Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «նախորդները» վաղուց հանձնել էին Արցախը: Նա տարբեր առիթներով կրկնում է այդ միտքը՝ ամեն անգամ հիշելով նախկինում տեղի ունեցած տարբեր բանակցություններ և փաստաթղթեր: Կարծես ոչ մի նշանակություն չունի, որ գերագույն հրամանատար Փաշինյանի գլխավորությամբ երկիրը աննախադեպ պարտություն է կրել, իսկ ավելի շատ տարածքներ երկրի ղեկավար գերագույն գլխավոր հրամանատարը «հանձնել է թղթով»: Նշանակություն չունի, որ 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո Ալիևը խոստովանել էր, որ արտաքին ուժերը իրեն ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Ու նույն Ալիևը «գլխի չէր ընկնում» Փաշինյանի մատնանշած փաստաթղթերին հղում անել և խաղաղ ճանապարհով Արցախը «թղթով ստանալ», ոչ թե ռազմական սադրանքներ հրահրել թե՛ նախկինների և թե՛ Փաշինյանի օրոք: Նշանակություն չունեին, կարծես, երկրի ղեկավար եղած ժամանակ Փաշինյանի հայտարարությունները, թե բանակցությունները սկսում է իր զրոյական կետից, և թե Արցախը Հայաստան է և վերջ: Ինչպես և նշանակություն չունեն օտարերկրյան բարձրաստիճան պաշտոնյաների և հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների հայտարարությունները, որ Նիկոլ Փաշինյանը առաջին հայ ղեկավարն է, որը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում, և այս պաշտոնական ճանաչումից հետո իրենք ոչինչ չեն կարող անել:
2020 թ. հայկական գերիշխանությանը ենթակա տարածքի 25 տոկոսը թշնամուն զիջելուց հետո Հայաստանի ղեկավարության համար իշխանությունը պահելու հարցը դարձավ ինքնանպատակ և նրա քաղաքականության մեջ գերիշխեց հետևյալ մարտավարությունը՝ գոհացնել արտաքին շահագրգիռ ուժերին, որպեսզի իշխանության գլխին իր մնալը լինի ձեռնտու, իսկ երկրի ներսում հնարավորինս գաղտնի պահել տեղի ունեցող բանակցային գործընթացներն ու հնարավոր լուծումների հեռանկարը, ներկայացնել փաստերը ոչ ամբողջովին, անհստակ ձևով՝ դրանք «մարսեցնելով» հայ հասարակությանը որպես «օբյեկտիվ» իրավիճակից փրկություն և երաշխիք մշտական խաղաղության համար: Որպեսզի ներքին հնարավոր բողոքը հանկարծ չսրբի դեն նետի իշխանությանն ու նրա պայմանավորվածությունները թուրքերի հետ, մանրամասնորեն չեն ներկայացվում նախկին անկլավները զիջելու, հաղորդակցական ուղիների բացման հանգամանքները, երբ հայտնի չէ, Հայաստանը կստանա՞ որևէ բան անկլավները զիջելու ժամանակ կամ հայտնի է, որ Ադրբեջանի և մանավանդ Թուրքիայի պահանջը մնում է Հայաստանի տարածքով «միջանցքի» ձեռքբերումը, որի նկատմամբ իրավազորությունը կպատկանի իրենց: Ի դեպ, Ադրբեջանի իշխանությունն իր հասարակության համար բացահայտում է սեփական հավակնությունները՝ Սյունիքը, եթե ոչ ողջ Հայաստանը, անվանելով «Արևմտյան Ադրբեջան», խոսում է ադրբեջանցի փախստականների Հայաստան վերադարձի, միջանցքի խնդրի մասին, Արցախի հարցը հայտարարում է փակված և այլն: Ընդ որում, Արցախի խնդիրը վերջնականապես փակելու համար Ադրբեջանի իշխանությունը պահանջեց և Հայաստանի իշխանությունից ստացավ պայմանագրային գրավոր հավաստում այն մասին, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին: Նիկոլ Փաշինյանն, իրեն բնորոշ ձեռնածությամբ, փորձեց ներկայացնել, թե Հայաստանի ու Ադրբեջանի տարածքների չափերը փոխկապակցված են և մեկով պայմանավորված են մյուսի չափն ու անխախտելիությունը: Այնինչ ադրբեջանական կողմն ընդհանրական հայտարարություն