կարևոր
8341 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-05 16:17
Քաղաքական

Թող հնչեն պայքարի և հաղթանակի զանգերը, որպեսզի Եռաբլուրը Ծիծեռնակաբերդ չդառնա․ Բագրատ Սրբազան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը նոյեմբերի 5-ի հանրահավաքի ժամանակ իր ելույթը սկսեց աղոթքով։

Սրբազանը ժողովրդին փոխանցեց Վեհափառ Հայրապետի օրհնության և ողջույնի խոսքը, իր քաջալերանքն ու աղոթքը՝ Աստծու ողորմության, մեզ իմաստության և հաղթանակի տեսիլքով մեր կյանքը շարունակելու։

«Այսօր ապրում ենք այնպիսի ժամանակահատվածում, երբ ամենաորոշակի երևույթը մեր կյանքի անորոշությունն է, երբ դրսից մեզ հետ խոսում են սպառնալիքի և ծաղրի լեզվով, իսկ ներսից՝ տագնապի, հուսահատության և վախի լեզվով։ Մենք պիտի գործենք, գործենք առանց հոգնելու, գործենք ամենուր, առանց հոգնելու, առանց թշնամության և ատելության, առանց գաղափարական և քաղաքական տարբերությունների, առանց վախի, կասկածի, առանց ակնկալելու այս կամ այն ուժային կենտրոնների բարեհաճությունը, խեղճին և թշվառին հատուկ օգնությունը, այլ գործենք որպես մոռացված անձ, ինչպես շատ դիպուկ բնորոշել են մեզ ցեղասպանության օրերին և դրանից հետո։ Մեր հույսը մեր Աստծո, մեր սեփական ներուժի և մեր բազկի վրա պետք է դնենք, ոչ թե մուրացիկ հարաբերությամբ աշխարհի հետ, այլ՝ սեփական օրակարգով, արժանապատիվ կեցվածքով։ Պետք է հրաժարվենք ոչ թե բարեկամներ ունենալուց, այլ պետք է հրաժարվենք մեր հույսը միայն մեր բարեկամների վրա դնելուց։ Դժբախտաբար քաղաքական շահերը, երկակի ստանդարտները, հարաբերական բարոյականությունն ավելի ծանր են կշռում, քան՝ ճշմարտությունն ու արդարությունը, և շատ հաճախ որոշում են, թե որ ժողովուրդն իրավունք ունի իրավունք ունենալու։ Այսինքն՝ մենք այսօր իրավունք չունենք իրավունք ունենալու, հետևաբար Արցախը, այսինքն ամբողջ հայությունը, թեկուզ խոցված՝ իրավունք ունի իրավունք ունենալու։ Որովհետև մեր երկրում ջրերից ավելի արյուն է ոռոգվել և այդ իրավունքը անբեկանելի է»։

Բագրատ Սրբազանը շեշտեց, որ Արցախը երբեք չի լինելու թշնամական տերությունների կազմում․

«Ես հավատում եմ մեր սեփական, հայկական, համազգային օրակարգին թելադրող և ոչ՝ թելադրվող, պարտադրող և ոչ՝ պարտադրվող, ես հավատում եմ, որ հայոց եռագույնը պիտի վերստին ծածանվի Քարվաճառի լեռնալանջերին, Արաքսի հովիտներում, Շուշիի և Հադրութի բարձունքներին,  որպես հայոց սահանների պատվի և արժանապատվության վերականգնման և վերահաստատման նոր արշալույս։ Ես հավատում եմ Հայոց բանակի փառքին և պատվին, իր սխրանքներին և հերոսական կենսագրությանը, իր նկարագրին, իր էությանը, ես հավատում եմ խաղաղությանը, որն արդարության և ճշմարտության ծնունդ է»,- ասաց նա։

Տավուշի թեմի առաջնորդն ասաց, որ թող հնչեն միայն համազգային պայքարի և հաղթանակի զանգերը․

«Թող հնչեն հաղթանակի զանգերը, որպեսզի հայ մարդը երբեք չլքի իր տունը, հայ ծնողը արցունք չտեսնի, որպեսզի Եռաբլուրն  անտեր ու անիմաստ չմնա, որպեսզի Եռաբլուրը Ծիծեռնակաբերդ չդառնա։ Ես հավատում եմ, որ հոգևոր Հայաստանը հաղթելու է նոր Հայաստանին, իրական հզոր Հայաստանը հաղթելու է կեղծ ու ֆեյսբուքյան Հայաստանին, տաճարը հաղթելու է փողոցին, ոգին հաղթելու է դուխին, հաշտությունն ու սերը  հաղթելու են ատելությանն ու թշնամությանը և եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին»։

Մանրամասները՝ տեսանյութում։