կարևոր
325 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-29 12:13
Հասարակություն

Կառավարությունից որքա՞ն գումար է հատկացվել «Իմ քայլը» հիմնադրամին, և որքան է Փաշինյանի մասնակցությամբ ծախսը 2025 թ-ին. Արթուր Խաչատրյանը՝ Արայիկ Հարությունյանին

«Գերատեսչությունների կողմից ուղարկված գրությունների որակին հետևո՞ւմ եք»,- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից։ Այդուհետ պատգամավորը մի քանի օրինակ բերեց՝ մատնանշելով հարցումների ոչ պատշաճ պատասխանների օրինակները․ «Հարցում եմ ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվելով, թե Երասխ-Սադարակ հատվածի ապաշրջափակման վերաբերյալ առաջարկին ի՞նչ են պատասխանել Ադրբեջանից։ ԱԳՆ նախարարի տեղակալից եմ ստացել պատասխանը. փոխանակ թղթերը ներկայացնի, ասում է՝ Երևանյան երկխոսության ծրագրում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել, առաջարկում եմ դիտել ելույթը։ Կամ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարց ես տալիս, թե ՀՀ տարածքից ադրբեջանցիները ե՞րբ են տարածք գրավել և ամեն մի բնակավայրից քանի՞ քկմ, ուղարկում է Ազատության ռադիոկայանի մի ռեպորտաժ, մնացածի մասով էլ ասում է՝ մեկնաբանություն չունեմ։ Ես մեկնաբանություն չէի խնդրել, այլ կոնկրետ տվյալներ»,- ասաց Արթուր  Խաչատրյանը՝ կատակելով, թե փոխվարչապետը ո՛չ քաղաքական մեկնաբան է, ո՛չ էլ՝ սպորտային։