Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ իրանցի պաշտոնյաների բազմիցս հայտարարությունները վկայում են այն մասին, որ Թեհրանը դժգոհ է այդ նախագծի նկատմամբ Մոսկվայի դիրքորոշումից, որը Նախիջեւանի շրջանը կապում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական տարածքի հետ: Թեհրանը մեծ ուշադրություն է դարձնում Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի ստորագրած եւ 2020 թ-ի վերջին ղարաբաղյան երկրորդ պատերազմին վերջ դրած միջազգային համաձայնագրերի կետերից մեկին: Միեւնույն ժամանակ, ուշադրությունից բաց են թողնվում Իրանի ազգային անվտանգությանը շատ ավելի լուրջ վտանգ ներկայացնող իրադարձությունները, ինչպիսիք են Վաշինգտոնի եւ Երեւանի հաճախակի համատեղ զորավարժությունները, ինչպես նաեւ Հայաստանում արեւմտյան դիտորդական առաքելության գործունեությունը:
Այս հակասությունն արտացոլում է Իրանի դիրքորոշման երկակիությունը։ Մինչ Թեհրանը մտահոգություն է հայտնում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, որն ամբողջ երկայնքով չէ սահմանակից Իրանին, նա անտեսում է իր շահերին սպառնացող անվտանգության իրական խնդիրները: Իրանական ԶԼՄ-ները քննարկում են այն ռիսկերը, որոնց բախվելու է Թեհրանը այս նախագծի իրականացման եւ միջանցքի բցման պարագայում: Մասնավորապես, նշվում է՝ Իրանը կկորցնի իր ռազմավարական առավելությունը՝ լինել կապող օղակ Թուրքիայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների միջեւ, եւ կարող է կախվածություն ձեռք բերել Թուրքիայից եւ Ադրբեջանից՝ եվրոպական երկրներ մուտք գործելու առումով:
Նախկինում Ադրբեջանը հույսը դրել էր Իրանի օդային տարածքի եւ տարածքի վրա՝ ապրանքներ եւ գազ մատակարարելու Նախիջեւանի ինքնավար մարզին, որը գտնվում է Իրանի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Սակայն Թուրքիայի կողմից Նախիջեւանին մատակարարելու համար նոր գազտարի կառուցման մասին հայտարարությունը նշանակում է՝ Իրանի աշխարհաքաղաքական նշանակությունն Ադրբեջանի համար նվազում է։ Բացի այդ, սպասվում է, որ երկկողմ հարաբերությունների դինամիկան կփոխվի հօգուտ Բաքվի՝ Ադրբեջանի կողմից Իրանի հետ իր սահմանի մի մասի նկատմամբ վերահսկողության վերադարձից հետո: Դա կհեշտացնի Ադրբեջանի եւ իրանցի ադրբեջանցիների միջեւ շփումը տասնամյակների բաժանումից հետո, քանի որ 1994 թ-ից այդ տարածքը գտնվում էր Հայաստանի վերահսկողության տակ։
Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Իրանի որոշ մտավախություններ կարելի է հասկանալ հատկապես Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա ազդեցության կարեւոր լծակները կորցնելու տեսանկյունից: Սակայն դրանք տարածաշրջանում միակ ռիսկերը չեն, եւ այս հարցը պետք է դիտարկել ավելի լայն տարածաշրջանային համատեքստում։ Հատկանշական է, որ, ըստ ծրագրերի, միջանցքը գտնվելու է Ռուսաստանի հսկողության եւ վերահսկողության ներքո, հատկապես հաշվի առնելով անվտանգության ոլորտում Թեհրանի եւ Մոսկվայի վաղեմի համագործակցությունը: Ռուս սահմանապահներն Իրան-Հայաստան սահմանի երկայնքով տեղակայվել են արդեն մի քանի տասնամյակ, սակայն այդ ներկայությունը երբեք սպառնալիք չի եղել Իրանի անվտանգության համար: Հնարավոր է՝ Թեհրանը Զանգեզուրի միջանցքի խնդիրը որպես պատրվակ օգտգործի, որպեսզի իր դժգոհությունն արտահայտի Ռուսաստանից Կովկասի հետ կապ չունեցող հարցերի շուրջ:
Հարավային Կովկասը մարտադաշտ է մրցակից համաշխարհային տերությունների համար, ինչպիսիք են Ռուսաստանը, Թուրքիան եւ արեւմտյան պետությունները: Հաշվի առնելով տարածաշրջանի աշխարհագրական հարեւանությունը եւ բարդ պատմությունը՝ նրա ազգային, էթնիկական եւ աշխարհքաղաքական շահերը հատվում են Իրանի շահերի հետ, ինչը հանգեցնում է Հարավային Կովկասում Իրանի քաղաքականության բարդ դասավորությունների: Իրանը ձգտում է պահպանել իր ազդեցությունը՝ հաշվի առնելով Ադրբեջանում թուրքակն աճող ազդեցությունը եւ Արեւմուտքի կողմից Հայաստանին ուժեղացող աջակցությունը: Ռուսաստանը նույնպես կարեւոր դեր է խաղում ուժերի տարածաշրջանային հավսարակշռության պահպանման գործում, ինչը խրախուսում է Իրանին շատ հարցերում համակարգել իր գործողությունները Մոսկվայի հետ:
