կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-01 15:46
Սպորտ

Ռինգի "կախարդ"-ը. խոսք հիշատակի

Ռինգի "կախարդ"-ը. խոսք հիշատակի

 

Համաշխարհային սիրողական բռնցքամարտի  պատմության մեջ շատ չեն այն ընտրյալները , որոնց անվան  հիշատակումն իսկ ժամանակին ալեկոծել է  տարբեր երկրների մարզադահլիճները, իսկ մեծ ռինգից հեռանալուց հետո  մարզաշխարհը չի մոռացել նրանց:

 

Այդպիսի եզակի բռնցքամարտիկի օրինակ էր բարձր ու բազմապիսի տիտղոսների տեր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Երևանի պատանի բռնցքամարտիկների օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի հիմնադիր  տնօրեն  Վլադիմիր Ենգիբարյանը: Նրա վիրտուոզ տեխնիկայով, ակնթարթային ռեակցիայով , մրցակցին հասցրած հուժկու  ու նպատակային հարվածներով հիացել են բազում երկրների մարզասերներ: Բաց կեցվածքով  մենամարտելու նրա առանձնահատկությունների, տարածության ֆենոմենալ զգացողության  և սիրողական բռնցքամարտում նրա կատարած հեղաշրջման մասին արտահայտվել են  բազմաթիվ մասնագետներ:

 

1956 թ. հոկտեմբերի համարում  Անգլիայի  «Բոքսինգ նյուզ» ամսագիրը սովետական մարզիկին անվանել է սիրողական բռնցքամարտի հպարտությունը.  «Նա համեստ է , աշխատասեր և  ունի ֆիզիկական հիանալի տվյալներ»,-  գրում է ամսագիրը:

 

«Նրա ոտքերի հրաշալի աշխատանքը հիշեցնում է հռչակավոր  Ջո Լուիսին, իսկ բացառիկ արագ ռեակցիան ու հարվածների բազմազանությունը միայն իրեն են բնորոշ»

 

Ֆրանսիական «Էկիպ» թերթի բնորոշմամբ` գրեթե բոլորն են ցանկացել  բռնցքամարտել Ենգիբարյանի նման, բայց ոչ բոլորն են կարողացել, որովհետև չեն տիրապետել տարածության այնպիսի զգացողության և բացառիկ շարժունակության, ինչպես  ինքը` «Սովետական  լավագույն բռնցքամարտիկը»:

 

1956 թ. Մելբուռնի օլիմպիական խաղերում երևանցին  ԽՍՀՄ առաջին բռնցքամարտիկն էր, որը նվաճեց օլիմպիական  ոսկե դափնին` բացահայտ առավելությամբ հաղթելով ամերիկացի Ջո Շոուին, ֆրանսիացի  Սոլյուդեն  Լոուբշերին  և իտալացի Ֆրանկո Նենչիին, մյուսներին: Ուշագրավ է, որ պարտվողները չեն տխրել , իսկ իտալացի մարզիկը նույնիսկ հայտարարել է, որ Ենգիբարյանի նման վարպետից կրած պարտությունը նշանակում է անցնել լավ դպրոց:

 

ԽՍՀՄ բազմակի, Եվրոպայի եռակի և օլիմպիական խաղերի չեմպիոն Ենգիբարյանը 263  հանդիպումներից  տանուլ է տվել  միայն 13-ը , իսկ 105 մենամարտ ավարտել է բացահայտ առավելությամբ:

 

Երևանցու բացառիկ մրցավարական շնորհքն ու գործունեությունը  նույնպես գնահատվեցին ըստ արժանվույն և նրան շնորհվեց միջազգային բարձրագույն կարգի մրցավարի կոչում:

 

Վերջին անգամ Ենգիբարյանը  ԱՄՆ-ից ծննդավայր եկավ անցյալ տարի ` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով: Վարպետն արդեն վատառողջ էր, ինպես ասում են, կեցվածքը օլիմպիական չէր:  

 

Մարզասերը լեգենդար վարպետի բեմելը  դիմավորեց բուռն, երկարատև ծափերով: Սա նաև երախտապարտ մարզասերի գնահատականն էր բռնցքամարտի գրոսմայստերին, որն ավաղ հնչեց իբրև հրաժեշտի ծափահարություն:

 

Խոնարհում ու փառք քո հիշատակին, անմոռանալի Վլադիմիր Ենգիբարյան: Դու անմահ ես, քանզի քո անունը ոսկե տառերով է գրված հայկական սպորտի  օլիմպիական պատմագրքում: