կարևոր
439 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-28 11:44
Հասարակություն

Արդյո՞ք քաղաքակիրթ Եվրոպան պատրաստվում է աչք փակել Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման և ցեղասպանության վրա․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ելույթ ունենալով Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստում, անդրադարձել է Հարավային Կովկասի իրավիճակին՝ ընդգծելով խաղաղության անհրաժեշտությունը, որը, նրա խոսքով, պետք է լինի արդար և հիմնված արդարադատության վրա։

«Բոլորը ցանկանում են խաղաղություն, բայց խաղաղությունը պետք է լինի արդար՝ հիմնված արդարադատության վրա։ Դա պահանջում է, որ բոլոր կողմերի կենսական շահերը պաշտպանված և հարգված լինեն»,– նշեց պատգամավորը։

Խաչատրյանը մատնանշեց Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները՝ հիշեցնելով, որ այն շարունակում է «զավթման տակ պահել ավելի քան 200 քառ. կմ Հայաստանի ինքնիշխան տարածքից» և միջամտել Հայաստանի ներքին գործերին։

«Ադրբեջանը նախապայման է դնում՝ խաղաղության համար Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Դա հակասում է ՄԱԿ-ի խարտիայի և Հելսինկյան ակտի սկզբունքներին»,– ասաց նա։

Պատգամավորը նաև ընդգծեց, որ Ադրբեջանը շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը, որը «նշանակում է արտատարածքայինություն»։

«Եկեք չանտեսենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը։ Չկա գեթ մեկ հայ այնտեղ, մարդիկ, ովքեր հազարամյակներ են ապրել, ստիպողաբար տեղահանվել են։ Արդյո՞ք քաղաքակիրթ աշխարհը պատրաստվում է աչք փակել ցեղասպանության վրա»,– հավելեց նա։

Խաչատրյանը պահանջեց միջազգային կառույցների կողմից Ադրբեջանի նկատմամբ հստակ դիրքորոշում՝

«Այս վեհաժողովը պետք է պահանջի առանց նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին և դադարեցնել հայկական մշակութային ժառանգության ավերումը։ Ադրբեջանում գործող ֆաշիստ ռեժիմի անմարդկային գործողությունները չպետք է հանդուրժվեն»։

Մանրամասն՝ տեսանյութում։