կարևոր
4117 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-27 18:03
Հասարակություն

Անկարայի «Մտքի ազատության նախաձեռնություն» կազմակերպությունը պանելային քննարկում է կազմակերպել Դինքի հիշատակին

Անկարայի «Մտքի ազատության նախաձեռնություն» կազմակերպությունը պանելային քննարկում է կազմակերպել Դինքի հիշատակին

Անկարայում գործող «Մտքի ազատության նախաձեռնություն» կազմակերպությունը 2023 թ․ հունվարի 19-ին պանելային քննարկում է կազմակերպել 2007 թ․ սպանված հայ լրագրող և «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակին։

Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով «Ակօս» շաբաթերթի կայքէջում հրապարակված տեղեկությունները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ քննարկման շրջանակներում ելույթներ են ունեցել թուրք գիտնական՝ դոկտոր Ֆիքրեթ Բաշքայան, պոլսահայ լեզվաբան Սևան Նշանյանը, «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը, հայ ուսումնասիրող Հովսեփ Հայրենին, մարդու իրավունքների պաշտպան Մահմուդ Քոնուքը և «Ակօս»-ի նախկին աշխատակիցներից Հրանտ Գասպարյանը։

Պանելային քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել Հրանտ Դինքի սպանությանը նախորդած և հաջորդած գործընթացներին։ «Հրանտ Դինքի սպանությունը վերջին զարգացումների լույսի տակ» խորագրով քննարկման շրջանակներում բանախոսները վերլուծել են Դինքի սպանության գործած ազդեցությունը թուրք հասարակության վրա, պատմական ենթատեքստն ու ներկայիս Թուրքիայի պայմաններին։

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքն սպանվել էր 2007 թ․ հունվարի 19-ին, ցերեկային ժամի, «Ակօս» շաբաթաթերթի խմբագրատան առջև։ Թեև Դինքն սպանվել է 2007 թ․, սակայն հենց 2005-ից ավելի մեծ մասշտաբով սկսվեցին այն դատական և հասարակական հետապնդումները, որոնք ի վերջո հանգեցրին նրա սպանությանը… Սպառնալիքներ պարունակող բազմաթիվ նամակներ, Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով մի շարք դատական գործեր…

Նա հատկապես թիրախ դարձավ այն բանից հետո, երբ համարձակվեց «Ակօսում» հրապարակել Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի որդեգիր դստեր` Սաբիհա Գյոքչենի հայկական ծագումը փաստող հրապարակումներ` շեշտելով նաև, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադրի հոգեդուստրն իրականում Հայոց ցեղասպանության ժամանակ որբացած հայուհի է:

Այն տարիներին իրապես մեծ խիզախություն էր պահանջվում նման բան ասելու համար, քանի որ Սաբիհա Գյոքչենը, որի անվամբ է, ի դեպ, կոչվում Ստամբուլի օդանավակայաններից մեկը, առաջին կին ռազմական օդաչուն էր ողջ աշխարհում, և առաջին կին օդաչուն` Թուրքիայում: Նա թուրք աշխարհիկ կնոջ խորհրդանիշն էր այս երկրում, այսինքն` Մուստաֆա Քեմալի գաղափարախոսության հիմնաքարերից մեկը եղող լաիցիզմի` աշխարհիկության մարմնացումը… Եվ Դինքն այդպիսով համարձակվում էր ոչ միայն հիշատակել Հայոց ցեղասպանության մասին, այլ նաև` քանդել այն արհեստական գաղափարախոսության հիմքերից մեկը, որով 80 տարի շարունակ խաբել էին թուրք ժողովրդին…

https://www.agos.com.tr/tr/yazi/28082/ankara-dusunceye-ozgurluk-girisiminden-hrant-dink-i-anma-paneli

Մելինե Անումյան

Akunq.net