կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-31 06:12
Հասարակություն

Եկել ես, որ մնա՞ս

Եկել ես, որ մնա՞ս

 

Պրահայի սրճարաններից մեկում հանդիպեցի տիկին Նանուշին (անունը փոխված), ով, երբ իմացավ Հայաստանից եմ, միանգամից հարցրեց. «Եկել ես մենալո՞ւ համար»: «Ոչ, վերադառնալու եմ»,- պատասխանեցի, հետո իմացա, որ Նանուշը Պրահայում ապրում է արդեն 4,5 տարի. եկել էր Երեւանից` կյանքը բարելավելու համար:



«Մեծ աղջկաս ընտանիքի հետ եմ այստեղ ապրում: Նրանք արդեն կացություն ունեն , իսկ ես՝ ոչ: Մի քանի ամիս ապրել եմ ճամբարներից մեկում, հետո դուրս եմ եկել եւ աշխատանքի եմ անցել արաբական մի խանութում` որպես վաճառողուհի»,- պատմեց տիկին Նանուշը՝ հավելելով, որ խանութում աշխատում է օրինական կարգավիճակով. «Պատկերացնո՞ւմ եք, աշխատում եմ օրինական, բայց այս երկրում դեռ ոչ մի կարգավիճակ չունեմ: Աշխատում եմ այդ ուղղությամբ, որպեսզի ստանամ «asilo» (ապաստան) կարգավիճակ»:

Երկշաբաթյա իմ շրջագայության ամենատպավորիչ դեպքը Երեւանից նախ` Սոֆիա (Բուլղարիա), այնուհետեւ` Չեխիա հասած Կարապետյանների ընտանիքին հանդիպելն էր, ովքեր ցանկություն ունեին հաստատվելու Պրահայում:

 

Կարապետյաններին հանդիպեցի պատահաբար`  Պրահայի կենտրոնական հրապարակներից մեկում: Պարզվեց, որ ընտանիքի մեծ տղան նախ երկար տարիներ ապրել է Սոֆիայում, իսկ այնուհետեւ ընտանիքի անդամենրին, որպես զբոսաշրջիկ, հրավիրել է իր մոտ, ապա սկսել են ավտոմեքենայով իրենց եվրոպական շրջագայությունը:



Ըստ նրանց պատմածի` ցանկանում են տեսնել, թե որ երկիրն է ավելի լավ տնտեսական եւ բիզնես քաղաքականություն վարում, որից հետո կհաստատվեն հենց այդտեղ: Իհարկե, սկզբում նրանք կարծել էին, որ ինքս արդեն Չեխիայի քաղաքացի եմ եւ միանգամից սկսեցին հարց ու փորձ անել, թե՞ ինչպես կարող են գործ սկսել Պրահայում:



Դե ես էլ, որ ամեն ինչից անտեղյակ էի, միանգամից ասացի, որ  կարող էին հենց Երեւանում դիմել կա'մ պետական, հա'մ հասարակական կազմակերպությունների, որոնք եվրոպական երկրների միգրացիոն քաղաքականությամբ են զբաղվում եւ տեղեկատվություն են տալիս անտեղյակ քաղաքացիներին, ապա նոր սկսեին իրենց «շրջագայությունը»: «Խի, նման կազմակերպություններ կա՞ն Հայաստանում»,- հարցրեցին զրուցակիցներս, որոնց ի պատասխան հայտնեցի. «Իհարկե, կան` Միգրացիոն ծառայություն, Միգրացիայի միջազգային կազմակերպություն, տարբեր միջազգային եւ տեղական կազմակերպություներ, որոնցից կարող էիք տարաբնույթ ձեր հարցերի պատասխանը ստանալ հենց Երեւանում»:



Երբ Կարապետյաններն իմացան, որ ինքս էլ եմ զբոսաշրջիկ, նույն մտատանջող հարցը տվեցին. «Եկել ես մնալո՞ւ համար»:



Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց, որ Չեխիայում հայ համայնքի ճշգրիտ թվեր, որպես այդպիսին, չկան:



«Ներկա պահին կան մոտավոր տվյալներ: Ես կարող եմ ասել, որ մինչեւ 2500 ՀՀ քաղաքացիներ են բնակվում օրինական հիմունքներով, իսկ անօրինականներ շատ քիչ կան: Մոտ այդքան,  գուցե ավելին Չեխիայի քաղաքացիներ կան, որոնք եկել են ՌԴ-ից , Մեծ Բրիտանիայից, Ուկրանիայից եւ այլ տեղերից: Մոտավոր հաշվարկներով հայերը Չեխիայում կազմում են 6-7 հազար կամ գուցե ավելի» - ասաց դեսպանը:



Տարբեր գնահատականներով այսօր Չեխիայում բնակվում է ազգությամբ հայ 10 հազար մարդ: Այսօր հայերի մեծամասնությունը կենտրոնացած է մայրաքաղաք Պրահայում, որից հետո մեծաթիվ հայություն կա Բռնոյում, Լիբրեցկում եւ այլ քաղաքային բնակավայրերում:



Վերջին 20 տարիներին ՀՀ-ից Չեխիա մեկնած հայերի հետ պատահական զրույցներից հասկացա, որ միակ պատճառը հայրենիքում տիրող վիճակն է` լինի տնտեսական, թե` սոցիալական, պարզվում է նաեւ, որ մարդիկ իրենց ծագման երկիրը լքել են որոշ ճնշումներից խուսափելու համար:



Սարգիսը, ով օտարության  ճամփեն բռնել է դեռեւս 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո, պատմում էր, որ հեռացել է, որպեսզի հետագայում ճնշումներից խուսափի: Թե՞ որքանով էր իմ զրուցակցի պատմությունը իրականությանը համապատասխանում, չիմացա, սակայն պարզվեց, որ մինչ Չեխիայում հաստատվելը նա նույն պատմությունը պատմել է ԵՄ մի քանի երկրներում եւս: «Չեմ ցանկանում խոսել այն խոչընդոտների ու անցկացրածս օրերի մասին: Միայն կասեմ, որ չեմ ցանկանում վերադառնալ Հայաստան: Չնայած կարոտել եմ բոլորին, կարոտել եմ իմ տունը, իմ հարազատներին, բայց չեմ վերադառնա: Ունեմ կացություն, աշխատանքի թույլտվություն: Աշխատում եմ ապրում եմ, օգնում եմ նաեւ հարազատներիս, բայց վերադառնալու միտք չունեմ, քանի որ երկիրս այն երկիրը չէ, որտեղ կարող եմ հանգիստ ապրել` չմտածելով, որ մի օր չեն անհանգստացնի»,- ասում էր Սարգիսը եւ հավելում, որ ամեն անգամ հետեւում է Հայաստանի նորություններին. «Հեռուստատեսությամբ այլ բան են ասում, օնլայն մամուլը` մեկ այլ բան, եւ այդպես էլ չեմ հասկանում` որն է ճիշտ»:



Հայկական համայնքի հետ Սարգիսը չէր շփվում, քանի որ, ըստ նրա, իր` Չեխիայում գտնելու վատ օրերի հեղինակները եղել են հենց հայերը. «Այստեղ չկա սպայկա ասվածը»:



Դեսպանատնից նաեւ ճշտեցինք, որ օրինական հիմունքներով ապրող 2500 ՀՀ քաղաքացիներից ոմանք հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից:



Ըստ դեսպան Սեյրանյանի` ՀՀ քաղաքացիությունից հրաժարվողների թիվն այնքան էլ շատ չէ` տարեկան 15-20 հոգի . «Կարծում եմ, որ այդ թիվը էլ ավելի կնվազի ապագայում, երբ 2014-ին Չեխիան ընդունի երկքաղաքացիությունը, եւ այս պարագայում արդեն ՀՀ քաղաքացիները ստիպված չեն լինի հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից»:



Իսկ լինո՞ւմ են դեպքեր, որ արդեն իսկ Չեխիայի քաղաքացիները (անկախ ազգային պատկանելությունից) դիմում են` ՀՀ քաղաքացիություն ստանալու: Դեսպանը պատասխանեց. «Առ այսօր նման գործ չեք ունեցել, բայց վերջերս մի քանիսը մտադրված են: Այսինքն` նրանք, ովքեր նախկինում հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից: Մի քանիսի հետ զրուցել եմ, եւ նման ցանկություն կա, եւ ակնկալվում է, որ այդ մարդիկ դիմումներ կբերեն դեսպանատուն` ՀՀ քաղաքացիությունը վերականգնելու համար»:



