Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռագըփ Զարաքօլու
Ճշմարտությունը չես թաքցնի, եթե անգամ քեզ հաջողվի 100 տարի մոռացության մատնել նրան։ Պանդորայի արկղը անպայման կբացվի։
Դենիզ Փորյազի համար Սերգելսթորգ հրապարակում հավաք է կազմակերպվել, որին մասնակցում էին Թուրքիայի քաղաքացիները։ Թուրքիայում կատարվող բռնությունների պատճառով այստեղի բնակիչները կրկին շոկի ենթարկվեցին, ինչպես նաև՝ ամբողջ Եվրոպայում։ Հոգեցնցումները հետ վերադարձան։ Եթե նրանց նպատակը դա էր, ապա դա հաջողվել է նրանց։
1915 թ․ և հետագայի վերաբերյալ պաշտպանության նախարարներից մեկի խոստովանության նման հայտարարությունը, թե «Եթե դրանք չլինեին, ազգային պետություն չէր լինի», իրականում մատնանշում է դեպքերի էությունը։
Պետական միտքը որոշել էր ազգ ձևավորել, ինչ գնով էլ լիներ։ Արվել է այն, ինչ անհրաժեշտ էր դրա համար, և դա միայն պետական միտքը չի արել։ Առանց հասարակության կամավոր մասնակցության՝ դրա իրականացումն անհնար կլիներ։
1915 թ․ աղետի ժամանակ (Հայոց ցեղասպանություն-Ակունք խմբ․), Իզմիրը և Ստամբուլը, բացի տեղի մտավորականներից և առաջնորդներից, ամենաքիչ գին վճարած քաղաքներն էին։ Իզմիրը այդ գինը վճարելու էր 1922 թ․, իսկ Ստամբուլը՝1956 թ․ պոգրոմների ժամանակ։
Ինդրուստրացման հետ մեկտեղ Ստամբուլի արվարձանները լցվեցին գյուղական բնակչությամբ։
Ցեղասպանության հետ առերեսվելու, ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու անհրաժեշտության ամենակարևոր պատճառը պատմության կրկնությունը կանխելն է։ Ցեղասպան մշակույթը 1922 թ․ Իզմիրը կրակի մատնեց, իսկ 1956 թ․ Ստամբուլը նույնպես կրակի մեջ էր։
1914 թ․ Էգեյանի շրջանում բնակվող հույներին բռնի աքսորի ենթարկելու ժամանակ այդ գործում երիտասարդ դերակատարներից մեկը՝ Ջելալ Բայարն անգամ ավիրվող Բերա/Բելօղլուին նայելիս խոստովանել է, որ այդ չափ մեծ ավերի չէր սպասում։
Գյուղական մշակույթը, որտեղ գլուխ էին գովում, թե յուրաքանչյուրը քանի գյավուրի/անհավատի է սպանել, պաշարել էր Ստամբուլը։
Նույնիսկ հիմա շաբաթ և կիրակի օրերին Կղզիները ենթարկվում են բնակչության ներխուժումներին, նույնիսկ երբեմն տների դռները անսպասելի զանգում են։ Կամ էլ օրհասական օրերին Ժողովրդադեմոկրատական կուսակցության կենտրոններում գտնվողները, զինված քաղաքացու կամ քաղաքացիների կողմից հարձակման ենթարկվելուց հետո, կարող է սպանվեն, ինչպես եղավ նախորդ օրը։
Ահա Ռայմոնդ Գևորգյանի խմբագրությամբ Ստեփան Աստուրյանի հեղինակությամբ վերջերս հրատարակված «Կոլեկտիվ և պետության կողմից իրականացվող բռնությունը Թուրքիայում» (Բերգհամ բուքս, Նյու Յորք, 2021) գրքում հենց այդ դեպքերն են մանրամասնորեն ուսումնասիրվում, իսկ «Թուրքիայում կոլեկտիվ և պետության կողմից իրականավող բռնությունը» ենթավերնագրում էլ խնդրահարույց ամենահիմնական կողմն է մատնանշվում՝ «Ազգային ինքնության ձևավորումը Կայսրությունից մինչև ազգային պետություն»։
Այս գրքում թեմայի վարպետներ հարգարժան անձանց կողքին Թուրքիայի երիտասարդ գիտնականների և հետազոտողների տեսնելն ապագայի հանդեպ հույս է ներշնչում։
Ճշմարտությունը հնարավոր չէ թաքցնել, եթե անգամ հաջողվել է 100 տարի մոռացության մատնել այն։ Պանդորայի արկղն անպայման կբացվի։
Գրքի մեջ ինձ դուր է գալիս այն, որ այս համատեքստում տեղ է հատկացվում նաև հասարակության և պետության կողմից բռնության ենթարկված մյուս ազգերի ներկայացուցիչներին։
Ստեփան Աստուրյանի հետ ծանոթացել եմ Սթենֆորդի համալսարանում կազմակերպված գիտաժողովի ժամանակ, 2006 թ․։ Նա էր այդ գիտաժողովի կազմակերպիչը։ Ստեփան Աստուրյանը ծնվել է Չադում։ Ի՞նչ գործ ունի հայը Աֆրիկայի կենտրոնում, 1915 թ․ վայրագությունն էր դրա պատճառը։ Եթովպիայի առաջին ազգային օրհներգը գրած մարդը և նրա զարմիկը հայ էին։ Ի՞նչ գործ ունեին նրանք Եթովպիայում։
