կարևոր
3136 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-02 15:18
Քաղաքական

Ի՞նչ սպասել Վրաստանից. «նախընտրական» բացառիկ մեկնաբանություններ՝ Թբիլիսիից

Ի՞նչ սպասել Վրաստանից. «նախընտրական» բացառիկ մեկնաբանություններ՝ Թբիլիսիից

Վրաստանում սփյուռքի ավանդական համայնքների նման հայությունը համախմբված չէ, նամանավանդ` Թբիլիսիում: Այդ ամենը հաշվի առնելով՝ համայնքն առանձնապես աչքի չի ընկնում ինչպես ընտրություններին միասնական մասնակցության, այնպես էլ  իշխանական կամ ընդիմադիր այս կամ այն ուժի շուրջ համախմբվածության առումով. Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հայության շրջանում առկա տրամադրվածություններին, նշեց Վրաստանի Հայ Համայնք կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Միրզոյանը:

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախօրեին ինչպիսի՞ դիրքորոշում ունի Վրաստանի ադրբեջանական համայնքը, որը, գաղտնիք չէ, որ վճռորոշ ազդեցություն ունի հատկապես ադրբեջանցիներով հոծ բնակեցված հարավային շրջաններում՝ Դմանիսում, Բոլնիսում, Մառնեուլում և Գարդաբանում: Արթուր Միրզոյանը փաստում է, որ  վրաստանաբնակ ադրբեջանցիների (և ոչ միայն վերջիններիս) վրա մեծ է Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների ազդեցությունը, ինչը վերջիններս ձեռք են բերել նախկին իշխանությունների ժամանակ:

«Առայժմ չեմ կարող ասել, թե ինչքանով կփորձեն նշված երկրներն ազդել Վրաստանի գալիք ընտրությունների ժամանակ», - նշեց զրուցակիցը:

Խոսելով վրացական շրջանակներում առկա բևեռվածության մասին՝ Արթուր Միրզոյանը փաստեց, որ «ռուսամետ և արևմտամետ հոսանքներ» հասկացությունը վրաց իրականության մեջ հիմնականում տարածել է ներկայիս ընդդիմությունը, որը մեղադրում է ներկա իշխանություններին պրոռուսական հայացքների մեջ:

«Այդուհանդերձ, ներկա իշխանությունն օբյեկտիվ հակափաստարկներ է բերում առ այն, որ ինքը  պետականամետ է, այլ ոչ թե ռուսամետ կամ արևմտամետ: Եվ դա, կարծես, հաջողվում է իշխանությունների մոտ»,- նշեց համայնքային գործիչը:

Հաշվի առնելով, որ Վրաստանի այս խորհրդարանական ընտրությունները մի շարք փորձագիտական շրջանակներ անվանում են նաև Վրաստանի արևելումի (օրիենտացիայի) որոշման ընտրություններ, ինչպիսի՞ ազդեցություն կունենան ի արդյունքները ՀՀ-ի վրա՝ հարցին ի պատասխան՝ Միրզոյանը նշեց. «Ընտրությունների արդյունքերի՝ ՀՀ-ի վրա ուղիղ ազդեցություն ունենալու մասին խոսելը դեռևս վաղ է: Այդուհանդերձ, չենք կարող չխոստովանել, որ դրանք լրջագույն ազդեցություն են ունենալու ՌԴ-Վրաստան հարաբերություններում առկա բազում չկարգավորված հարցերի, այդ թվում՝ ճանապարհատրանսպորտային հաղորդակցության ուղիների և այլնի վրա, ինչը և անուղղակի մեծ ազդեցություն կարող է թողնել նաև ՀՀ-ի վրա, մասնավորապես, արտաքին աշխարհ ելքի առումով: Այս ամենը, սակայն, կախված է նրանից, թե ՀՀ-ում ինչպիսի՞  առժեքներ դավանող ուժ կլինի իշխանության ղեկին, և ինչպիսի՞ առանցք կընտրի այդ իշխանությունը: Եթե խոսենք ներկայիս իշխանության մասին, ապա հազիվ թե վերջիններս ցանկանան օգտվել այդ հնարավոր դրական փոփոխություններից, քանի որ պարզորոշ է՝ Փաշինյանն ընտրել է թուրք-ադրբեջանական հորիզոնական վեկտորը, ինչը չափազանց վտանգավոր է և ռիսկային՝ բոլոր առումներով»:  

Ինչպիսի՞ արտաքին ազդեցություններ կարելի է սպասել, և ինչպե՞ս կազդեն դրանք ընտրությունների և հետընտրական գործընթացների վրա. Արթուր Միրզոյանը կարծում է, որ, հաշվի առնելով Արևմուտքի չափից ավելի խիստ քննադատությունները Վրաստանում վերջերս ընդունված «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքի առիթով, ինչպես նաև արևմտամետ ընդդիմության շահարկումները, ամիսներ առաջ տեղի ունեցած հուժկու հանրահավաքները և այլն, մոտ ապագայում նույնպես սպասվում մթնոլորտի շիկացում, ընդդիմադիր շրջանակների զանգվածային գործողություններ, հրահրումներ, որոնք կարող են վերաճել նաև առճակատման:

«Նորից նշեմ՝ ընդդիմությունը հաջողությամբ կարողացել է տարածել այն թեզը, թե, իբր, գործող իշխանությունները ռուսամետ քաղաքականություն են վարում, ինչը չափազանց զգայուն թեմա է տարիներով Արմուտքի թելադրանքի դաշտում ապրած Վրաստանի հասարակության համար: Բայց և այնպես, իշխանությունները ևս հաջողությամբ հիմնավորել են, որ, եթե չլինեին իրենք, Վրաստանում կբացվեր երկրորդ ճակատ, և այսօրվա խաղաղությունը ներկա իշխանությունների շնորհիվ է»,- եզրափակեց Արթուր Միրզոյանը՝ հավելելով, որ, ըստ Վրաստանի պետանվտանգության տարածած պաշտոնական հայտարարության, վերջերս կանխվել են ծրագրված հեղաշրջման փորձեր: