Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1990-ականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը ֆորմալ առումով տրվել է մի խումբ պետությունների, որոնցից 3-ն ընտրվել են ՄԽ համանախագահներ, այսինքն՝ մանդատը տրված է միջազգային հանրության կոնկրետ խաղացողների, որոնք պետք է զբաղվեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմամբ։ Այս մասին 24News-ին ասել է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը` անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության թեմային։
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ՄԽ եռանախագահող պետություններն են՝ Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիայի Հանրապետությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները։
Նոյեմբերի 16-ին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ ու կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը հայտարարել էր, որ ՄԽ-ի մեխանիզմն այլևս չի գործում, Վաշինգտոնը զբաղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորմամբ երկու երկրների անմիջական փոխգործակցության միջոցով։
«Ինձ թվում է, որ այն զարգացել է այն աստիճան, որ կարող ենք կոնսենսուսի միջոցով վերջ տալ այս մանդատին: Այնուամենայնիվ, մանդատն ինքնին բավականին օգտակար է։ Թեև Մինսկի խմբի համանախագահների գործընթացն այլևս չի գործում։ Եվ մենք ուղղակիորեն ներգրավված ենք կողմերի հետ նրանց խաղաղության գործընթացում», - ընդգծել էր Ռիքերը։
Մարտի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանը խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։
Երեկ՝ լրագրողների հետ զրույցում, ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ասել էր, որ հայկական կողմը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը չի կապում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանն ասաց, որ հայ-ադրբեջանական վերջին սրացումները կապ չունեն ԼՂ հակամարտության հետ, այլ ուղիղ կապ ունեն երկու երկրների հարաբերությունների հետ։ «Որովհետև հարցն արդեն Լեռնային Ղարաբաղը չէ, գործողություններ են իրականացվում Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ։ Հիմա չափազանց բարդ է խոսել Մինսկի խմբի ապագայի մասին։ ՄԽ-ն չի կարող գործել ոչ թե Հայաստանի, Ադրբեջանի կամ Արցախի պատճառով, այլ, առաջին հերթին, Միացյալ Նահանգների կամ Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակասությունների պատճառով, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամի պատճառով ձեւավորված իրողությունների պատճառով։
Իհարկե, Ադրբեջանն էլ է դեմ ՄԽ գործունեությանը, Հայաստանն էլ որոշ վերապահումներ ունի ձևաչափի վերաբերյալ, բայց առաջին պատճառը, բնականաբար, Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարումն է»։ Ինչ վերաբերում է Ռիքերի՝ միջազգային այս մանդատին վերջ տալու խոսքին՝ Սարգսյանն ասաց. «Բայց կոնսենսուս կլինի՞, ինձ թվում է՝ ռուսները կասեն՝ «Ո՛չ, մենք համաձայն չենք, թող ձևաչափը մնա, կսպասենք ավելի լավ ժամանակների»»։ Քաղաքագետն ասաց՝ եթե ՄԽ համանախագահները չեն կարողանում միմյանց հետ աշխատել, ընդհանուր լեզու գտնել, պետք է հասկանալ, թե ինչ նոր զարգացումների կարող է բերել այդ միջազգային մանդատի չգոյությունը։
«Եթե ընդհանրապես խոսում ենք ՄԽ գոյության կամ չգոյության մասին, պետք է հասկանանք պատճառները, ով է լինելու բանակցությունների հիմնական կազմակերպողը կամ աջակցողը։ Ռուսաստանն առանձին նախաձեռնությամբ է հանդես գալիս, Վաշինգտոնը՝ առանձին, Բրյուսելը՝ առանձին։
Վերջին 3 ամիսներին, կարծես, մրցակցություն էր 3 խաղացողների միջև, թե ով ավելի առաջ կգնա բանակցությունների կազմակերպման գործում։ Եթե ՄԽ-ն չի գործում, մեկը պետք է միջնորդ լինի թե՛ ԼՂ հակամարտության, թե՛ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումների հարցում։ Թե ով է լինելու միջնորդը, իհարկե, ցույց կտա ժամանակը, Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների կոնտեքստը», - եզրափակեց Սուրեն Սարգսյանը։