Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Գալիս եմ այն համոզման, որ վարչապետը, ոչ միայն չի տիրապետում իր երկրի, իր ժողովրդի եւ համաշխարհային պատմությանը, այլ նաեւ հայերեն լեզվին. ֆեյսբուքյան իր էջում գրել է դոկտ․ Մարի Ռոզ Աբուսէֆեանը:
«Բավ է այլեւս...
Մեզնից շատերը, ովքեր մի քիչ դատելու եւ վերլուծելու կարողություն ունեն, ոչ միայն ըմբոստությամբ, այլ խորին ամոթով պիտի ընդունեն մեր վարչապետի մտայնությունը, կեցվածքը, քաղաքական հայացքները, բառապաշարը, մինչեւ իսկ պահվածքը։
Այսօր, երբ ԱՄն-ում բռնկած ազգային խտրականության դեմ պայքարը ոտքի է հանել այլ պետություններին նույնպես, որոնք փորձում են վերանայել իրենց արդարադատության, ոստիկանության գործելակերպին վերաբերող հավասար դատելու օրէնքները եւ նոր միջոցներ են մշակվում ընդհանրապես մարդկային, ազգային խտրականության վերացման համար, մեր երկրում գնալով սրվում է խտրականությունը։ Եւ սրողը ոչ ավել, ոչ պակաս վարչապետ Ն․ Փաշինյանն է։
Ամենազարմանալին այն է, որ ժողովուրդը իր վարչապետի անընդունելի արատների դեմ ասելիք չունի, լուռ է, գուցե որովհետեւ իր սրտից էլ է խոսում, որովհետեւ մեր երկրում մեր առաջին անկախության վերացումից հետո մինչ օրըս, ժողովուրդը մեկ մարդու մտածողությամբ է ապրում ու գործում, դա լինի բոլշեւիկ, կոմունիստ առաջնորդ, ԼՏՊ, թէ Փաշինյան։ Մյուս երկու ղեկավարներին՝ Քոչարյանին եւ Սարգսյանին, զանց եմ առնում, որովհետեւ նրանք ամենից առաջ ղարաբաղցի լինելու հանգամանքով արդեն խտրական էին եւ ինքստինքյան՝ ատելի։
Ինձ բոլորովին չի զարմացնում, որ մեր մտավորականները, որոնց թիվը բավական շատ է ոչ միայն երկրում, այլ նաեւ երկրից դուրս, միշտ լռել են, եւ շարունակում են լռել նույնիսկ այս օրերին, երբ աշխարհը առաջադեմ մեծ փոփոխության մեջ է։
Նրանք լռեցին, երբ դեռ նորընտիր վարչապետը իր բառերով՝ ՛՛ասֆալտին էր փռում՛՛, նույն այն ժողովրդին, որը օրեր շարունակ իր երթերին էր մասնակցում եւ որի աջակցության, ընտրությամբ էր կատարվել իր իշխանատեղադրումը։ Որին մեծարում էր ՛՛ժողովուրդ ջան՛՛ առօրյա հասարակ արտահայտությամբ եւ որին իբրեւ թէ տեղեկացնում էր Արցախյան «անզիջելի» բանակցությունների արդյունքների մասին։
Ողջ աշխարհը ականատես եղավ, ԱՄՆ-ում ՛՛ասֆալտին՛՛ փռողների դատապարտմանը։ Իսկ մեր երկրում ոչ միայն ծափահարեցին ու էլ ավելի մեծարեցին իրենց վարչապետին, ժողովրդի առաջ ամբիոնից ողջ կոկորդով ազդարարող իր այդ պատժամիջոցի համար, այլ հպարտացան, իրար դեմ ոխով լեցված հոգիները փառավորվեցին եւ սակավ քննադատողներին էլ նույն հոխորտանքով լռեցրին։