Պաշտոնական կողմը հաստատում է, որ Չեխիայում բնակվող հայերի մեծամասնությունը օրինական բնակիչներ են, այսինքն` այստեղ ապրում, աշխատում, նաեւ սովորում են օրինական հիմունքներով:  «Հայերը Չեխիայում կենտրոնացած են հիմնականում շինարարության ոլորտում, նաեւ կան գործարարներ, մարդիկ, ովքեր իրենց գործունեությունը վարում են պետական պաշտոններում: Կան հայեր սպասարկան ոլորտում, կան արվեստագետներ, ուսանողներ` թե այստեղ ծնված եւ մեծացած, նաեւ` ՀՀ-ից եկած»,- ասում է Տ. Սեյրանյանը:



Դեսպանը, ով երկար տարիներ եղել է ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետը եւ Չեխիայում ՀՀ առաջին եւ լիազոր դեսպանն է, մեզ հետ զրույցում հայտնեց, թե ինչու է այնպես ստացվել, որ այդ երկրում հայերը հիմնականում ապրում են օրինական հիմունքներով. «Քանի որ Չեխիայի կառավարությունը այդպիսի քաղաքականություն է վարում ապաստան հայցող քաղաքացիների համար, օրինակ` ապաստան հայցողներին տրվող նպաստները շատ ցածր են այս երկրում: Խոսքը գնում է ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլեւ ընդհանրապես բոլորի մասին: Հետեւաբար` ապաստան հայցողների թիվն այս երկրում չնչին է: Ըստ այդմ` այստեղ չեն գալիս ապաստան հայցողի կամ անօրինական կարգավիճակում մնալու ակնկալիքով: Այնպես որ` ես կարող եմ ասել, որ ՀՀ քաղաքացիները կամ երրորդ պետությունների քաղաքացիներ այստեղ հիմնականում բնակվում են օրինական հիմունքներով՝ աշխատանքային վիզաներով, ստանում են ժամանակավոր կամ մշտական կացության իրավունք եւ, ի վերջո, ձեռք են բերում քաղաքացիություն»:



Ճամբարներ ասվածը, ըստ դեսպանի, մնացել է պատմության գրկում: «Գուցե, ապաստան հայցողների համար նախատեսված վայրեր կան, բայց ինքս կարող եմ գոհունակությամբ ասել, որ ՀՀ քաղաքացիներ, երեւի, այնտեղ չկան»:



Ներկա պահին Չեխիայում գործում է երկու փակ եւ մեկ բաց ` ապաստան հայցողների համար նախատեսված վայրեր, որտեղ ներկա պահին, որոշ տվյալների համաձայն, գրանցված են 10-15 ՀՀ քաղաքացիներ:



Նանուշը, ով ուներ օրինական աշխատանք, սակայն 4,5 տարիների ընթացում չէր ստացել ապաստանի կարգավիճակ, երկրորդ անգամ էր հանձնվել ճամբար. «Չեմ ցանկանում վերադառնալ Հայաստան, քանի որ ունեմ անձնական խնդիրներ` կապված նախկին աշխատանքիս հետ»:

 

Չեխիայի ոստիկանությունից ստացված տվյալների համաձայն` մինչ 2012 թվականի հոկտեմբերի 31-ն ներառյալ` Վրաստանի քաղաքացիներից 436-ը ստացել է ժամանակավոր բնակության, իսկ 354-ը` մշտական բնակության իրավունք, Ադրբեջանի քաղաքացիներից ժամանակավոր բնակության իրավունք ստացել է  677-ը , իսկ մշտական բնակություն՝ 146-ը , իսկ  ՀՀ քաղաքացիներից 678-ը ստացել է ժամանակավոր բնակության, իսկ 1328-ը` մշտական բնակության իրավունք:



Գալուստ ՆԱՆՅԱՆ  

Չեխիա- Հայաստան

Լուսանկարը՝ հեղինակի

 


 

31 10 2012 թվական

Ազգություններ

Ժամանակավոր բնակության              

Մշտական ​​բնակության              

Ընդհանուր

 Հայաստան                                

678 

1328       

2006

Ադրբեջան                            

677  

146   

823

Վրաստան                                                          

436    

354

790