կարևոր
559 դիտում, 3 ժամ առաջ - 2025-05-19 13:56
Հասարակություն Քաղաքական

Ուզում եք ասել, որ 65 մլն դոլարը կարող է «ցնդել», ու առաջին դեմքը դրա հետ կապ չունենա՞. Քոչարյանը՝ Փաշինյանի մասին

2018 թվականին Փաշինյանն ասում էր՝ «մենք ունենք փայլուն ժողովուրդ, կիրթ, խելոք, ունենք փայլուն երկիր, բայց ժողովուրդ ջան դուք վատ եք ապրում, որովհետև այս նախկինները, այս թալանչինեը սաղ բարիքները տանում են՝ ձեզ չի հասնում», իսկ 7 տարի անց ասում է՝ «դուք վատ եք ապրում որովհետև դուք թամբալ եք, ծույլ եք, փնթի եք, վախկոտ եք»: Այս մասին 4 լրատվամիջոցների հետ հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Կոպիտ ասած, «կրթելու, լվալու» կարիք կա էս ժողովրդին և կնոջ հետ լծվել են այդ գործին: Ինչո՞ւ է հիմա սա ասում, որովհետև ժողովրդի կյանքը չի լավացել, հակառակ՝ վատացել է, աղքատությունը մնում է 24 տոկոսի վրա: Բա ի՞նչ ասի, կամ պետք է ընդունի, որ համար մեկ թալանչին ինքն է դառել, կամ այլևս «2018 թվականի փայլուն ժողովուրդը, և այլն, և այլն»-ը չի աշխատում: Այսօրվա իշխանությունը ուղղակի վարպետ է, չեմպիոն է բոլոր մեղքերը ինչ-որ մեկի վրա գցելու հարցում: Էսպիսի խոսք կա՝ «խելոք մարդիկ դժվար իրավիճակում լուծումներ են փնտրում, ապուշները՝ մեղավորներ», հիմա մենք առերեսվել ենք նման վիճակի հետ:

Հիմա կոռուպցիայի մասին:

Նիկոլ Փաշինյանը լրիվ նոր խոսք է ասել կոռուպցիայի գործում, սա ֆենոմենալ է, ես իրեն համարում եմ կոռուպցիայի Էյնշտեյն: Օրինակ ԱՆԻՖ-ը. ստեղծել հիմնադրամ, լցնել այդ հինադրամը 65 մլն դոլարով՝ հարկատուների փողով, հետո ստեղծել օֆիս, ընկեր-հարազատ-խնամի, բան-ման, ընտանիքների անդամներ տեղավորել այդ օֆիսում, 2 ամիս և այդ փողն անհետացել է: Էս մարդը Դեյվիդ Կոպերֆիլդն է: Սրանց ճակատներին պետք է տատու անել՝ «կոռուպցիոն հանճարներ», երկիրն էլ սարքել են կոռուպցիայի դրախտ:

Համահայակական հիմնադրամից 100 մլն դոլար փոխանցվել է բյուջե և անհետացել է: Ես առցանց մասնակցել եմ այդ նաիստին, այն ժամանակ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ էի: Ասում եմ՝ «հաշվետվություն գոնե պետք է ներկայացնեք՝ ո՞ւր է գնացել այդ փողերը», ասում են՝ «ում պետք էր, ինչի համար պետք էր՝ ծախսել ենք»: 100 մլն դոլարն ուղղակի անհետացել է:

Օրինակները բազմաթիվ են: Այդ մանկապարտեզի դեպքերը, որ գնում են, նկարում են՝ սա մանկական խաղեր է: Շինարարը մի քիչ ցեմենտ է գողանու, արմատուրա, թաղապետը մի քիչ փող ունենա, փոխանցի իրա տիրոջը: Սա համեմատությամբ էն մյուս արածների հետ մանկական ինչ-որ բաներ է, «չայեվոյ» է կոպիտ ասած, կոռուպցիոն դաշտի «չայեվոյն» է, որ սենց փայ է հասել ուրիշներին:

Հիմա դուք ուզո՞ւմ եք ասել, որ 65 մլն դոլար կարա ցնդի ուղղակի ու առաջին դեմքը դրա հետ առնչություն չունենա՞, հարցը սա է՝ քանի՞ տոկոսն է գնացել այդ օֆիսին, և քանի՞սը շեֆին:

Պարտքը ավելացրել են 7 մլդ դոլարով, առարկայական ի՞նչ են արել այդ 7 մլրդ դոլարով, որ գնանաք, նայենք, տեսնենք, ասենք՝ այ սա է կառուցվել, սա է կառուցվել: Իմ ժամանակ ասֆալտը, որ անում էին, հետո նորոգումը 8 տարի հետո պետք է իրականացվեր, նորմատիվը սա է, հիմա ժողովուրդը գիտի, թե ամեն տարի պետք է նորոգես այդ ասֆալտը:

Քըրք Քըրքորյանի Լինսի հիմնադրամով ծախսվել է 230 մլն դոլար, դա 7 մլրդ դոլարից զգալիորեն քիչ է, հիմա Երևանում ամեն քայլափոխի ես կարող եմ ցույց տալ, թե ինչ է արվել այդ 230 մլն դոլարով: Թատրոններն ու թանգարաններն են վերանորոգվել, Սարալանջի ամբողջությամբ նոր ճանապարհն է սարքվել, հրապարակի տեսքն է վերափոխվել, մոտ մի 10 փողոց կապիտալ վերանորոգվել է, դրան գումարենք Գյումրիի թաղամասերը, Սպիտակի ամբողջ կենտրոնը, լիքը բաներ արդեն չեմ էլ կարող այդ ամբողջը հիշել:

Հիմա 30 անգամ շատ փողով ի՞նչ են արել, հարց չի՞ առաջանում: Սա կոռուպցիոն մտքի թռիչք եղավ լրիվ ուրիշ ծավալների: Ես համոզված եմ, որ 7 մլրդից առնվազն 2 մլրդը փոշիացել է, ուղղակի կորել է: Իմ հետևությունը սա, ես հիմնավոր կասկած ունեմ, որ այսօր Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ի ամենահարուստ մարդն է: Թող ուրիշ բան ապացուցեն, թող ցույց տան, թե ինչ են արել: Այս ամենը բացահայտվելու է 1 տարի հետո, 2-4 ամիս ժամանակ է պետք լինելու, որ շոու դառնա, ժողովուրդը կարող է պոպ-կոռնով նայել և հիանալ ազնիվ և հեղափոխականների կոռուպցիոն մտքի թռիչքով»,- նշեց երկրորդ նախագահը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել այստեղ։