Արդյունքը եղավ այն, որ վարչապետին դարձրին այն ամենակալ միապետը, որը իրեն թույլ է տալիս ամբիոններից, այս էլ որերորդ անգամ ոչ միայն վարկաբեկելու, այլ հրապարակավ որոշում կայացնելու ընդդիմադիր մեկ այլ կուսակցության՝ ՀՅԴ ճակատագրի մասին, որի գոյության, գործունեության եւ հարատեւ պայքարի վաստակով է ինքը իշխում ողջ հայությանն ընծայված երկրում՝ Հայաստանում։ Մտածո՞ւմ է երբեւէ, որ եթէ չլիներ իր այդ ատած ՀՅԴ, այսօր չէր լինի նաեւ մեր այդ փոքրիկ երկիրը, ժողովուրդը չէր դիմի իր երկրորդ անկախությանը, չէր ազատագրվի Արցախը եւ բնականաբար ինքը չէր բազմի ղեկավարի աթոռին։
Գալիս եմ այն համոզման, որ վարչապետը, ոչ միայն չի տիրապետում իր երկրի, իր ժողովրդի եւ համաշխարհային պատմությանը, այլ նաեւ հայերեն լեզվին։ Եթէ ոչ նա պիտի զգուշանար ՀՅԴ-ը ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՑԻԼ անվանելուց, պիտի տեղյակ լիներ, Հիտլերի, Ստալինի եւ այլ ազգասպան դատապարտյալների օգտագործած այդ արտահայտությանը, որի հետեւանքով զոհվեցին միլիոնավոր անմեղ մարդիկ եւ հարյուր հազարավորները նաեւ իր հայրենակից հայերից։ Դա կարծես բավական չէր իր մաղձը, իր ոխը արտահայտելու, նա ավելի ցածր մակարդակի իջավ ՀՅԴ-ը ՛՛աղբաման՛՛ նետելով եւ վրան էլ —՛՛կափարիչ՛՛ փակելով։ Գուցէ հաջորդ անգամ գիլյոտինի արժանացնի, ո՞վ գիտե, չէ որ իր միահեծանությունը ժողովրդի լռության համաձայնությամբ օրէօր դառնում է օրէնսդիր անձեռնմխելիություն։ «Զարգացածության առաջին նախապայմանը հարուստ, կիրթ լեզու ունենալն է» գրել է Տերյանը, որից ցավոք զուրկ է մեր ղեկավարը։
Ես նախ ամոթ զգացի, որ երկրի վարչապետը մեր Առաջին Անկախության, Մայիս 28-ի մեծարմանը, բացի Արամ Մանուկյանից, երբեք չհիշատակեց մեր պետության առաջին նախարարների անունները։ Կարծես Արամից հետո գալիս է ինքը։ Բայց հետո անդրադարձա, որ նա հավանաբար չգիտի էլ նրանց անունները, նրանց գործունեությունն ընդհանրապես։ Եթէ ոչ ինչ՞ու պիտի այդքան թույնով լեցված լիներ եւ ժողովրդին էլ նույն թույնով զիներ, այն կուսակցության հանդեպ, որի ներկայացուցիչներն էին մեր երկրի այդ փառահեղ անձերը։
Ես ոչ մեկ հավակնություն ունեմ ՀՅԴ պաշտպանելու, առավել եւս այդ 130 ամյա եւ նույնքան տարիներ ինքն իրեն հաստատած, հայությանը նոր ավյուն ներարկած կուսակցությունը իմ պաշտպանության կարիքն իսկ չունի։
Միայն ցավ եմ ապրում, որ հայաստանի կուսակցականները մակերեսայնորեն մոտեցան իրենց ընձեռած պաշտոններին, շահագործեցին այն, առանց խորքով զգալու Դաշնակցության գաղափախոսությունն ու նրա նվիրումը։
Ցավ եմ ապրում նաեւ, տեսնելով, որ մեր ղեկավարության հակադաշնակցական թույնը ներգործում է նաեւ կուսակցության այն անդամների վրա, որոնք ինչ-ինչ պատճառներով վիրավորված կամ հեռացված են եւ այսօր իրենց լռությամբ աջակցում են այս պառակտմանը։
Սակայն իմ լռությամբ ես չեմ ուզում դառնալ վարչապետի կույր հետեւորդներից, նրա անմիտ շարքայիններից մեկը։
Իմ գաղափարներով, իմ էությամբ, որ 30 տարիներ քննադատել եմ իշխող ղեկավարներին անխտիր, այսօր էլ չեմ կարող ընդունել մի վարչապետի, որը պառակտում է իր ժողովրդին, երկրի ներսում եւ դրսում, ատելություն հրահրում այն էլ ազգային կուսակցության հանդեպ։
Բավ է այլեւս, այս լռությամբ մենք ընդունում ենք ոչ թէ մեր անկախությունը, այլ մեր ստրկությունը, մեր կործանումը։
Մեր ժողովուրդը երբեք չվերլուծեց, չհասկացավ, որ իր մեջ պիտի փնտրի իր ձախողումները, իր կուրորեն ենթարկվելու, հեշտորեն դրսի ուժերին վաճառվելու, նրանց գործիքը դառնալու իր բնավորության մեջ։ Ահա թէ ինչու բոլշեւիկներից, համիտներից, երիտթուրքերից սկսած մինչեւ ԼՏՊ-ներն ու նորօրյա իշխանությունները առաջինը ուզում են ոչնչացնել Դաշնակցությանը, միակ ազգային կուսակցությունը, որը որքան էլ իր ներսում պառակտումներ ունի, միեւնույն է ազգի շահերին է ծառայում եւ ոչ թէ դրսի ուժերին։ Հենց սա են ուզում ոչնչացնել մեր ապազգային իշխանությունները։
Այսօրվա տիրող իրավիճակը հավելյալ անգամ դա հաստատող փաստ է։
Համաճարակի այս ծանր օրերին, երբ մեր նման թվով քիչ ժողովրդի յուրաքանչյուրի կյանքը թանկագին է, փոխանակ համախմբվելու, ընդունելու բոլոր տեսակի այն էլ տեղին քննադատությունները, այս սուր համաճարակը թեթեւորեն ու կատակով ընդունելու համար, փոխարենը թիրախ են դարձնում մի կուսակցության, որն այս դժվարին օրերին արտերկրում տեր է կանգնում իր ժողովրդին ոչ միայն 130 տարիներ ի վեր, այլ այսօր, այս պահին, իր բոլոր հաստատություններով աշխատում եւ օգնում է հայ համայնքներին, հիվանդներին, կարիքավորներին, աղքատներին, ծերերին։
Մեկ ամբողջ ժողովուրդ իրավունք չունի իր լռությամբ մեղսակից դառնալու իշխանության սխալներին։ Այդ նույն ձեւով նախկինում վարվեցին։ Իրենց կոչումների, մեդալների, մեծարումների համար մեր անվանի ստեղծագործողները ղրկվեցին արտասահման պառակտելու ժողովրդին, որոնք արհամարեցին, ծաղրեցին եւ ազգային հիմներգ եւ դրոշ եւ կերտած պատմություն եւ վերադառնալով մեծարվեցին ԿԳԲ բարձրաստիճան կոչումներով։ Նրանք չմերժեցին, չվերադարձրին այդ ազգասպանների կոչումները, հակառակը սիրով ու հպարտանքով ընդունեցին այն։
Եւ այսօր, այս ամենի հավաքածուն է, որ դեռ շարունակում է տիրել մեր երկրում։ Տերերի անուններն են փոխվել, սակայն հիմնականում նպատակը մնացել է նույնը՝ մեր ազգայնության, մեր երկրի ոչնչացումը»,- ասվում է գրառման մեջ։