կարևոր
8332 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-28 13:36
Հասարակություն

Քարակերտն այն բնակավայրերից է, որն իր որդիներին ուղորդել է դեպի պայքար․ հարգանքի տուրք՝ դաշնակցական ազատամարտիկ Թելման Մանուկյանի հիշատակին

Մարտի 26-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ, դաշնակցական գործիչներ և քարակերտցիներ այցելել էին դաշնակցական ազատամարտիկ Թելման Մանուկյանի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելու։

«Ազգային հերոս Գարեգին Նժդեհը ասել է` «Մարդկանց գործերի մեջ ամենասրբազանը` հայրենիքի պաշտպանությունն է»։ Կատարելով այդ պատգամը, մեր հազարավոր հայորդիներ, ֆիդայիններ առաջին Արցախյան պատերազմի ժամանակ մեկնել են ռազմաճակատ։ Այդ գործընթացներին անմասն չեն մնացել նաև քարակերտցիները։ Առաջիններից մեկը եղել է Թելման Մանուկյանը․ երիտասարդ դաշնակցականը գնաց և կռվեց մինչև 1994 թ․-ը։ 1994թ․-ին ստանալով ծանր վիրավորում տեղափոխել են Երևան, բայց ցավոք սրտի բժիշկները չեն կարողացել փրկել Թելման Մանուկյանի կյանքը։ Այդ հաղթանակները, որ կերտել են մեր ֆիդայինները շատ ծանր գին ունեին և Քարակերտցիները գիտեին այդ ծանր գինը, որովհետև տարածաշրջանում ամենաշատ զոհերը տվել է հենց Քարակերտ գյուղը՝  8-ը զոհվել են, 1-ը՝ անհայտ կորել։ 44-օրյա պատերազմի ժամանակ Քարակերտը ևս մեկ զոհ է ունեցել, կան երիտասարդներ անհայտ կորածների ցուցակում», - նշեց ներկաներից մեկը:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց, որ հարգանքի տուրք մատուցելով Թելման Մանուկյանի հիշատակին, հարգանքի տուրք են մատուցում բոլոր պատերազմների, բոլոր մարտական գործողությունների նվիրյալներին.

«Հարգանքի տուրք մատուցելով յուրաքանչյուր անհատ նվիրյալի մենք մտովի տեղափոխվում ենք այն մարտական գործողությունների, պայքարի հորձանուտը, որը հայ ժողովրդի ամբողջ պատմության ընթացքում ուղղորդել է մեզ ։ Բոլոր ժամանակներում էլ մեր նվիրյալների հերոսությունների շնորհիվ է, որ մենք կարողացել ենք հասնել հաջողությունների։ Հայ ժողովրդի պատմությունը առանձնահատուկ է պայքարով, ըմբոստությամբ և պատերազմական գործողությունների ժամանակ ոտքի կանգնելու և մեր հայրենիքը պաշտպանելու գործում»։

Նրա խոսքով՝ Թլեման Մանուկյանի ծառայության ընթացքում մեր ժողովուրդը հաղթանակներ է կրել և այդ հաղթանակները ոգի են տվել հետագայում պայքարելու և պետությունը կերտելու հարցում․

«Մեր ծնողները մեզ տվել են հաղթանակի տոն, մենք դարձրել ենք եռատոն, դա եռապատկել ենք, բայց ցավոք սրտի այսօր մենք շատ դժվար իրավիճակում ենք ապրում և այսօրվա իրողությունը ևս մեկ անգամ հուշում է, որ պետք է վառ պահենք մեր բոլոր հերոսների հիշատակը։ Մեր բոլոր զոհված հերոսները մեզ զրկել են սխալվելու իրավունքից»,- ասաց նա։

Պատգամավորը հիշեցրեց, որ Քարակերտը այն բնակավայրերից է, որը իր որդիներին ուղորդել է դեպի պայքար, ուղարկել է հայրենիքը պաշտպանելու և նշեց, որ առաջին հերթին պետք է խոնարհվենք այն մարդկանց առջև, ովքեր իրենց հերոս զավակներին են ուղարկել պայքարելու։