անելով տարածքային ամբողջականության մասին՝ երբեք չի կոնկրետացնում դրա սահմանների ու չափերի հարցը, այլ ընդհակառակը՝ ոչ միայն նոր տարածքներ է պահանջում, այլև այս պահին 200 քառակուսի կիլոմետր խորացել է Հայաստանի սահմաններից ներս և նպաստավոր դիրքերում ամրանում է թե՛ ամրաշինական աշխատանքների, թե՛ ռազմուժի ու զինտեխնիկայի կուտակման ճանապարհով: Ադրբեջանական կողմը վերջերս հրաժարվեց նաև սահմանների հստակեցման համար հիմք ընդունել կոնկրետ քարտեզներ, և պահանջում է, որ այդ հանգամանքը տեղ չգտնի կնքվելիք խաղաղության պայմանագրում: Դա ևս վկայում է, որ խաղաղության պայմանագիրը կնքելով, ինչպես նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ, թշնամին ամրագրելու է նոր ձեռքբերումները, հետո դրանք մեկնաբանելու է ըստ ցանկության և կանգ չառնելով գրվածի սահմաններում՝ առաջ է շարժվելու նոր նվաճումների և նոր պահանջների ճանապարհով: Ասվածը տեսական ենթադրություն չէ, այլ բխում է նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցածից, ինչպես և ադրբեջանաթուրքական աշխարհաքաղաքական ակնառու հավակնություններից: Այս առումով Փաշինյանի ոչ պատահականորեն հայտնվելը Հայաստանի իշխանության ղեկին Ալլահի նվերն էր, որի միջոցով թուրքական տանդեմը կարճ ժամանակում ստացավ աներևակայելին և հիմա շտապում է ձեռք բերել շատ ավելին՝ հայ ժողովրդին հասցնելով այնպիսի մի իրավիճակի, որ երբևէ որևէ ազգային իշխանություն ունակ չլինի վերականգնելու հայոց պետության ինքնիշխանությունը: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե պատմության ընթացքում մենք ավելի շատ հարաբերվել ենք Ադրբեջանի ու Թուրքիայի, քան Ռուսաստանի հետ, և չի ասում, որ այդ հարաբերությունները եղել են իրավական, սոցիալ-տնտեսական, իսկ այնուհետ՝ ցեղասպանական գործողություններով հայ ժողովրդի դուրս մղման և նրա բնօրրանի յուրացման երկարատև գործընթաց: Դարերի և հատկապես վերջին երկու հարյուր տարիների ընթացքում թշնամական տանդեմն իր ծրագրերը իրականացրել է գրեթե ամբողջապես և հիմա հետապնդում է մեր պատմական հայրենիքից մնացած մեկ տասներորդին ևս փաստացի տեր դառնալու խնդիրը՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության բարենպաստ պայմաններում: Հայաստանի ղեկավարը կատարում է թշնամու պահանջները՝ հույս ունենալով, որ նրանք մի տեղ կանգ կառնեն և որպես դրա երաշխավորի՝ ցանկանում է ապավինել Արևմուտքի երաշխիքներին: Ակնհայտ է, որ Փաշինյանը չի հավատում, որ հայ ժողովուրդն ընդունակ է ինքն իրեն պաշտպանելու և հակառակը՝ ձգտում է թույլ չտալ, որ տեղի ունենա ժողովրդի ոգու նոր վերելք: Իհարկե եթե նա ունակ լինի սթափ գնահատելու, կընդունի, որ հայկական ինքնապաշտպանության փլուզումը, և նորի կազմակերպման անհնարինության մտայնությունը իր իշխանության գալու և իր պարտվողական գաղափարախոսության արգասիքն են: Այդ իմաստով հայ ժողովրդի նկատմամբ նրա առաջին և ամենամեծ դավաճանությունը ռազմական և պետական կառավարման փորձի լիովին բացակայության պայմաններում փաստացի պատերազմից դուրս չեկած երկրի ղեկավարը դառնալու հավակնությունն էր: Հայտնվելով պարտությունների և այդ գահավիժումը հաղթահարելու անկարողության փաստի առջև՝ նա դարձել է թշնամու կամակատարը և այժմ Հայաստանը տանում է պատմական, քաղաքական, դիվանագիտական համընդհանուր պարտության:
