կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-05 15:31
Մշակույթ

Ագնեսան, այսպես, թե այնպես, չէր մնա թատրոնի տնօրենի պաշտոնում. Նելլի Շահնազարյան

Ագնեսան, այսպես, թե այնպես, չէր մնա թատրոնի տնօրենի պաշտոնում. Նելլի Շահնազարյան

Արձակագիր, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Նելլի Շահնազարյանին Yerkir.am-ը հարց ուղղեց դստերը` Վանաձորի Հովհաննես Աբելյանի թատրոնի նախկին տնօրեն Ագնեսա Շահնազարյանին, աշխատանքային պայմանագիրը լրանալուն պես թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու փաստի առնչությամբ:

«Ագնեսան մտադիր չէր շարունակել. ընտանեկան խնդիր կան, երեխային մոտ լինելու անհրաժեշտություն կա և այլն, չմանրամասնեմ: Նա հաստատապես որոշել էր թողնել այդ պաշտոնը, և դա այժմ որպես մխիթարություն չեմ ասում:  Ո՛չ ես, ո՛չ նա երբեք կառչած չենք եղել պաշտոնից: Ինձ որևէ մեկը եթե ասի, որ դու այլևս չես կարողանում աշխատել, ու ժամանակն է, որ թատրոնից գնաս, ես շատ արժանապատվորեն վեր կկենամ ու կգնամ,- ասաց նա` շարունակելով,- Ագնեսան մտածում էր, որ իր աշխատանքային պայմանագիրը կերկարացնեն, ինչից հետո կմոտենար տիկին Ղարիբյանին ու կտեղեկացներ` որպեսզի թատրոնը ցնցումների չենթարկվի ու հապճեպ դուրս չգամ, կպաշտոնավարեմ ևս այնքան  ժամանակ, մինչև  ավելի հարմար թեկնածու գտնեք ու ներկայացնեք: Այդպես շատ նորմալ կլիներ: Իհարկե, կարելի էր ասել` գործ ես արել, պարապ չես նստել, ապա` նոր հրաժեշտ տալ»:

Yerkir.am-ի հարցադրմանը, թե Ագնեսա Շահնազարյանը ցանկություն չի՞ հայտնել աշխատելու նախարարության ներկայիս ղեկավար կազմի հետ, Նելլի Շահնազարյանը  պատասխանեց. «Եկեք ես չխոսեմ, այդ թեմայով խոսելը սիրուն չէ»: