կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-02 17:20
Քաղաքական

Եթե մեր բանակը թույլ լիներ, Ադրբեջանը հաշվի չէր առնելու շատ բանակցային կողմեր. Գևորգ Գևորգյան

Եթե մեր բանակը թույլ լիներ, Ադրբեջանը հաշվի չէր առնելու շատ բանակցային կողմեր. Գևորգ Գևորգյան

Հայկական բանակը մեր անվտանգության միակ երաշխավորն է և պետական համակարգում ամենակայացած կառույցը՝ առկա թերություններով հանդերձ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախյան պատերազմի մասնակից, հետախույզ Գևորգ Գևորգյանը:

«Արցախյան շարժումից սկսած առ այսօր մեր պատերազմը չի ավարտվել, ժամանակավոր զինադադարը չի նշանակում պատերազմի ավարտ, և ոչ էլ որևէ մարտական  գործողության վերսկսում նշանակում է նոր սկիզբ: Սա պարզապես Ադրբեջանի ձեռագիրն է, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայությամբ խոսում են մի բան, բայց հետո` անում մեկ ուրիշ բան:  Ապրիլյանով սկսվեց թշնամու առաջխաղացումը, որը հետագայում կարող էր բերել լայնամասշտաբ գործողությունների, բայց, ի պատիվ մեր տղաների, կարողացանք կասեցնել թշնամու առաջխաղացումը»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Ադրբեջանն էր սանձազերծել պատերազմը և հետո էլ ՌԴ-ի միջնորդությամբ խնդրում էր դադարեցնել այն: 

Ըստ Գևորգյանի՝ եթե չենք ուզում, որ պատերազմ լինի, պետք է ուժեղ լինենք, երաշխիքը մեր ամբողջական ուժի մեջ է՝ բանակի, հասարակության, մեր սթափ գիտակցության, այսինքն՝ միասնականության:

«Երբ մենք պառակտվել ենք, հենց այդ ժամանակ են կուտակված խնդիրները մեր առաջ եկել: Բայց ուզում եմ, որ հասկանաք՝ եթե մեր բանակը թույլ լիներ, Ադրբեջանը հաշվի չէր առնելու շատ բանակցային կողմեր և լինելու էր իր երազած վայրերում՝ Երևանում և Սևանում»,- ընդգծեց ազատամարտիկը:

Գևորգյանը հարկ համարեց ընդգծել՝ մենք պետք է սովորենք, որ բանակն ինքն իրենով շատ փակ կառույց է, և բանակի մասին ամեն լուր չէ, որ պետք է հրապարակվի, դրանք կարող են թիրախավորել բանակը: Այս համատեքստում ազատամարտիկը սխալ համարեց, որ բանակում չծառայածը բանակի գեներալներին դասեր է տալիս և նրանց համար դասախոսություն կարդում: 

«Մենք տեսնում ենք թուլացումներ, քաղաքական և ռազմական նախկին գործիչների ամպագոռգոռ հայտարարություններ, որովհետև դրանով ինչ-որ դիվիդենդներ են փորձում հավաքել ու իրենց համար ինչ-որ քայլեր ապահովել, սակայն դրանով թիրախավորում են բանակը` ինչ-որ բաներ նշելով: Այս ամենը պատերազմական քայլերի համար պարարտ հող է, ուստի հատկապես նախկին սպաները և ռազմական գործիչները պետք է զուսպ լինեն՝ լինի զինատեսակների, թե` քաղաքական քայլերի մասին, ինչը, կրկնում եմ, ներքին քաղաքական քայլերի համար է արվում: Չի կարելի թիրախավորել բանակը, մեր երեխեքին, անվտանգությունը՝ դիվիդենտներ հավաքելու համար»,- հավելեց Գևորգյանը:

Անդրադառնալով խոսակցություններին, թե նախկին իշխանություններն Ապրիլյան պատերազմի հետ կապված հետախուզական տվյալներ են ունեցել, բայց անգործություն են դրսևորել, հետախույզ-ազատամարտիկը շեշտեց. «Ես չեմ կարող ասել՝ նման բան եղե՞լ է, թե՞ չի եղել: Բայց եթե նման բաներ եղել են, ամեն ինչին տիրապետել են ու դրան ընդառաջ, քայլեր չեն արել, դուք այսօր իշխանություն եք, ամբողջ ինֆորմացիան ձեր ձեռքում է, ունեք բոլոր հնարավոր միջոցները, պատժեք, պատասխանատվության ենթարկեք, որովհետև դա անմիջական կապ ունի մեր երկրի անվտանգության, մեր զինվորի և սպայի հետ: Սրա հետ կատակ անել չի կարելի, եթե դրա փաստերը կան, ինչո՞ւ եք խոսում, տարբեր ելույթներ ունենում, կոնկրետ պատասխանատվության ենթարկեք, չէ՞ որ բոլոր լծակները ձեր ձեռքում են: Պետք չէ պառակտումներ մտցնել»: 

Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, որ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» սկզբունքը կվերաձևակերպվի «Նոր պատերազմ` նոր տարածքներ» սկզբունքի, Գևորգ Գևորգյանը նշեց, որ «Խաղաղության դիմաց՝ տարածքներ» բանձևը քննարկման առարկա չի եղել: «Մենք չենք ունեցել նման ձևակերպում: Երկրորդ՝ պաշտպանության նախարարը չէր կարող այլ բան ասել: Ես չեմ պատկերացնում, որ ՀՀ պաշտպանության որևէ նախարար կարող է ունենալ պարտվողական մտածելակերպ:  Բնականաբար, սա ողջունելի է, և անկախ նրանից` դա այսօր արտահայտում է Դավիթ Տոնոյանը, իսկ վաղը կարտահայտի մեկ ուրիշը, սա պետք է լինի ՀՀ-ի դիրքորոշումը: Նախկին իշխանության օրոք էլ այլ դիրքորոշում չի եղել: Եվ ներքին ու արտաքին քաղաքական տարբեր խնդիրները չեն նշանակում, որ տարածքներ տալու կամ չտալու խնդիր ենք ունեցել, կամ ուրիշ օրակարգ է բարձրացվել: Ինչ վերաբերում է հայտարարությանը, թե այլևս դադարելու ենք միայն պաշտպանվել, պիտի ասեմ՝ նախորդ տարիներին էլ այնպես չէր, որ միայն պաշտպանվում էինք, պարզապես դրա մասին չէր բարձրաձայնվում, որովհետև պետք չէ բանակի մասին ամեն ինչ բարձրաձայնել:  Եթե մենք մինչ այս միայն պաշտպանվեինք, չէինք կարող այսօր փաստացի ունենալ այն, ինչ ունենք»,- ասաց Գևորգյանը: