Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռագըփ Զարաքոլու
Շնորհավորում եմ «Interkulturelle Denkfabrik»-ին, և Բողազիչիի արվեստի գործիչների միությանը՝ նախորդ շաբաթ Համբուրգում Զապել Եսայանի օրերը կազմակերպելու և «Զապել» ներկայացման համար:
Զապել Եսայանը 1915 թ․ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության սկզբին, հայ գրողների, լրագրողների և մտավորականների զանգվածային կալանավորումից ոչ միայն իրեն փրկեց, այլ նաև բազմաթիվ մարդկանց օգնեց փախչել Բուլղարիա։
Զապել Եսայանը ոչ միայն հայ լուսավորության, այլ նաև 1908 թ․ սահմանադրական հեղափոխության բերած դեմոկրատացման գործընթացի մի մասնիկն էր։
Նա նաև կնոջ ինքնության քարոզչության առաջամարտիկներից էր: Նաև կապեր ուներ օսմանյան ֆեմինիստական շարժման հետ։
1990-ականների սկզբից ի վեր Հայոց ցեղասպանության պատմության քողարկված էջերի բացումը, հայ գրականության, մշակույթի, արվեստի և երաժշտության հիշատակումը բացահայտումների հետաքրքիր գործընթաց էր:
«Բելգե» հրատարակչության հիմնադիր Այշե Նուր Զարաքոլուն, որպես դոկտ. Իսմայիլ Բեշիքչիի «Միջպետական գաղութ Քրդստանը» գրքի հրատարակիչ, Պետական անվտանգության դատարանում իր պաշտպանական ճառում նշելով, թե «Ցեղասպանություն բառը չօգտագործելը, ցեղասպանություն կատարելը հանցագործություն է, և դա հանցագործություն է մարդկայնության դեմ», այդ հարցը բերեց օրակարգ։ 1993 թ․ հրատարակվեց Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին Իվ Տերնոնի գիրքը, որն առանց գրաքննության կամ ինքնագրաքննության, ուղղակիորեն շոշափում էր թեման։ Նույն տարի Թաներ Աքչամն օրակարգ բերեց «Հայկական հարցը»։
Ցեղասպանությունից զատ՝ հայկականությունը ևս տաբու էր։ 80-ի հեղաշրջումից հետո հանրագիտարաններից հանվեցին անգամ պատմական Հայաստանի էջերը։
Ցեղասպանության մեր ծրագրի համատեքստում ցանկացանք վեր հանել Զապել Եսայանի՝ 1909 թ․ Ադանայի ջարդերի մասին «Ավերակներուն մեջ» գիրքը։ Զապել Եսայանը ջարդերի հետևանքների ականատեսն է եղել։ Գրքի հայերենից թուրքերեն թարգմանությունը խնդրեցինք «Ակօս»-ի հայերեն էջերի խմբագիր, չափազանց զգայուն մի անձնավորությունից՝ հարգելի վարպետ Գոբելյանից։ Սակայն 4 գլուխներից հետո թարգմանությունը դադարեց։ Գոբելյանն ասաց, որ չի կարողանում շարունակել. այն հատվածից, որն անդրադառնում է մահացած երեխայի վրա իջած ճանճին, Գոբելյանն այլեւս չկարողացավ շարունակել։ Գրքի թարգմանությունը մեզ փոխանցելու համար երախտապարտ ենք «Արաքս» հրատարակչությանը։
Երբ չկարողացանք ստեղծել «Ավերակներուն մեջ» գիրքը, որոշեցինք տպագրել «Սիլիհտարի պարտեզները» վերնագրով ընտրանին։ Այստեղ օգտագործել ենք նաեւ Գոբելյանի թարգմանությունները։