Ռայմոնդ Գևորգյանը տարիներ շարունակ իր առաքելությունը շարունակել է Նուբար փաշայի անվան գրադարանում, որի ղեկավարը տարիներ շարունակ եղել է Մեսքենեի ճամբարից փրկված մտավորական, Ցեղասպանության վերաբերյալ առաջինը փաստեր և ականատեսների վկայություններ հավաքած Արամ Անտոնյանը։ Նա ուսումնասիրում էր 1916 թ․ Սիրիայի անապատներում կատարված Ցեղասպանության երկրորդ փուլը։ Նրա ամենակարևոր գործը այդ տեղեկությունների հիման վրա գրված «Հայոց ցեղասպանություն» («Իլեթիշիմ հրատարակչություն», 2015)* գիրքն է։
Գրքի նախաբանը գրվել է Զորյան Ինստիտուտի, Գևորգյանի կողմից, հավաքական վերջաբանն էլ գրել է Աստուրյանը։ Առաջին բաժինը Օսմանյան կայսրության հետ առնչվող դեպքերի ուսումնասիրություններին է հատկացված։ Այդ բաժնում ներառված են Աստուրյանի՝ «Աբդուլ Համիդը և հայերի կոտորածները», Դավիթ Գաունթի «Ասորիների երկարատև ցեղասպանությունը», Այշենուր Քորքմազի «Համիդիյեի կողմից իրագործված սպանդը/ գենդերային բռնություն, կենսատեխնիկական և ազգային պատիվ», Գևորգյանի՝ «Օսմանյան կայսրության տարածքում ապրող հայերի համահարթեցման գործում կոլեկտիվ պատասխանատվության շուրջ», դարձյալ նրա գրչին պատկանող՝ «Վերջին փուլ․ մազապուրծ եղած հայերի և հույների զտումները 1919-1922» և Գևորգ Ն․ Շիրինյանի «Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում հույների դեմ կատարված կոլեկտիվ բռնությունը, 1821-1923» վերնագրով հոդվածները։
Երկրորդ գլխի վերնագիրն է՝ «Հանրապետական Թուրքիայում տեղի ունեցած դեպքերի ուսումնասիրություններ»։ Այդ բաժնում զետեղված են Ռըֆաթ Ն․ Բալիի՝ «Թրակիայում հրեաների դեմ դիտավորյալ իրականացված պոգրոմը, հունիս-հուլիս 1934», Թալին Սուջյանի՝ «Թուրքիայում մնացած հայերի պատմությունը․ մազապուրծ լինելը և ժխտումը», Դիլեք Գյուվենի՝ «1955 թ․ սեպտեմբերի 6-7 դեպքերը․ հույները, հայերն ու հրեաները Թուրքիայի Հանրապետության ռազմավարության տեսանկյունից», Մեսութ Յեղենի՝ «Քրդստանում պետության կողմից իրականացված բռնությունը», Մարկուս Դրեսլերի՝ «Ժամանակակից Թուրքիայում ալևիների դեմ իրականացված ֆիզիկական և իմացական բռնությունը», Անիկա Թյորնեի՝ «Դերսիմի մասին հիշողություններում Հայոց ցեղասպանության ժխտման արձանագրումը», Քարոլին Շնայդերի «Եզդիներ․ դժվար ժամանակներում դիմակայելու ուժը» վերնագրով հոդվածները։ Երրոդ գլխում թեմային վերաբերող էսսեներն են, ինչպես օրինակ՝ Ուղուր Դերինի՝ «Այս բանն ո՞վ արեց մեզ հետ», «Թշնամիներին անիծելը որպես Թուրքիայում ավտորիտար քաղաքական մշակույթի մի մաս», Էթիեն Կոպուի՝ « Ազգայնականությունն ու պատմությունը, բռնության դիմակները», Հանս-Լուկաս Կայզերի՝ «19-րդ դարից մինչ օրս իրականացվող սոցիալական բռնությունը», Համիթ Բոզարսլանի՝ «Հանրապետական Թուրքիայում իշխանության, ուժի և բռնության կառուցվածքները» էսսեները։
Ստեփան Հ․ Աստուրյանի հեղինակած նախաբանի վերնագիրն է՝ « Օսմանյան կայսրությունում և Թուրքիայում բռնության ձևերը, օրինականացումն ու ժառանգությունը»։
Սա մի գիրք է, որն անհրաժեշտ է հենց այս ժամանակաշրջանում թարգմանել և տարածել։
Շնորհակալություն եմ հայտնում Դավիթ Գաութին այս գիրքն ինձ անմիջապես ուղարկելու համար։
(*) Գևորգյանի՝ թուրքերենով ավելի վաղ հրատարակված գրքերն են՝ «Հայերը Օսմանյան կայսրությունում մինչև 1915 թ․» («Արաս» հրատարակչություն,2013), [քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ, շրջան առ շրջան Անատոլիայում (Արևմտյան Հայաստան- Ակունք խմբ․), հայերին ներկայացնող նկարներով հարուստ այս գիրքը միշտ դրված էր Հրանտ Դինքի մահճակալի կողքին], «Ցեղասպանության երկրորդ փուլը․ Օսմանյան կայսրության տարածքում ապրող հայերի բնաջնջումը Սիրիայի և Միջագետքի համակենտրոնացման ճամբարներում/ 1915-16 թթ․» («Բելգե» հրատարակչություն, 2011)։
https://artigercek.com/yazarlar/ragipzarakolu/deniz-poyraz-in-anisina
Թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net