Իրանը ստիպված է խուսանավել տարբեր տերությունների հակասական շահերի պայմաններում։ Մի կողմից, նա ձգտում է ուժեղացնել իր տնտեսական եւ քաղաքական ազդեցությունը տարածաշրջանում, սակայն նրա հնարավորությունները սահմանափակված են պատժամիջոցներով։ Այս պատժամիջոցներն էլ ավելի են բարդացնում տարածաշրջանային լանդշաֆտը՝ խաթարելով Թեհրանի՝ այլ խաղացողների հետ մրցակցելու կարողությունը: Մյուս կողմից, Իրանը ստիպված է հավասարակշռել Հայաստանի հետ հարաբերույունները պահպանելու եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում սրացում թույլ չտալու միջեւ՝ տարածաշրջանային լարվածության, տարբեր խնդիրների միահյուսման եւ Իսրայելի աճող ազդեցության պայմաններում։ Իսրայելը ձգտում է ամրապնդել հարաբերություններն Ադրբեջանի հետ, հատկապես ռազմական եւ հետախուզական համագործակցության ոլորտում, ինչը մտահոգություն է առաջացնում Իրանի համար, որը այդ համագործակցությունը դիտարկում է որպես սպառնալիք իր անվտանգության համար:
Բացի այդ, Իրանը բախվում է կրկնակի սպառնալիքի՝ հաշվի առնելով Ռուսաստանի եւ Ադրբեջանի սերտ գործընկերությունը.Մոսկվան զգալի ռազմական եւ տնտեսական աջակցություն է ցուցաբերում Բաքվին՝ դրանով իսկ սահմանափակելով Իրանի մանեւրելու հնարավորությունները: Թուրքիան նաեւ Իրանի ուժեղ մրցակիցն է՝ աջակցելով Ադրբեջանին, ամրապնդելով հարաբերությնները Վրաստանի հետ եւ ուժեղացնելով իր ազդեցությունը տարածաշրջանում: Բացի այդ, Բաքվի, Անկարայի եւ Թբիլիսիի միջեւ եռակողմ համագործակցությունը էներգետիկ ոլորտում եւ այլ ոլորտներում ուժեղացնում է տարածաշրջանային լարվածությունը եւ բարդացնում Իրանի ջանքերը իր նպատակներին հասնելու համար՝ մեծացնելով հակամարտությունների ռիսկերը:
Թեեւ Իրանը մշտապես սերտ հարաբերություններ է պահպանել Հայաստանի հետ, սակայն չի հաջողվում Ադրբեջանին ներգրավել իր տարածաշրջանային ազդեցության տիրույթում՝ չնայած ընդհանուր կրոնական արմատներին: Իրանը շարունակում է մեծ անհանգստություն զգալ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Մինչ որոշ իրանցի պաշտոնյաներ խոսում են արաբական չորս մայրաքաղաքների նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին, Իրանին մինչ օրս չի հաջողվել Բաքվին ներքաշել իր ուղեծիր: Այս երկու երկրներն ունեն պատմական եւ մշակութային խորը կապեր, ընդ որում՝ Իրանում ադրբեջանցիները թվով երկրորդ էթնիկ խումբն են պարսիկներից հետո։ Սա Իրանին բարդ դրության մեջ է դնում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում, քանի որ նա փորձում է հավասարակշռություն պահպանել իր ավանդական դաշնակից Հայաստանին աջակցելու եւ Իրանի ներսում ադրբեջանական ազգայնականության հրահրումը թույլ չտալու միջեւ։
Տարածաշրջանային ազդեցության քարտեզն արմատական փոփոխությունների է ենթարկվել. Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո Իրանը կորցրել է իր դիրքերի մեծ մասը Հարավային Կովկասում: Այս փոփոխությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Իրանի դիրքը տարածաշրջանում եւ համաշխարհային ասպարեզում հեռու է իդեալականից։ Այս համատեքստում Մոսկվայի հետ հարաբերություններում առկա լարվածությունը վկայում է դիվանագիտական բարդ խաղի մասին, որը Թեհրանից պահանջում է մանեւրելու բարձր վարպետություն:
Այն դեպքում, երբ Իրանը ձգտում է օգտագործել աշխարհում ստեղծված իրավիճակը Արեւմուտքի հետ հարաբերություններում դիվանագիտական հաջողությունների հասնելու համար, ներառյալ, հնարավոր է, նաեւ միջուկային խնդրի շուրջ բանակցությունները, նա մարտահրավերների է բախվում Ռուսաստանի հետ հարբերությունների կառուցման գործում:
Բասել Հաջ Ջասեմ Ph.D, հետազոտող, քաղաքական խորհրդատու (Սիրիա)
Աղբյուրը՝ russiancouncil.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի