կարևոր
3793 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-24 19:48
Հասարակություն

Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլի 24-ին Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրի տարածքում կանգնեցված Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշակոթողի դիմաց տեղի է ունեցել ծաղիկների խոնարհման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունից:

Արարողությանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ՀԱԵ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, դեսպանության դիվանագետներն ու աշխատակիցները, ՌԴ-ում ՀՀ տարբեր գերատեսչությունների լիազոր ներկայացուցիչները, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներն ու բազմաթիվ մոսկվաբնակ հայեր։

Արարողությանը նախորդել է Մոսկվայի ՀԱԵ Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում մատուցված պատարագը, որի ավարտին կատարվել է Բարեխոսական կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասցած նահատակների։

Նշենք, որ արարողության ավարտին դեսպան Վ․Հարությունյանն Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ուղեկցությամբ այցելել է թեմին կից գործող «Տապան» թանգարան, որտեղ բացվել է ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախորդ դարասկզբին լույս տեսած համաշխարհային մամուլի անդրադարձերին։