կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-14 13:59
Հասարակություն

Եթե հետախուզությունը չթերանար, այսպես չէր լինի. Ռուբեն Գևորգյան

Եթե հետախուզությունը չթերանար, այսպես չէր լինի. Ռուբեն Գևորգյան

ԱԺ պատգամավոր, «Երդվյալ ազատամարտիկների միության» ղեկավար Ռուբեն Գևորգյանը Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով սահմանին տիրող իրավիճակի և այս պահին այնտեղի հարաբերական հանգստի մասին, նշեց, որ հայկական կողմը 1994 թվականի զինադադարից հետո էլ մշտապես պատրաստ է եղել պատերազմի:

«Միշտ էլ սպասել ենք. թշնամին մի այլ որակի մեջ ընկալվող է: Ես կարող եմ հստակ ասել, որ մեր բանակը կամ ժողովուրդը հանգիստ չեն եղել երբևիցե, նրանք միշտ էլ մտածել են, որ պետք է զգուշանալ: Ինչ վերաբերում է մեր պատրաստ լինելուն, ասեմ, որ մենք միշտ էլ պատրաստ ենք եղել, բայց ապրիլյան գործողությունների ընթացքում թշնամու հարձակումը հանկարծակի է եղել, սարսափելի ու թշնաբար` գիշերով: Ճիշտ է, բանակն արթուն էր, բայց ժողովուրդը քնած էր, և դա նույնն էր, թե քնած մարդուն կացնահարեն, քնած մարդու վրա հարձակում գործեն: Եթե նման հանկարծակի հարձակում չլիներ, մեր զոհերն ավելի քիչ կլինեին, և մենք ավելի լուրջ հակահարված կտայինք»,- ասաց Գևորգյանը:

Արձագանքելով մեր այյ դիտարկմանը, թե խոսվում էր մեր հետախուզության թերացման մասին, նա նշեց. «Ես իմ կարծիքը ժամանակին հայտնել եմ հետախուզության մասին, և, իրոք, մենք թերացել ենք, և միայն ես չէ, որ ասում եմ: Այն ժամանակ էլ ողջ հրամանատարական կազմում կային մասնագետներ, ովքեր համաձայնում էին, որ որոշ թերացումներ եղել են: Թերացումներ չլինեին, անկախ նրանից` պատերազմը գիշերվա կեսին կսկսվեր, թե` երբ, համենայն դեպս, մենք զգոն վիճակում կլինեինք, և այսպես չէր լինի: Ինչ խոսք, թերացումներ եղել են հենց հետախուզության մեջ»:

Գևորգյանի խոսքով՝ մենք միշտ պետք է պատրաստ լինենք և առաջնային զգոնության մակարդակում գտնվենք: «Այդ զգոնության վիճակը պետք է լինի ամենօրյա: Թշնամին ամեն րոպե էլ կարող է հարձակվել, երբևիցե հանգիստ չպետք է լինենք, նրանց վստահել չի կարելի: Անգամ Վիեննայում տեղի ունեցած հանդիպումները, պայմանագրերը և այլն, դրանք ես ընդունում եմ որպես պարզապես կայացած հանդիպումներ, քանի որ տվյալ թշնամու հետ ոչ մի զինադադարի հետևություն չի կարելի անել»,- ասաց նա:

ԼՂՀ ՊԲ նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձի մասին խոսելով՝ Գևորգյանն ընդգծեց, որ այս պատերազմական իրավիճակում քաղաքական դաշտում ներգրավվելը կամ նման մտորումներով ներթափանցելն ընդունելի չէ: Նա միաժամանակ ողջունեց Բաբայանի վերադարձը: «Զուտ հայրենասիրական առումով` ինչպե՞ս կարող ենք չողջունել: Չեմ էլ խուսափում ասել, որ ես ողջունում եմ նրա վերադարձը, եթե դա մաքուր է, ազնիվ է , հայրենասիրական մղումներով է», - նշեց պատգամավորը՝ հավելելով, որ ողջունում է Սամվել Բաբայանի նման մարդկանց վերադարձը հայրենիք՝ նման պատերազմական իրավիճակում: «Անկախ նրանից, թե ով է, ամեն մեկի վերադարձը ես ողջունում եմ: Անկախ նրանից, որ որոշ մարդկանց մոտ նա կարող է հակակրանք առաջացնել: Կան մի շարք մարդիկ էլ, ովքեր տվյալ մարդուն ընդունում են: Ես դրական եմ համարում նրանց գալը»,- նշեց Գևորգյանը:

Ինչ վերաբերում է 800 հեկտար տարածքին՝ նա ասաց. «800 հեկտար, թե` մի քանի պոստերի գրավում... Ում համար պատերազմն ավարտվել է, թող նա անհանգստանա, իսկ մեզ համար պատերազմը չի ավարտվել, և եթե պատերազմը մեզ համար չի ավարտվել, ուրեմն ոչ միայն այս տարածքները, այլև շատուշատ այլ տարածքների մասին կարող ենք մտածել, բայց պարզապես չեմ ուզում ամպագոռգոռ բաներ ասել: Իսկ ում համար ավարտվել է պատերազմը, թող նրանք ժամանակից շուտ ենթադրություններ չանեն: Էսօր մարդիկ շեշտում են 800 հեկտարը կամ մի քանի դիրքեր, բոլորն էլ մեզ համար թանկ են, կապ չունի դա փոքր հողատարածք է, թե ինչ է, մի քառակուսի մետրն էլ է թանկ մեզ համար: Հայրենիքն ու մի քառակուսի մետր հողը համազոր են, հավասարազոր ընկալում ունեն»,- ասաց նա:

Գևորգյանը համարում է, որ թշնամին զգաց` եթե պատերազմը, իր ցանկությունները չեն իրականանալու: «Չնայած պատերազմները քառօրյա չեն լինում, եթե զինվոր է զոհվում, ուրեմն պատերազմ է: Հակառակորդը տեսավ, որ իրենք շատ զոհ տվեցին և օձի ձևով հետ քաշվեց, ինչը նրանց համար էր նպաստավոր»,- ասաց նա:

Գևորգյանը նշեց նաև, որ 55 օր եղել է Մարտակերտի հյուսիսային բարձունքում և անձամբ է հետևել այնտեղ տիրող իրավիճակին: