կարևոր
358 դիտում, 4 ժամ առաջ - 2025-05-19 13:52
Հասարակություն

Ստամբուլում հիմնվել է Յոզղատի հայերի միությունը (Yozgat HayDer)

Ստամբուլում հիմնվել է Յոզղատի հայերի միությունը (Yozgat HayDer)

Յոզղատի Բուրունքըշլա գյուղի հայերը հանդիպում են կազմակերպել Ստամբուլի Սամաթիա թաղամասում, որի շրջանակներում հայտարարել են Յոզղատի հայերի միության (Yozgat HayDer) ստեղծման մասին։

Այդ մասին հայտնում է www.akunq.net –ը՝ վկայակոչելով Կ․Պոլսո «Ակօս» հայկական շաբաթաթերթում հրապարակված լուրը։

Աղբյուրի համաձայն՝ մայիսի 11-ին Սամաթիայի Սուրբ Գևորգ եկեղեցում կատարված պատարագից հետո եկեղեցու սրահում հյուրասիրություն է կազմակերպվել, որին մասնակցել են նաև Կ․Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը, հոգևորական Գասպար Կարապետյանը, Համայնքային հիմնադրամների նախկին ներկայացուցիչ, դոկտոր, պրոֆ․ Թորոս Ալջանը և ուրիշներ։

Միջոցառման ժամանակ հյուրասիրվել են Յոզղատի խոհանոցին պատկանող կերակրատեսակներ, և հայտարարվել է Յոզղատի հայության միության հիմնադրման մասին։ Միության ղեկավար կազմն ու անդամները միասնության և համերաշխության ուղերձներ են հղել։

Միության ղեկավար է դարձել Հովսեփ Արզումանը, իսկ անդամներ՝ Եսայի Դեմիրը, Թորոս Ալջանը, Նազարեթ Բինաթլըն, Նազարեթ Օզսահակյանը, Լիանա Բենլին, Հակոբ Թորոսօղլուն, Տիգրան Ալթունը, Սերդար Քասափչըլարը, ինչպես նաև՝ մի շարք երիտասարդներ։

Միջոցառման ընթացքում ելույթներ են ունեցել Նազար Բինաթլըն, Եսայի Դեմիրը, Թորոս Ալջանը, Վարդուհի Արզումանը, իսկ Բարոն Նալբանդը հայերեն բանաստեղծություն է արտասանել։

Հյուրասիրության ժամանակ միության անդամները կիսվել են իրենց ծննդավայրի մասին հիշողություններով, իսկ փակման խոսքն ասել է պատրիարք Սահակ Մաշալյանը, ով իր ելույթում մասնավորապես նշել է․ «Լավությունը 2 տեսակ է լինում․ անհատապես լավություն անելիս մեկ հոգու ես օգնում, իսկ միության շրջանակներում՝ 1000 հոգու»։ 

https://www.agos.com.tr/tr/yazi/32623/yozgat-hayder-kuruldu

Թարգմանեց Մելինե Անումյանը

www.akunq.net