Ժուլիդե Դեյիրմենչիլերը գիրքը թարգմանեց թուրքերեն։ Այդ ընթացքում թարգմանվեց նաեւ Վարդգես Եղիայանի կազմած «Մալթայի փաստաթղթերը», և Աթիլա Տույգանի հետ միասին՝ Թոյնբիի «Կապույտ գիրքը»։
«Սիլիհտարի պարտեզները» Եսայանի՝ Սկյուտարում անցած մանկության հուշերի վերնագիրն էր։
2000-ականների սկզբին «Հայկական հարցը» սկսեց գրավել պաշտոնական պատմությունից անկախ գործող հետազոտողների ուշադրությունը։
Այդ ժամանակ նրանցից մեկը Էլիֆ Շաֆաքն էր, ով ԱՄՆ-ում ինչ-որ տեղ մագիստրոսական հետազոտություն էր սկսել։ Մագիստրոսականի թեման Զապել Եսայանի մասին էր։ Ուզում էի Էլիֆ Շաֆաքի աշխատանքը որպես «Սիլիհտարի պարտեզների» նախաբան օգտագործել։
2006 թվականը կրիտիկական տարի էր։ Հայոց ցեղասպանությունը դարձել էր ազգային անվտանգության խնդիր։ Ազգայնականները բողոքի ակցիա էին սկսել «Ակօսի» դիմաց։
Հրանտը դատապարտվել է թրքությանը վիրավորելու համար։ Նրան համերաշխություն ցույց տվողներին էլ դատի են տվել։
Լրիվ ահաբեկչական արշավ էր իրականացվում։
Այն ժամանակ Էլիֆ Շաֆաքը, Օրհան Փամուքը և Թաներ Աքչամը ևս թիրախ էին դարձել։ Նրանց դեմ արշավներ կազմակերպվեցին։ Լրիվ ահաբեկչական արշավ։
Իսկ 2007 թ․ հունվարի 19-ին Հրանտ Դինքը գնդակահարվեց «Ակօսի» շենքի դիմաց։
Էլիֆ Շաֆաքը, Օրհան Փամուքը, Թաներ Աքչամը ԱՄՆ-ում պաշտպանության տակ են վերցված։
Երբ Թաներ Աքչամը դասախոսություն էր կարդում Յեյլի համալսարանում, համալսարանի դիմաց մի սևամորթ կին ոստիկան էր սպասում։ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի առջև Թաներ Աքչամի դեմ բողոքի ցույց էին անում ոչ թե իսլամիստ կամ ազգայնական, այլ՝ «ժամանակակից» թուրքերը։
«Amerikan PEN»-ը մի երեկո Էլիֆ Շաֆաքին հրավիրեց ընթրիքի։ Այս սպառնալիքների ֆոնին Էլիֆ Շաֆաքը նոր էր ծննդաբերել։ Երբ մտա տիկնոջ՝ Նյու Յորքի 5-րդ պողոտայի բնակարանը և վերելակով գնացի նրա հարկ, միջանցքում երկու ոստիկան էին սպասում։ Իրենց մոտ եղած ցուցակում ստուգեցին, հրավիրվա՞ծ եմ։ Տանտիրուհին ժամանակին Ջելալ Բայարի որդու՝ Թուրգութի ընկերն էր։
Էլիֆ Շաֆաքը չեղարկել էր Ամերիկայի տարբեր շրջաններում իր նոր գրքի համար կազմակերպված հանդիպումները։
Հրանտ Դինքը դարձավ պետության «հանդուրժողական ահաբեկչական արշավի» զոհը։
Էլիֆ Շաֆաքը և Օրհան Փամուքը ողջ մնացին, բայց՝ ահաբեկված։
Ընդամենը հայերի մասին մի քանի խոսքի պատճառով։
Այս խոսքերն այսօր Թուրքիայում ասելը խնդիր չէ, այդ թվում՝ պետության ղեկավարի կողմից։
Զապել Եսայանը ոչ միայն հայ լուսավորության, այլեւ օսմանյան ժողովրդավարացման գործընթացի մի մասնիկն էր։
Զապել Եսայանը համալսարանավարտ առաջին հայուհին էր (Սորբոն / Փարիզ)։