Թշնամու առջև ծնկած իշխանությունը, ոչ միայն ցեղասպանության պահին հրաժարվեց արցախահայության պաշտպանությունից, այլև ամեն ջանք գործադրեց, որ ոչ հայկական կողմերը, ոչ էլ արտաքին ուժերը բողոքի ձայն չբարձրացնեն հազարամյակներով հայապատկան Արցախի բռնազավթման և էթնիկ զտման հարցով: Նա հրաժարվում է ադրբեջանաթուրքական ռազմական հանցագործությունների, նվաճողական հավակնությունների դեմ բողոքից, անպատասխան է թողնում հակառակորդի սպառնալիքներն ու բարձրաձայնվող կեղծիքը Հայաստանի տարածքի, իբրև թե նախկինում Ադրբեջանին պատկանելու մասին: Թշնամիներից սարսափած ոստիկանական պատնեշների հետևում սեփական ժողովրդի առջև աքլորացող ղեկավարը անգամ Հայաստանի ներսում ցայսօր չի հանդիպել Արցախի պաշտոնական ներկայացուցիչների հետ, դեմ է Արցախի պետական կառույցների պահպանմանը Հայաստանում և զրկել է նրանց գոյատևելու ֆինանսական միջոցներից: Հակառակը՝ նրա պահանջով Արցախն ու արցախցին Հայաստանում պետք է դադարեն այդպիսի կարգավիճակ և իրավունքներ ունենալ, իսկ ավելի խորքային ձևով հետապնդվում է արցախցիների համախմբումը թույլ չտալու ու այնպիսի պայմանների ստեղծումը, երբ նրանք կամ նրանց զգալի հատվածը ստիպված կլինի լքել նաև Հայաստանը: Փաշինյանի իշխանությունը ոչ միայն անհաղորդ է արցախահայության և ընդհանրապես բոլոր նորմալ հայերի ապրած մեծ ողբերգությանը, այլև անամոթաբար անտարբեր է, երբ Արցախի ղեկավարությանը Բաքու գերի տանելու ազգային նվաստացման դեմ միջոցառումներ ձեռնարկողը առաջին հերթին ինքը պետք է լիներ:
Կատարելով թուրքերի պահանջը, նա հայկական օրակարգից դուրս է հանում ցեղասպանության հարցը և թուրք ազգայնամոլական տեսությունների հիման վրա խեղաթյուրում է ողջ հայոց պատմությունը, դասագրքերում կեղծ պատմություն է գրել տալիս՝ որով «հայ պատմաբանները» զարգացնում են թուրքադրբեջանցի պատմաբանների պատմաշինության կեղծ թեզերը: Կրթական-գիտական ծրագրերում ամրագրված պատմագիտական, գրական-մշակութային առանցքային հայեցակարգերը վերանայվում են հիմնովին, այնտեղից դուրս են մղվում այն ամենը, ինչը վերաբերում է հայ ժողովրդի պայքարին թուրք նվաճողների դեմ, ժողովրդի պատմական ինքնությունն ու հոգեկարտվածքը դարերով ձևավորած արժեքներին, ժողովրդի պատմական ընթացքի շարունակականությունը բնորոշող երևույթները: Այլ խոսքով արտաքին ուժերի թելադրանքով ստանձնելով ժողովրդի և պետության աշխարհաքաղաքական կողմնորոշումներն ու գերակայությունները գլխիվայր շուռ տալու գործը նույն տրամաբանությամբ նա ձեռնմուխ է եղել նաև հեղաշրջելու ժողովրդի գիտակցությունը՝ ձևավորելով «նոր հային», անարժանապատիվ ու հիշողությունից զուրկ ստրուկին, որը կդառնա նրա ազգակործան ծրագրերի հլու ենթական: Այս ուղղությամբ արված վերջին բնորոշ քայլերից է Րաֆֆու ստեղծագործությունների դուրս բերումը ուսումնական ծրագրերից (Ստալինն ու Քեմալը գերեզմանում հրճվանքից շուռումուռ կգան հայ հեղկոմականների այսպիսի ժառանգորդների լույս աշխարհ գալու համար):
Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ժողովրդի բնորոշմամբ՝ «խեղճ Նիկոլը» չհասկանալով է ընկել այս ծուղակը, պետք է հստակ լինի, որ դա այդպես չէ: Նա իշխանության է եկել Արևմուտքի թելադրանքով՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու գլխավոր առաքելությամբ: Իր և իր հովանավորների համոզմամբ դա հնարավոր կլիներ անել նախ և առաջ Արցախից հրաժարվելու և Ռուսաստանին հակամարտող կողմերի վրա ազդելու այդ լծակից զրկելու ճանապարհով: Իհարկե, սա մեծ հոգեբանական խոչընդոտ չէր Նիկոլի համար, որովհետև նա միշտ անթաքույց ատել է Արցախն ու արցախցիներին, ավելորդ բեռ է համարել դրանք Հայաստանի ուսերին և Լևոն Տեր-Պետրոսյանի նման միշտ համարել է, որ «...ամեն գնով ադրբեջանցիների ու թուրքերի հետ պետք է հասնել խաղաղության»: 2008 թվականին Նիկոլը միացավ նույն կարգախոսով մեկնարկած Լևոն ՏերՊետրոսյանի նախագահական նախընտրական պայքարին և ջախջախիչ պարտություն կրեց, որովհետև այն օրերի հայության շատ ավելի մեծ տոկոսն էր տոգորված հայրենասիրական ոգով, մեծ մասն էր գրագետ, և բացարձակ մեծամասնությունը չէր պատկերացնում, որ Արցախը կարելի է զիջել: Դժբախտաբար, Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո առաջնորդող ուժին սատարող զանգվածը դարձավ վախկոտ, ազգային իդեալներին անհաղորդ, հակաարցախ և պատմական հիշողությունից զուրկ ամբոխը:
Փաշինյանն ու իր թիմը քաղաքականապես ձևավորվել են արևմտյան կոսմոպոլիտիզմի և հակառուսականության գաղափարական հենքի վրա և նույնը կարողացան ներարկել իրենց ընտրազանգվածին: Բոլշևիկյան ատելությամբ նախկինների դեմ լցված, Ռուսաստանին հայհոյող, թուրքերի եղբայրությանը և արևմտյան փրկիչներին հավատացող հայությունը չի էլ ըմբռնում, որ պետությանը, երկիրը և հենց ինքն իրեն տանում է քաղաքական ինքնասպանության: Եվ այս եզրակացությունը բնավ կապ չունի ռուսներին սիրելու, Արևմուտքը ատելու կամ հակառակի հետ: Քաղաքականության հարցում ինչպես հայտնի է, սիրով ու ատելությամբ չեն առաջնորդվում, այլ սառը հաշվարկով: Գոնե Վրաստանի և Ուկրաինայի օրինակները մեզ պետք է դաս լինեին՝ աշխարհաքաղաքական մեծ հրդեհների մեջ վառելափայտի դերում չհայտնվելու համար: Կբերի՞ Արևմուտքը կամ ուրիշ մեկը իր զինվորներին մեզ համար ռուսների դեմ կռվեցնելու: Վրաստանի ու Ուկրաինայի օրինակները փաստում են, որ՝ ո՛չ: Կգա՞, ի վերջո, Ռուսաստանը՝ մեզ փրկելու, կամ գոնե իր ավանդական շահերը Անդրկովկասում պաշտպանելու: Նախ Ռուսաստանը գուցեև չկարողանա դա անել թուրքարևմտյան դաշինքի դեմ, եթե անգամ ցանկանա: Եվ հետո ինչու պետք է անի դա, եթե ի դեմս իշխանության և նրան ընտրող զանգվածի՝ Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանը դարձել է հակառուսական և թեքվել է դեպի Արևմուտք: Հայաստանում այս ուժի իշխանության պայմաններում Ռուսաստանն ավելի շուտ կձգտի արտաքին մյուս ուժերի կողքին իր ազդեցությունը ապահովել Հայաստանում՝ հենվելով տնտեսական և էներգետիկ լծակների վրա և դուրս չբերելով այստեղից սեփական զինուժը: Հայաստանը Արևմուտքի պահանջով ձգտելով ռուսական զինուժի դուրս մղմանը՝ միաժամանակ հասկանում է, որ հատկապես տնտեսական ու էներգետիկ կապերի խզման դեպքում Հայաստանում քաոս կառաջանա: Սա ստիպում է նրան և հավատարմություն դրսևորել և, խաբել երկու բևեռներին միաժամանակ:
Ավելացնենք, որ Հայաստանի համար, անշուշտ, խիստ կարևոր է փոխգործակցությունը Արևմուտքի հետ, ինչը, ի դեպ, հնարավորինս հավասարակշռված ձևով արվել է նախկինների օրոք՝ Հայաստանի համար ապահովելով որոշակի գործընկերային հարաբերություններ և հակադրություններից խուսափելու հնարավորություն:
Աշխարհաքաղաքական հաշվարկներով պայմանավորված այսօր ԵԱՀԿ եռանախագահության երկրները, ինչպես և այլ երկրներ բարձրաձայնում են Արցախի հարցի քաղաքական լուծման անհրաժեշտության մասին (ինչին դեմ է ադրբեջանաթուրքական տանդեմն ու Հայաստանի իշխանությունը): Սա նշանակում է, որ սպառված չէ արցախցիների վերադարձի և Արցախի որոշակի կարգավիճակ ձեռք բերելու հնարավորությունը: Ադրբեջանցիք ու թուրքերը ներդաշնակելով իրենց քաղաքականությունը՝ Հայաստանի իշխանություններին ստիպում են հրաժարվել որևէ մեկի աջակցությունից և բանակցություններում հանդես գալ միայնակ: Նույն ժամանակ, երկու թուրքական պետությունները ներկայանում են որպես աշխարհաքաղաքական ու տնտեսական կարևոր գործընկերներ և՛ Ռուսաստանի և՛ Արևմուտքի համար և ձեռք են բերել բոլոր կողմերի որոշակի աջակցությունը: Հայաստանը այստեղ ևս տեղի տալով, այսպես կոչված, խաղաղության բանակցություններում կամաց-կամաց հայտնվում է մեկուսացման մեջ:
Մյուս կողմից Ադրբեջանը կարողացել է բանակցությունների օրակարգից ամբողջովին դուրս մղել Արցախի ու արցախցիների հարցերը:
«Խաղաղության խաչմերուկի» կարգախոսը հրապարակ նետած Հայաստանի իշխանությունը ժողովրդին խաբում է այսօր և կխաբի Ադրբեջանի հետ պայմանագիր կնքելուց հետո, իբրև թե «ցավոտ զիջումների» գնով հաջողվել է հասնել երկարատև խաղաղության: Հետո կարճ ժամանակից ակնհայտ կդառնա, որ խաղաղությունն ու տարածքային անձեռնմխելիությունը դարձյալ ժամանակավոր էին: Այն ժամանակ Հայաստանի իշխանությունը կմոգոնի նոր ստեր. այս իշխանության համար գլխավորը սեփական իշխանությունը հնարավորինս երկարաձգելն է, ինչը միջոց է օրինաչափ պատժից խուսափելու: Իսկ արտաքուստ ամեն ինչ լավ է. իշխանությունը տնտեսաֆինանսական ինչ-ինչ հաջողությունների մասին փուչիկ է խաղացնում օդում, պարծենում է ասֆալտած ճանապարհներով և կառուցվող շենքերով, և, այս օրերին, պատրաստվում է երկրով մեկ ամանորյա շոուներ կազմակերպել, կարծես չեն եղել ցեղասպանության հետևանքով Արցախի կորուստն ու արցախահայության բռնագաղթը, տարվա ընթացքում արձանագրված բազմաթիվ զինվորների ողբերգական մահերը, Հայաստանի ռազմավարական տարածքներում թշնամու զորքի առկայությունը, ինչպես և չեն անհանգստացնում բանակցությունները, որոնց հետևանքները կարող են ճակատագրական լինել երկրի համար: Իշխանությունը քողարկելով երկրի աղետալի վիճակն ու հեռանկարները, փորձում է խաբել ժողովրդին ժամանակավոր կայունությամբ ու թվացյալ խաղաղությամբ: Այնինչ նոր տարվա գալուստը մոտեցնում է ամենավատատեսական կանխատեսումների իրականացման վտանգը: Հայ ժողովրդի սերուցքը կկանգնի՞ ոտքի և կկանխի՞ պետության գահավիժումը: Չհիմնավորված լավատեսությունը միայն թերահավատություն կարող է առաջացնել: Այո՛, անհրաժեշտ է հայրենասեր մարդկանց և ուժերի գործնական միավորում ոչ թե ճառերի, այլ գործողությունների ծրագրի շուրջ, ինչը հիմնավորված կլինի տրամաբանական քայլերի ճանապարհային քարտեզով: Համարձակությունը փուչ կեցվածք է, եթե չի դրսևորվում որպես կոնկրետ և արդյունավետ գործ: Ժողովուրդների առաջընթացը կերտում են ոչ թե ամբոխները, այլ գիտակից փոքրամասնությունները: Իշխանությունը, որն արդեն իրեն է ենթարկել օրենսդիր, գործադիր և դատական մարմինները, քարոզչության հիմնական միջոցները, ձգտում է ենթարկել նաև տեղական ողջ իշխանությունը փաստացի պատրաստվելով գալիք ընտրություններում վերարտադրվելու և պաշտպանվելու, երբ մեծամասնության համար ակնհայտ կդառնան պետականության և ինքնիշխանության անվերականգնելի կորուստները: Անհրաժեշտ է պայքար, իսկ պայքար նախևառաջ նշանակում է հավատ հաղթանակի նկատմամբ: Ասպարեզ պետք է դուրս գան հաղթանակին հավատացողները. սրտացավները գիտեն ինչ որ պետք է, և ճառերի ժամանակը վաղուց անցել է:
Արտաշես Շահբազյան
ՀՅԴ գաղափարաբան