22 դեկտեմբեր, 2022 թ․) հանդես են եկել հայտարարությամն. 
«Մենք՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան համատեղ կազմակերպած «Կրոնները ազգերի խաղաղ համագոյակցության երաշխիք» խորագրով համաժողովի մասնակից հայ քրիստոնյաներս և իրանցի մուսուլմաններս՝ որպես համաշխարհային և ավանդական կրոնների ներկայացուցիչներ, առաջնորդվելով  հանուն կայուն, անվտանգ խաղաղության անհրաժեշտությամբ և հաստատելով  ընդհանուր մարդասիրական արժեքների կարևորությունը մարդկության հոգևոր և ընկերային կյանքի զարգացման, համընդհանուր խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման գործում՝
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ
	- Ճանաչել ազգային-կրոնական և հոգևոր-բարոյական ուղենիշների առանցքային նշանակությունը և կարևորությունը հասարակական հարաբերությունների կայուն զարգացման գործում։
 
	- Դատապարտել և մերժել ընկերային, էթնոմշակութային և կրոնական տարբերությունների հիմամբ անհանդուրժողականությունը, այլատյացությունը, խտրականության դրսևորումները և հակամարտությունները։
 
	- Կարևորել ժողովուրդների կրոնական բազմազանությունը՝ որպես համամարդկային ժառանգության պահպանման գործոն։
 
	- Խրախուսել բարեգործությունը, կարեկցանքը, ողորմությունը, ընկերային արդարության և համերաշխության կատարելատիպերի ձևավորումը՝ նպաստելով հասարակությունների մերձեցմանը։
 
	- Ընդունել կրթության և մասնավորապես կրոնական կրթության արժեքն անձի ինքնակրթության, ինչպես նաև այլ կրոնների ու մշակույթների նկատմամբ հարգալից վերաբերմունքի զարգացման գործում։
 
	- Ընդգծել հասարակության  մեջ և ընտանիքի պահպանման ու ամրապնդման գործում կնոջ դերը, հատկապես մոր կարևորությունը  մատաղ սերնդի դաստիարակության հարցում։
 
	- Աներկբա  դատապարտել ծայրահեղականությունը, արմատականությունն ու ահաբեկչությունը, հատկապես կրոնական հողի վրա, որոնք ոտնձգություն են մարդկային կյանքի ու արժանապատվության, խաղաղության ու անվտանգության նկատմամբ։
 
	- Դատապարտել աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում հակամարտությունների և լարվածության օջախների ստեղծմանը նպաստող որևէ գործողություն և խոսք։
 
	- Խստիվ դատապարտել կրոնական դրույթների և գաղափարների կեղծման և դիտումնավոր շահարկումն ազգերի և ժողովուրդների միջև հակամարտություն և լարվածություն հրահրելու նպատակով։
 
	- Նոր տարվա և Սուրբ Ծննդյան շեմին Սուրբ Էջմիածնից աղոթում ենք առ Բարձրյալը՝ հայցելով խաղաղություն համայն աշխարհին և համերաշխություն բոլոր ժողովուրդների միջև»։