Թեև իրեն ֆեմինիստ չէր համարում, նա դարձավ հայկական ֆեմինիզմի առաջամարտիկներից մեկը։ Նա կապեր ուներ օսմանցի կանանց հետ։ Օսմանյան կանանց համերաշխության միություն ստեղծելու առաջարկով գնաց արքայազն Սաբահաթթինի մոտ։
Սկյուտարի Հայ կանանց միության նախագահն էր։
Նա ոգեւորությամբ ողջունեց 1908 թ․ սահմանադրական հեղափոխությունը։ 1909-ի Ադանայի ջարդը մեծ հիասթափություն էր նրա համար։ «Ավերակներուն մեջը» ոչ միայն գրական տեքստ էր, այլև մարդու իրավունքների զեկույց։
Զապել Եսայանին հաջողվեց փրկվել 1915 թ․ Մեծ եղեռնից։ Նա ապրիլքսանչորսյան ցուցակում միակ կինն էր։ Նրան հաջողվեց Բուլղարիա փախչել։ Նա նաև օգնել է բազմաթիվ մարդկանց փախչել։ Հաղորդել է տեղի ունեցածների մասին։
Նաև Ռոզա Լյուքսեմբուրգի և Կարլ Լիբկնեխտի նման հակապատերազմական ակտիվիստ էր: 1920-22-ին աշխատել է հայ որբերի փրկության և հավաքման համար։ Այս շրջանը գիրք է դարձրել՝ «Հոգիս աքսորյալ» վերնագրով։
1933 թ․ լքել է Փարիզը և որդու՝ Հրանտի և դստեր՝ Սոֆիի հետ մեկնել է Հայաստան։ Քարոզել է, որ Ցեղասպանությունը վերապրածները հաստատվեն Հայաստանում, իր բնութագրմամբ՝ նրանց միակ հայրենիքում:
Նրանց, ովքեր հարցնում էին, թե կարո՞ղ է լույսերի քաղաք Փարիզից գնալ մութ Երևան, նա պատասխանում էր. «Ինձ համար այս հակադրությունն անիմաստ է, ես ակտիվ դերակատարություն կունենամ մեր երկրի ապագայի կերտման գործում»։
Հավատում էր սոցիալիզմին։
Զապել Եսայանը փրկվեց Թաելաթ փաշայի՝ հայ մտավորականների հանդեպ իրագործած «աքսորից ու բնաջնջումից», բայց 1943-ին դարձավ «Մեծ զտման»՝ մեկ այլ կոտորածի նահատակը։ Ինչպես Հայաստանի մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը և մի քանի այլ բանաստեղծներ ու գրողներ։ Հարգանքով եմ հիշում նաև Անդրկովկասի կոմունիստական համալսարանի ռեկտոր Ներսիկ Ստեփանյանին, Ակսել Բակունցին, հնագետ Աշխարբեկ Քալանթարին և խարբերդցի Վահան Թոթովենցին։
Գուրգեն Մահարին վերապրեց այս շրջանը և իր վկայությունները փոխանցեց մեզ։
Զապել Եսայանին մեղադրել են «կարոտի և ազգայնականության զգացում առաջացնելու» մեջ՝ «Ամեն անգամ, երբ կյանքիս հորիզոնում մութ ամպ էր հայտնվում» արտահայտության համար, որ նա օգտագործել էր «Սիլիհտարի պարտեզներում»։
Զապել Եսայանը լռեց 1937-ին, Իսահակ Բաբելի պես։ Բողոքի լռություն։
Այն ճամբարում, որտեղ նա մնացել է Սիբիրում, չեն թույլատրել ոչ թուղթ, ոչ գրիչ ունենալ։
Մահապատժի են ենթարկել 1943 թվին։
Աքսորում գտնվող գերմանացի գրող Բրեմենցի Ֆոգելերի նման։
https://artigercek.com/makale/metz-yegern-ve-bolsoya-citska-martirleri-anisina-230288
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net