կարևոր
1216 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-28 18:20
Տնտեսական

Էներգետիկ վեկտորի փոփոխություն. ինչո՞ւ է դա կարևոր Հայաստանի համար. Վահե Դավթյան

Էներգետիկ վեկտորի փոփոխություն. ինչո՞ւ է դա կարևոր Հայաստանի համար. Վահե Դավթյան

Էներգետիկ վեկտորի փոփոխություն. Բաքվի արտահանման անկումը բացահայտում է համակարգային ճեղքեր: Ինչո՞ւ է դա կարևոր Հայաստանի համար: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանի էներգետիկ համակարգը գտնվում է փոփոխական և անկայունության փուլում։ 2025 թ. առաջին 8 ամիսների տվյալները ցույց են տալիս, որ երկրի էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը կրճատվել է մոտ 10%-ով, իսկ արտահանման եկամուտները՝ ավելի քան 8%-ով։

Ամենամեծ անկումը գրանցվել է Ռուսաստանի ուղղությամբ՝ մատակարարումները նվազել են գրեթե 1,7 անգամ, եկամուտները՝ ավելի քան կրկնակի։ Նմանատիպ միտումներ են նկատվում նաև Թուրքիայի և Իրանի ուղղություններով արտահանման ցուցանիշներում (համապատասխանաբար -19,8% և -11,9%), ինչը վկայում է ոչ թե առանձին շուկաների անկայունության, այլ՝ համակարգային կրճատման մասին։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանը ավելացնում է էլեկտրաէներգիայի ներմուծումը հարևաններից՝ հատկապես Ռուսաստանից, ինչը փաստում է ներքին սպառման և արտադրության հավասարակշռության խախտման մասին։

Ընդհանուր առմամբ, էլեկտրաէներգիայի արտահանման եկամուտը (մոտ 52,7 մլն ԱՄՆ դոլար 8 ամիսների ընթացքում) այլևս չի հավասարակշռում ծախսերը, իսկ երկրի էներգետիկ հաշվեկշիռը աստիճանաբար տեղափոխվում է մաքուր արտահանողից դեպի փոխադարձ կախվածության մոդել։

Նույն միտումը նկատվում է նաև նավթային հատվածում․ ս.թ. 7 ամիսների արդյունքում Բաքուն նվազեցրել է ռուսական նավթի ներմուծումը 32%-ով, սակայն այլ աղբյուրներից՝ Ղազախստանից և Իրաքից ստացվող ծավալները չեն կարողացել փոխհատուցել կորուստները։ Արդյունքում՝ նավթի արտահանման եկամուտները նվազել են գրեթե կրկնակի՝ նախաճգնաժամային տարիների համեմատ։

Ստացվում է պարադոքսալ պատկերը․ երկիր, որը ձգտում է հանդես գալ որպես Հարավային Կովկասի էներգետիկ հանգույց, այսօր ստիպված է էլեկտրաէներգիա ներմուծել և վերանայել սեփական արտահանման ռազմավարությունը։

Եվ սա հենց այն տեղեկատվական-պրոպագանդիստական փուչիկն է, որը Երևանն այլ պայմաններում կարող էր օգտագործել Բաքվի էներգետիկ-դիվանագիտական հնարքների դեմ: Վերջիններս, ինչպես բազմիցս եմ գրել, ուղղված են արտաքին, հատկապես եվրոպական դերակատարներին համոզելուն, որ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքը» կարող է ծառայեցվել արևմտյան շուկաներ էլեկտրաէներգիայի կայուն արտահանման նպատակով»: